Հայաստանի եւ Աւստրալիոյ միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակ

By armenia.com.au | Tuesday, 07 February 2017


Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետութեան և Աւստրալիայի Միութեան միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի կապակցութեամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական յարաբերութիւնների սկզբնաւորումից ի վեր մեր պետութիւններին յաջողուել է ձևաւորել վստահութեան և յարգանքի վրայ հիմնուած ամուր և անկեղծ գործընկերութիւն: Հայաստանի արտգործնախարարը վստահութիւն է յայտնում, որ առկայ է յարաբերութիւնները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխօսութեան ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը:

Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը և Աւստրալիան ունեցել են ջերմ և բարեկամական յարաբերութիւններ՝ հիմնուած մարդկային ամուր կապերի և միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան հարցերում միասնական շահերի վրայ: Աւստրալիայի արտգործնախարարը հաւելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար և բնապահպանական օրակարգ՝ և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում:

Երկու նախարարները գոհունակութեամբ են նշում միջազգային կազմակերպութիւններում հաստատուած սերտ փոխգործակցութիւնը:

Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Աւստրալիայի հայութեան դերը երկու պետութիւնների միջև յարաբերութիւնների զարգացման գործում:

Հայաստանի և Աւստրալիայի արտգործնախարարները վստահութիւն են յայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետութիւնների միջև բարեկամական յարաբերութիւններն առաւել կ'ընդլայնուեն և կը խորանան:

comments

Advertisement