Սպահանի Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը ենթարկուել է յարձակման

By Asbarez | Wednesday, 27 September 2017

0926jugha

Ուրբաթ, թուականիս Սեպտեմբերի 22ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք Համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց թեմի պատուիրակութեան անդամները, այդ թւում Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերուայ ժամը 10ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտ անձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորում են նրան եւ դիմում փախուստի։ Մինչ այդ, յանցագործները փորձում են յարձակուել նաեւ առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք, որ նոյն ինքնաշարժով տեղափոխուելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. վրդ Քեչեջեանը, այդուհանդերձ հակառակ տարածուած լուրերի, հայր սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառուել:

Վարուժ Մինասեանը անմիջապէս տեղափոխուել է հիւանդանոց եւ կատարուել են առաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նա այսօր դուրս է գրուել հիւանդանոցից ու տեղափոխուել է իր բնակարան:

Կատարուած յանցագործութեան կապակցութեամբ յարուցուել է դատական գործ եւ դէպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննութիւն՝ պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարուել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարւում:

Թեմիս թեմակալ առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները, դատապարտելով այս եւ նմանօրինակ յանցագործ արարքները՝ յայտնում են, որ անհրաժեշտ է չտրուել որոշ լրատուամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին, եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցել հանրութեանը:

 

ԴԻՒԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

 

Ս. Ամենափրկիչ Վանք

Նոր Ջուղա- Սպահան

 

25 Սեպտեմբերի 2017թ.

 



comments