Կարս-Ախալքալաքը Կարող է Թուլացնել Հայաստանի Տնտեսական Շրջափակումը

By Asbarez | Tuesday, 31 October 2017

1028baku

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Հոկտեմբերի 30ին՝ հայկական Կարսի 1920ի անկման օրը, հանդիսաւոր պայմաններում կատարուելու է Կարս-Ախալքալաք-Թբիլիսիի դարի ամենաքաղաքականացուած երկաթուղագծի բացումը:

Այս երկաթուղու նոր կառուցուած հատուածն անցնում է Թուրքիայի ու Վրաստանի տարածքներով, իսկ այնտեղից էլ միանալով Ադրբեջանի երկաթուղային ցանցին, հնարաւորութիւն է ստեղծում ցամաքային ճանապարհով Եւրոպան կապել Կենտրոնական Ասիայի, անգամ Չինաստանի հետ:

Նման ձեռնարկը արտաքին ազդեցիկ խաղացողների աջակցութեանն արժանանալու պարագայում խոստանում է հիմնաւորապէս փոխել Եւրասիա մայրցամաքի երկաթուղային հաղորդակցութիւնների հորիզոնական երթուղիները, որոնք ռուսաց ցարերի ժամանակներից հիմնականում անցնում էին <<Տրանսսիբով>> եւ նրան հարաւից միացող գծերով: Նման յաւակնոտ քայլն արդէն մեծ հետաքրքրութիւն է առաջացրել մայրցամաքում՝ Չինաստանից մինչեւ Մեծ Բրիտանիա:

Բանն այն է, որ, դրան զուգահեռ, Թուրքիան նոյնպէս ընդլայնելու է Բոսֆորը հատող իր հաղորդակցութիւնները՝ փորձելով դառնալ Եւրասիայի հիմնական երկաթուղային հանգոյցը: Ստացւում է, որ մեր սահմանների հարեւանութեամբ՝ հայաբնակ Ջաւախքով անցնող երկաթուղագիծը կարող է <<իր վրայ ձգել>> մայրցամաքի բազմաթիւ երկաթուղային հանգոյցները՝ ապահովելով նաւային փոխադրումներից շատ աւելի էժան գներ:

Հասկանալի է, որ դրանից անխուսափելիօրէն էժանանալու են նաեւ տարածաշրջան տեղափոխուող հումքի տարբեր տեսակները՝ փայտը, քարածուխը եւ մեծ ծաւալների մէջ պարփակուող միւս էներգակիրները (ուժանիւթը տեղափոխող միջոցները-Խմբ.): Ուստի եթէ անգամ ինչ-որ հրաշքով հնարաւոր լինի փակել հայկական բեռների ուղղակի տեղափոխութիւնն այդ երկաթուղով, միեւնոյն է, Վրաստանում անխուսափելի դարձող էժանացումները ազդելու են նաեւ հայկական շուկայի վրայ:

Աւելին՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին ողջ թափով գործելու պարագայում զգալի պարապուրդի են մատնելու Վրաստանի երկու հիմնական նաւահանգիստները՝ Փոթին եւ Բաթումը, ուստի նրանք կենտրոնանալու են հիմնականում հայկական բեռների փոխադրութեան գործընթացի սպասարկման վրայ, ինչն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծելու նաեւ գնային քաղաքականութեան վերանայման համար:

Այս բոլոր դրական տեղաշարժերի անխուսափելիութիւնը բխում է տնտեսական օրինաչափութիւններից, որոնց հանդէպ անզօր են քաղաքական վարչակարգերն ու նրանց ղեկավարները, այդ թւում՝ Ադրբեջանի ժառանգական միապետն ու քարոզչութեան ասպարէզի նրա կամակատարները:

Վերջիններս անցած օրերի ընթացքում արդէն հեռակայ բանավէճ են սկսել իրենց վրացի գործընկերների հետ՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծով հայկական բեռների փոխադրութեան հնարաւորութեան շուրջ: Բանն այն է, որ քաղաքագէտնէր Գելա Վասաձէն ու Սօսօ Ցինցաձէն արդէն հանդէս են եկել հայկական լրատուամիջոցներում՝ հիմնաւորելով այն տեսակէտը, որ ապագայում Հայաստանը նոյնպէս կարող է օգտուել այդ երկաթուղով դէպի Եւրոպա բեռներ փոխադրելու հնարաւորութիւնից:

Անշուշտ նրանք դեռեւս չեն բացել <<ապագայ>> բառի ժամանակային սահմանները, բայց անգամ դրանից յետոյ էլ <<խիստ յանդիմանութեան>> են արժանացել իրենց ադրբեջանցի գործընկերների կողմից: Հիմնաւորումն այն է, որ այս երկաթուղագիծը գրեթէ ամբողջովին կառուցուել է Ադրբեջանի միջոցներով, իսկ Հայաստանը <<օկուպացրել>> է իր տարածքները: Հարց է առաջանում. բայց չէ՞ որ երկաթուղին անցնելու է նաեւ այն երկրների տարածքով, որոնք առեւտրական յարաբերութիւնների մէջ են Հայաստանի հետ:

Դիցուք, Թուրքիայով Եւրոպա տանող հատուածի գործարկումից յետոյ որեւէ օտարերկրեայ գործարար կոնտէյներ (բեռնարկղ-Խմբ.) է ուղարկում Թբիլիսի, այնտեղից Հայաստան տեղափոխելու համար: Պատկերացնել միայն կարելի է, թէ ինչ տեղի կ’ունենայ այդ բեռան հետ, եթէ երկաթուղու ադրբեջանցի կամ թուրք պաշտօնեաները այն իջեցնեն կամ բռնագրաւեն: Անմիջապէս կը սկսի գործել բեռնափոխադրումների ասպարէզում գործող համապատասխան միջազգային օրէնսդրութիւնը, որի հիման վրայ՝ դատական բողոքի արդիւնքում, երկաթգծի ղեկավարութիւնը ստիպուած կը լինի վճարել հսկայական տուգանքներ՝ աստիճանաբար զրկուելով իր շահոյթներից:

Անգամ եթէ որեւէ կոնտէյների փոխադրման վերջնական հանգրուանը լինի Թբիլիսին եւ Հայաստան անունն ընդհանրապէս չնշուի բեռան վրայ, էլի հնարաւոր են շահաւէտ բեռնափոխադրումներ Վրաստանում գրանցուած ինչպէս վրացական, այնպէս էլ հայկական կապիտալով ընկերութիւնների միջոցով:

Աւելին՝ քանի որ առանց Կարս-Ախալքալաքի էլ Վրաստանն ու Ադրբեջանը մինչ օրս առանձնակի պրոբլեմներ (հարցեր-Խմբ.) չունէին իրենց բեռների փոխադրման ասպարէզում, տուեալ երկաթուղու գործարկումից յետոյ, որքան էլ պարադոքսալ է, տնտեսական առումով տարածաշրջանում ամէնից շատ շահելու է Հայաստանը:

Միաժամանակ բաւական է, որ մեր հայրենակիցների կողմից այդ երկաթուղով Եւրոպայից մի քանի դատարկ-փորձնական կոնտէյներներ ուղարկուեն Հայաստան ու մնան կէս ճանապարհին, որ, իրաւականին զուգահեռ, քաղաքական ճնշումներ սկսուեն Ադրբեջանի ղեկավարութեան վրայ: Եւ նա կը սկսի անիծել այն օրը, երբ որոշեց հարիւր միլիոնաւոր դոլարներ ծախսել… իրականում ոչ թէ Հայաստանի տնտեսական շրջափակումն ուժեղացնելու, այլ թուլացնելու համար:

Կարծում ենք, արդէն առաջիկայ օրերին արտասահմանում գործող մեր քարոզչական միջոցներն ու լոբբիստական կառոյցները պարտաւոր են լայն քարոզարշաւ ծաւալել եւրոպական երկրներում՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին ներկայացնելով որպէս Բաքուի բռնապետի նախաձեռնած՝ Հայաստանի շրջափակման քաղաքականութեան գործիք եւ պահանջելով արգելել նման խտրական երթուղով փոխադրուող բեռների մուտքը Բուլղարիա, այնտեղից էլ՝ Եւրամիութեան շուկաներ այնքան ժամանակ, քանի դեռ գործում է հայաստանեան ու հայկական բեռների ընդունման ու տեղափոխման արգելքը:

Ինչպէս Եւրամիութեան ներսում, այնպէս էլ նրա առանձին երկրներում գործող օրէնսդրութիւնը լայն հնարաւորութիւններ է ստեղծում բողոքի այդ ալիքին շուտով նաեւ իրաւական տեսք տալու համար:

 



comments

Advertisement