Հայաստանը զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցութիւնը ՀԱՊԿի ձեւաչափում եւ Ռուսաստանի հետ երկկողմ մակարդակում

By Asbarez | Tuesday, 21 March 2017

0316viken



<<ՌԱՇԱ ԹՈՒՏԷՅ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

 

Հայաստանը զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցութիւնը ՀԱՊԿում իր մասնակցութեան ձեւաչափում եւ Ռուսաստանի հետ երկկողմ մակարդակում: Այս մասին Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքին տուած հարցազրոյցում ասել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը՝ խօսելով յետ-խորհրդային տարածքում, ինչպէս նաեւ Իրանի հետ ռազմական ոլորտում համագործակցութեան, ինչպէս նաեւ ռազմական ուժերի վերազինման մասին:

 

<<ՌԱՇԱ ԹՈՒՏԷՅ>>-Ինչպիսի՞ն են նոր քաղաքական պայմաններում Հայաստանի եւ Իրանի պաշտպանական գերատեսչութիւնների յարաբերութիւնները:

ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ-Իրանը մեծ քաղաքակրթութիւն է, հազարամեակներ շարունակ մեր հարեւանն է եղել: Հայաստանի անկախութեան առաջին իսկ օրից Իրանը ցուցաբերեց շատ խոհեմ եւ հաւասարակշռուած դիրքորոշում Հարաւային Կովկասի տարածաշրջանի բոլոր հարցերի առնչութեամբ, այդ թւում նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Իրանը մշտապէս առաջարկելով իր ջանքերը կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղութեամբ՝ զբաղեցնում է շատ զսպուած եւ հաւասարակշռուած դիրքորոշում: Մենք աւանդաբար շատ լաւ յարաբերութիւններ ունենք ե՛ւ մշակութային փոխանակումների, ե՛ւ քաղաքական երկխօսութեան, ե՛ւ տնտեսական հարցերի ոլորտում: Բնականաբար, երկար տարիներ Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ էին գործում, եւ Հայաստանը պէտք է որոշակի սահմանափակումներ պահպանէր ռազմատեխնիկական համագործակցութեան զարգացման հարցում: Մենք շատ ուրախ ենք, որ կողմերի ջանքերով հնարաւոր է դարձել համաձայնութիւն ձեռք բերել Իրանի հարցով եւ յուսով ենք, որ այն լիարժէք կ՛իրագործուի: Մի քանի շաբաթ առաջ ես պաշտօնական այցով այցելեցի Իրան, մենք մի շարք շատ հետաքրքիր խորհրդակցութիւններ անցկացրեցինք Իրանում իմ գործընկերների հետ եւ փաստեցինք մեր տարածաշրջանի համար առանցքային հարցերի վերաբերեալ շատ դիրքորոշումների եւ շահերի համընկնումը: Իրանը ելնում է կայունութեան պահպանման, հակամարտութիւնների զարգացումը կանխելու անհրաժեշտութիւնից, եւ դա համընկնում է Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշման հետ: Մենք յուսով ենք, որ մեր պաշտպանական գերատեսչութիւնների միջեւ երկխօսութիւնը նոյնպէս կը հասնի այն մակարդակին, որի վրայ գտնւում է հայ-իրանական յարաբերութիւնների ողջ փաթեթը:

 

<<ՌԱՇԱ ԹՈՒՏԷՅ>>-Ինչպէ՞ս էք գնահատում ռազմատեխնիկական համագործակցութեան զարգացումը յետ-խորհրդային տարածքում:

ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ-Հայաստանը զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցութիւնը հիմնականում ՀԱՊԿում իր մասնակցութեան ձեւաչափում եւ Ռուսաստանի հետ երկկողմ մակարդակում: Որպէս ՀԱՊԿ անդամ եւ հաշուի առնելով Ռուսաստանի Դաշնութեան հետ մեր երկկողմանի համաձայնագրերը՝ մենք այսօր կարող ենք զէնք եւ տեխնիկա գնել անմիջականօրէն ռուս արտադրողների կողմից ներքին գներով, եւ դա անկասկած շատ կարեւոր բաղադրիչ է մեր ռազմատեխնիկական պոտենցեալի զարգացման մէջ: Մենք շատ ինտենսիւ երկխօսութիւն ենք վարում ռազմաարդիւնաբերական փոխգործակցութեան հնարաւոր ընդլայնման հարցի վերաբերեալ, եւ հէնց մի քանի շաբաթուանից Մոսկուայում անցկացուելու է ռազմաարդիւնաբերական ոլորտում մեր գործընկերութեան զարգացման հնարաւորութեան թեմայով համաժողով, եւ դա շատ կարեւոր ուղղութիւն է: Կարծում եմ՝ սկզբունքօրէն ԵԱՏՄի շրջանակներում նոյնպէս կը կարողանանք գտնել շատ լայն հնարաւորութիւններ բոլոր, այդ թւում՝ ռազմագիտական եւ ռազմաարդիւնաբերական ոլորտներում համագործակցութեան համար, որովհետեւ հէնց դա է ընկած Եւրասիական տնտեսական միութեան տրամաբանութեան հիմքում: Այդ առումով ես կարծում եմ՝ բացւում են բոլորովին նոր հնարաւորութիւններ:

 

<<ՌԱՇԱ ԹՈՒՏԷՅ>>-Ժամանակակից բանակներն այսօր մեծացնում են իրենց մարտական պոտենցեալը այսպէս կոչուած <<խելացի>> զէնքի հաշուին: Պատրա՞ստ է արդեօք Հայաստանը իր ռազմական ուժերի նման վերազինման, ո՞ւմ տեխնոլոգիաներն է երկիրը պատրաստւում ձեռք բերել եւ ունի՞ արդեօք Հայաստանը պոտենցեալ սեփական բարձրտեխնոլոգիական սպառազինութեան միջոցների ստեղծման համար:

ՎԻԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ-Ես կարծում եմ, որ դա ժամանակի անհերքելի աքսիոմն է: Երբ խելացի են դառնում անգամ սառնարանները, բնականաբար սպառազինութիւնները եւ ռազմական տեխնիկան չեն կարող չօգտուել այն առաւելութիւններից, որոնք բացում են բարձր տեխնոլոգիաները: Հոկտեմբերին մենք Հայաստանում անցկացրեցինք մեծ ցուցահանդէս՝ <<Արմհայթէք-2016>>, որտեղ ներկայացուած էին հայ արտադրողների եւ հետազօտական ինստիտուտների շատ ծրագրեր: Մենք շատ հետաքրքրուած ենք այդ տեխնոլոգիաների զարգացման հարցում եւ այդ ուղղութեամբ սերտօրէն համագործակցում ենք Ռուսաստանի հետ, շատ սերտօրէն համագործակցում ենք մի շարք այլ երկրների հետ եւ կարծում ենք, որ այդտեղ է ռազմատեխնիկական համալիրի ապագան:

 

 

comments

More headlines

Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի Կոչը

Հայկական Կարմիր Խաչ Կ՛ահազանգեց, Որ Ատրպէյճանի Կարմիր Մահիկը Կը Խախտէ Շարժման Սկզբունքները

Կոչ Աւստրալիահայ գաղութին՝ բոլորս Արցախի կողքին

Ահաւոր Արկած Երեւան-Գիւմրի Ճամբուն Վրայ. Զոհուած Է 11 Հոգի

Ազրպէյճանի Արտաքին Գործոց Նախարարութեան Համաձայն. 5 Օգոստոսին Եւլախի Մէջ Արցախի Ներկայացուցիչներու Հետ Հանդիպելու Համաձայնութիւն Եղած Է

Արցախի Նախագահը Հրատապ Ուղերձ Կը Յղէ Միջազգային Հանրութեան. «Անյապաղ Գործե՛լ Ու Կասեցնե՛լ Արցախի Ժողովուրդի Ցեղասպանութիւնը»

Արամ Ա. Կաթողիկոս Կը Շնորհաւորէ Դաւիթ Իշխանեանը` Արցախի Հանրապետութեան Խորհրդարանի Նախագահ Ընտրուելուն Առիթով

Էրտողան. «Զանգեզուրի Միջանցքի Անյապաղ Բացումը Կարեւոր Է Կարգաւորման Համար»

Ուաշինկթըն. «Խաղաղութիւնը Պէտք Է Ներառէ Լեռնային Ղարաբաղի Բնակչութեան Իրաւունքներու Եւ Անվտանգութեան Պաշտպանութիւնը. Կ՛ողջունենք Երկխօսութիւնը, Որ Կ՛առաջնորդուի Այս Նպատակով»

ՄԻԵԴ-ը Ազրպէյճանին Մինչեւ 8 Օգոստոս Ժամանակ Տրամադրած Է Վագիֆ Խաչատրեանի Վերաբերեալ Տեղեկութիւն Տրամադրելու Համար

Advertisement