Վերջ դնել Հայոց Ցեղասպանութեան բառախաղերին - Կոչ է արել Աւստրալիոյ պաշտպանութեան նախկին նախարարը

By Asbarez | Thursday, 10 November 2016

 

ԱՐՄԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

0000SYDNEY

Աւստրալիայի պաշտպանութեան նախկին նախարար Ջոել Ֆիցգիբոն Աւստրալիայի կառավարութեանը կոչ է արել վերջ դնել Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող <<բառախաղերին>>, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

Ֆիցգիբոն Ներկայացուցիչների պալատում ասել է, որ իրենք շատ ժամանակ են վատնում բառախաղերի վրայ՝ վիճաբանելով՝ արդեօք 1915 թուականին հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանութի՞ւն էր, թէ ոչ: Նա նշել է, որ դրա փոխարէն իրենք պէտք է ժամանակ տրամադրեն այն հարցի քննարկմանը, որ 1915-1923 թուականներին հարիւր հազարաւոր հայերի կեանքեր են ընդհատուել՝ իրենց պատկանելիութեան իսկ պատճառով:

Շարունակելով իր ելոյթը, Ֆիցգիբոն նաեւ նշել է. <<Հայերի Ցեղասպանութիւնը եւ եօթ տասնամեակ խորհրդային տիրապետութեան ներքոյ գտնուելու փաստը բաւարար կը լինէր կոտրելու ցանկացած ազգի կամ հասարակութեան ոգին, սակայն հայերը տոկուն են եւ դիմացկուն, նրանք նաեւ խելացի են եւ նախաձեռնող: Նրանք իրենց հայրենակցի հանդէպ մեծ նուիրուածութիւն են ցուցաբերում, ուստի այսօր ես յարգանքի տուրք եմ մատուցում նրանց եւ շնորհաւորում իրենց անկախութեան 25րդ տարեդարձը: Ես յարգում եմ նաեւ այն բոլոր հայերին, ովքեր բնակւում են Աւստրալիայում>>:

Նշենք նաեւ, որ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Վաչէ Ղահրամանեանը իր շնորհակալութիւն է յայտնել պարոն Ֆիցգիբոնին Դաշնային խորհրդարանում նրա ելոյթի համար եւ նշել, որ իրենք անհամբեր սպասում են նրա եւ նրա հայրենակից պատգամաւորների հետ աշխատելուն, եւ իրենք կ՛անեն ամէն բան, որպէսզի Աւստրալիայի կառավարութիւնը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

 

<<ԱՐՄՌԱԴԻՕ>>

 


comments

Advertisement