Հրադադար, Որն Այդպէս Էլ Խաղաղութիւն Չդարձաւ

By Asbarez | Friday, 18 May 2018

0000AZAT-ARTSAKH


ԽՄԲԱԳՐԱԿԱՆ <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>Ի

Այսօր (12 Մայիսին-Խմբ.) լրանում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի հաստատման 24րդ տարին: 1994թ. Մայիսի 12ի լոյս գիշերը, իսկ աւելի ճշգրիտ՝ ժամը 00.01 րոպէից, ուժի մէջ մտաւ կրակի դադարեցման մասին Մոսկուայում ստորագրուած Համաձայնագիրը, որը վերջ դրեց Արցախի Հանրապետութիւնը ոչնչացնելու նպատակով Ադրբեջանի ազգայնական ղեկավարութեան կողմից սանձազերծուած արիւնալի պատերազմին: Այդ յանցաւոր քայլին, որը վիշտ ու տառապանք պատճառեց թէ՛ հայկական, թէ՛ ադրբեջանական ժողովրդին, Բաքուն գնաց՝ հաւատալով իր բացարձակ առաւելութեանը, ուստիեւ մեծամտօրէն կարծելով, որ իրեն կը յաջողուի հակամարտութիւնը լուծել ուժային ճանապարհով եւ այդկերպ մէկընդմիշտ փակել ղարաբաղեան հարցը: Բայց իր հաշիւների մէջ սխալուեց, նրա յոյսերը ցնորական էին:

…Դէպի հրադադար տանող ճանապարհը, որը, աւա՛ղ, անգամ այսօր՝ գրեթէ քառորդ դար անց, այդպէս էլ չվերափոխուեց կայուն լիարժէք խաղաղութեան, բաւականին դժուար էր եւ անցնում էր աւելի քան երկու տարի տեւած դաժան պատերազմի միջով: Այդ ճանապարհին եղան լուրջ կորուստներ, չափազանց բարդ բանակցութիւններ, պայմանաւորուածութիւնների ձեռքբերում ու դրանց խաթարում Ադրբեջանի կողմից, որը յոյսեր էր կապում հիմնախնդրի ռազմական լուծման հետ: Հէյդար Ալիեւը՝ այն ժամանակ Ադրբեջանի նախագահը, քամահրելով միջազգային միջնորդների՝ կրակը դադարեցնելու բազմաթիւ կոչերը, 1993-94թթ. ձմրանը, ի խախտումն ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, սանձազերծեց լայնամասշտաբ յարձակում ադրբեջանա-ղարաբաղեան ճակատի ողջ երկայնքով: Սակայն ԼՂՀ պաշտպանութեան բանակի հուժկու հարուածների ներքոյ ադրբեջանական զինուած ուժերը ձմեռային ռազմական արշաւի ընթացքում ջախջախիչ պարտութիւն կրեցին, ինչի արդիւնքում պաշտօնական Բաքուն յայտնուեց ներքաղաքական սուր ճգնաժամի սպառնալիքի ու նորանոր տարածքներ կորցնելու հեռանկարի առաջ: Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի բաւականին զգալի կորուստներից յետոյ, ինչը բերեց Ադրբեջանի ռազմական ներուժի էական թուլացմանը, նրա ղեկավարութիւնը, ի վերջոյ, աւելի զիջող դարձաւ ու դիմեց հրադադարի մասին համաձայնութիւն կնքելու քայլին:

Թէ որքան դժուար էր ներկայիս փխրուն հրադադարին հասնելն ու ինչ գնով այն ձեռք բերուեց, յատկապէս կարեւոր է իմանալ անկախ Արցախի այսօրուայ երիտասարդ սերնդի համար: Քանի որ, մեղքն ի՞նչ թաքցնել, անգամ արցախցիների աւելի աւագ սերնդի ներկայացուցիչները լաւ չեն պատկերացնում այն ժամանակուայ դիւանագիտական դարձդարձումները, որոնց արդիւնքում էլ ձեռք բերուեց համաձանութիւնը: Եթէ հետեւելու լինենք այդ փաստաթղթի ստորագրմանը նախորդած իրադարձութիւնների ժամանակագրութեանը, ապա հարկ է յիշատակել ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի՝ 1994թ. Ապրիլի 15ին Մոսկուայում ընդունած յայտարարութիւնը, որում, որպէս կարգաւորման գլխաւոր առաջնահերթութիւն, նշւում էր <<կրակի, բոլոր ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցումը, ապա եւ դրա յուսալի ամրագրումը>>: Այնուհետեւ նոյն տարուայ Մայիսի 4-5ը Բիշքեկում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքոյ կայացաւ հակամարտութեան բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, որը պսակուեց Մայիսի 5ին Բիշքեկեան յայտնի արձանագրութեան ստորագրմամբ: Հանդիպման մասնակիցները, սատարելով ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի Ապրիլի 15ի յայտարարութեանը, պատրաստակամութիւն յայտնեցին լիակատար աջակցութիւն ցուցաբերել գործադիր իշխանութեան ղեկավարների ու ներկայացուցիչների՝ համապատասխան համաձայնութեան շուտափոյթ կնքման ճանապարհով զինուած հակամարտութիւնը դադարեցնելու ջանքերին: Ինչից յետոյ էլ ծնուեց Մայիսի 12ի յիշեալ համաձայնագիրը, որը նոյնպէս ստորագրեցին բոլոր երեք կողմերը: Այստեղ հարկ է արժանին հատուցել ռուսաստանեան միջնորդութեանը՝ ի դէմս Վլադիմիր Կազիմիրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին, ով 1992-96թթ. ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելութիւնը:

Կարծում ենք, որ այդ փաստը՝ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափը, որն օբյեկտիւօրէն (առարկայական կերպով-Խմբ.) արտացոլում է հակամարտութեան իրական կոնֆիգուրացիան (շրջագիծը-Խմբ.), այսօր անպայման պէտք է ուշադրութեան առնուի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան, բայց, ամէնից առաջ, Ալիեւ կրտսերի ռեժիմի կողմից: Քանի որ պաշտօնական Բաքուն ամէն կերպ խոչընդոտում էր, որ հաւասար իրաւունքներով ու հաւասար պարտաւորութիւններով յիշեալ փաստաթղթերն իր ստորագրութեամբ ամրագրէր նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն վերջին հաշուով ստիպուած էր համակերպուել ու համաձայնել, քանի որ այն ժամանակ խաղաղութիւնն իր համար օդի պէս անհրաժեշտ էր: Ի դէպ, աւելի ուշ՝ 1994թ. Դեկտեմբերին, հակամարտութեան եռակողմ կոնֆիգուրացիան հաստատել էր նաեւ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովը, որի փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը ճանաչւում է որպէս լիիրաւ կողմ: Այդ այսօր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սնապարծօրէն հրաժարւում ճանաչել Բաքուի հետ ուղղակի բանակցութիւններ վարելու Արցախի իրաւունքը: Մինչդեռ նրան պէտք է քաջ յայտնի լինէր, որ քառորդ դար առաջ նրա հայրը՝ Հէյդար Ալիեւը, ճանաչել էր Լեռնային Ղարաբաղը՝ որպէս հակամարտութեան կողմ, ինչի մասին վկայում է Վլադիմիր Կազիմիրովը, եւ հրադադարի խնդրանքով գրաւոր ձեւով ուղղակիօրէն դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւններին, ընդ որում, նամակաձեւ այդ դիմումներում սեւով սպիտակի վրայ գրուած էր <<ԼՂՀ>>: Արժանուոյնս գնահատելով միջազգային, նախեւառաջ՝ ռուսաստանեան մոդերատորների (միջնորդներու, խաղաղարարներու-Խմբ.) վաստակը, վերը ներկայացուած համոզիչ փաստերի հիման վրայ, այնուամենայնիւ, կարող ենք արձանագրել, որ հրադադարի ձեռքբերումն ագրեսորին (յարձակողին-Խմբ.) խաղաղութիւն պարտադրելու արդիւնք էր, եւ դա արեց ԼՂՀ պաշտպանութեան բանակը:

Ի ցաւ տարածաշրջանի ժողովուրդների, որոնք Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան պատանդները դարձան, 90ականների պատերազմի դասերն Ադրբեջանի ներկայիս նախագահի համար խրատ չդարձան: Հակառակ դէպքում տեղի չէր ունենայ 2016թ. Ապրիլը, երբ Իլհամ Ալիեւն Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծեց նոր պատերազմ, փաստօրէն կրկնելով նոյն սխալները, ինչն իր հայրն արեց: Ընդունուած է ասել, որ պատմութիւնը կրկնուելու յատկութիւն ունի, երկրորդ անգամ՝ ֆարսի ձեւով: Աւաղ, 2016թ. Ապրիլը ֆարս չէր, այն իսկական ողբերգութիւն էր՝ երկու կողմերից հարիւրաւոր խեղուած կեանքերով: Սակայն կրկնուեց մէկ այլ բան եւս՝ երկու տարի առաջ ԼՂՀ պաշտպանութեան բանակը, ինչպէս եւ 1994ին, ագրեսորին դարձեալ խաղաղութիւն պարտադրեց, իսկ Ալիեւի ռեժիմը կրկին դիմեց ռուսաստանեան միջնորդին՝ խաղաղութիւն հաստատելու աղիողորմ խնդրանքով: Չնայած դրան, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է սպառնալ նոր պատերազմով, կոպտօրէն խախտել հրադադարի ռեժիմը: Նշանակում է՝ խաղաղութիւն պարտադրելը պէտք է շարունակուի, եւ Պաշտպանութեան բանակը՝ որպէս Արցախի Հանրապետութեան անվտանգութեան կարեւորագոյն երաշխիք, այսուհետ եւս կը կատարի իր խաղաղարար առաքելութիւնը: Այնքան ժամանակ, մինչեւ որ պաշտօնական Բաքուի վտանգաւոր պատրանքները ցրուեն:

 

comments

Advertisement