Գլենդելում Տեղի Ունեցաւ «Արցախ» Փողոցի Անուանակոչութեան Պաշտօնական Արարողութիւնը

By Asbarez | Wednesday, 03 October 2018

0000ARTSAKH1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Գլենդելի կենտրոնում գտնուող «Արցախ» պողոտայի անուանակոչման պաշտօնական արարողութիւնը տեղի ունեցաւ Հոկտեմբերի 2ին՝ քաղխոհրդի անդամների, Կալիֆորնիայի խորհրդարանի ներկայացուցիչների, քաղաքական-հասարակական գործիչների ու համայնքի անդամների մասնակցութեամբ: Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը պատմական համարեց օրը՝ նշելով, որ այսպիսով, քաղաքը ճանաչում է հայ համայնքի տասնեակ տարիների ներդրումը Գլենդելի կայացման ու զարգացման գործում:

«Գլենդելում հայ համայնքը սկսել է ձեւաւորուել նախորդ դարի 70 ականներից, երբ տարբեր երկրներից ժամանած հարիւր հազարաւոր հայերի համար քաղաքը դարձաւ տուն, որտեղ հայերը հիմնեցին տներ, աշխատանք ստեղծեցին, մեծացրեցին իրենց զաւակներին: Հայերն իրենց սիրտն ու հոգին են դրել՝ ակտիւօրէն մասնակցելով Գլենդելի զարգացմանը, եւ այսօր այս քաղաքը համարւում է ԱՄՆում հայերի կենտրոնը: Քաղխորհուրդը, չնայած տարբեր ճնշումներին, կարողացաւ հաստատել եւ վերջապէս ունենալ հայկական տեղանունով մի վայր՝ որ ներկայացնում է նաեւ հայոց պատմութիւնը, մշակոյթն ու ժառանգութիւնը եւ ճանաչում հայերի ներդրումն այս քաղաքում: Խորհրդանշական է, որ այդ փողոցը կրում է Արցախ անուանումը՝ Հայաստանի մի մասի, որ դարերի ընթացքում դիմակայել է տարբեր ցեղերի ու կայսրութիւնների յարձակումներին: Օրեր առաջ Արցախում էի, եւ կրկին հիացայ Արցախի ժողովրդի կամքով ու ձեռքբերումներով, որ հրադադարի անկայուն պայմաններում էլ շարունակում են ստեղծել ու ապրել խաղաղ ու ապահովով կեանքով՝ միաժամանակ հետամուտ լինելով ազատութեան եւ երջանիկ կեանքի նաեւ ամերիկեան սկզբունքներին: Նաեւ Սփիւռքի աջակցութեամբ, Արցախը յաղթանակած դուրս եկաւ Ադրբեջանի դէմ անհաւասար պայքարում՝ շահելով իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքը: Այսօր, Գլենդելում Արցախ անուանումով փողոցը նշանաւորում է նաեւ աշխարհի ազատատենչ մարդկանց, ու նաեւ՝ ազատութեան ու անկախութեան ամերիկեան հաւատը», ասաց Զարեհ Սինանեանը:

0000ARTSAKH

Սինանեանն այնուհետեւ խօսքը փոխանցեց Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյին, ով կարեւորեց հայկական անուանումով պողոտայի առկայութիւնը աշխարհի ամենահայաշատ քաղաքներից մէկում: «Նոր եմ վերադարձել Արցախ իմ երկրորդ ուղեւորութիւնից, եւ ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում Արցախն ու արցախցիներին՝ մարդիկ, ովքեր ապրելով հրադադարի խախտման ամէնօրեայ սպառնալիքի պայմաններում՝ խաղաղասէր են ու շատ հանգիստ: Արցախցիները պայքարել են իրենց հողի համար, եւ նրանց ոգին անկոտրուն է: Ուրախ եմ, որ Գլենդելն այսօր, ի դէմս Արցախի փողոցի, ճանաչում է այդ ոգին», յայտնեց Էնթընի Փորթանթինոն՝ աւելացնելով, որ քարեր է բերել Աղդամից, որոնք տեղադրեց Արցախի փողոցում:

Արցախի փողոցի պաշտօնական բացման արարողութեանը ներկայ էր նաեւ ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, որ ասաց. «Արցախում շատ ոգեւորուած էինք, որ Գլենդելում փողոց է անուանակոչւում մեր երիտասարդ հանրապետութեան պատուին: Սա վկայութիւնն էր, որ մեր համագործակցութիւնը Կալիֆորնիայի հետ շարունակւում է, հաշուի առնելով փաստը, որ նահանգը ճանաչել է Արցախի անկախութիւնը»: Ռոբերտ Աւետիսեանը նշեց, որ Արցախի պատմութիւնը նմանութիւն ունի ամերիկեանին՝ ազատութեան, յամառութեան, արժանապատուութեան, յարգանքի, ընկերասիրութեան ու հիւրասիրութեան առումով: Նա շնորհակալութիւն յայտնեց Գլենդելի իշխանութիւններին, եւ հրաւիրեց բոլորին Արցախ:

Ելոյթներով հանդէս եկան նաեւ Գլենդելի քաղխորհրդի անդամներ Արա Նաճարեանը, Փօլա Դիւայնը, Վրէժ Աղաջանեանը, Վարդան Կարապետեանը: Նրանք նեշցին, որ վաղուց էր հասունացել Գլենդելում հայկական անուանումով անկիւն ստեղծելու պահը՝ հաշուի առնելով հայ համայնքի զգալի ներդրումն ու մասնակցութիւնը քաղաքի զարգացման գործում:

Գլենդելի Վիլսոն եւ Հարվարդ փողոցների մէջտեղում ձգուող Մերիլենդ փողոցը Արցախ անուանակոչելու որոշումն ընդունուել է Գլենդելի քաղխորհրդի անդամների միաձայեան քուէարկութեամբ 2018թ.ի Մարտի 13ի նիստում:

comments

Advertisement