Փաշինեան Եւ Մաքրոն Ներկայ Գտնուեցան Ազնաւուրի Հոգեհանգստեան Արարողութեան

By Asbarez | Tuesday, 09 October 2018

1006aznavour2

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ նախագահ Արմէն Սարգսեան՝ իրենց տիկիններով, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին հետ ներկայ գտնուեցան աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնաւուրի հոգեհանգիստեան արարողութեան, որ տեղի ունեցաւ Փարիզի Հոթել տեզ Էնվալիտի (Hotel des Invalides) մէջ։

Արարողութեան ներկայ էին Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն՝ իր տիկնոջ հետ, Ֆրանսայի նախկին նախագահներ՝ Նիքոլա Սարքոզի եւ Ֆրանսուա Հոլանտ, Ֆրանսայի վարչապետ Ֆիլիփ Էտուար, Ֆրանսայի հասարակական, քաղաքական, մշակութային յայտնի գործիչներ եւ Ֆրանսայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողութեան ընթացքին խօսք առին վարչապետ Փաշինեան եւ նախագահ Էմանուէլ Մաքրոն:

Կը ներկայացնենք վարչապետ Փաշինեանի ելոյթէն մէջբերումներ.

«Այսօր հաւաքուել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝ Շարլ Ազնաւուրին: Ութ տասնամեակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնաւոր դէմքերի վրայ, արագացրել կամ դանդաղեցրել տասնեակ միլիոնաւոր մարդկանց շնչառութիւնը, փայլ է ներարկել հարիւր միլիոնաւոր աչքերի մէջ»…

«Շարլ Ազնաւուրի նախնիները Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ՝ դեգերեցին աշխարհում եւ, ի վերջոյ, հանգրուանեցին հարիւր հազարաւոր հայերի օթեւան ու յոյս տուած Ֆրանսիայում, որտեղ էլ ծնուեց Վաղինակ Ազնաւուրեանը, որ յետոյ պիտի դառնար մեծն Շարլ Ազնաւուր:

Կրելով անասելի դժուարութիւններ, Վաղինակ-Շարլը, ի վերջոյ, գտաւ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հաւատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնուել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով Ցեղասպանութեան աղէտից:

Բայց Վաղինակ Ազնաւուրեանին կարեկցանք չէր հարկաւոր, այլ առաքելութիւն, եւ նա գիտէր իր առաքելութիւնը, եւ այդ առաքելութիւնը Շարլ Ազնաւուր դառնալու աներեւակայելի ճանապարհն էր: Եւ նա երգեց ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կիսադատարկ դահլիճներում, եւ նա երգեց անյոգնել ու աննահանջ եւ մարդկութեանը տուեց ժամանակ՝ հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակոյթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնեակ տարիներ պէտք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակաւոր դահլիճները…

… Ազնաւուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտութեանը մի նոր շունչ է տուել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցաւերով, հոգսերով ու երազանքներով:

Նաեւ այս է պատճառը, որ Շարլ Ազնաւուրին շնորհուել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյէի իր հանճարով, այլեւ Հայաստանի Հանրապետութեան կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար…

«Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, եւ մեր ժողովուրդը նրա հոգատարութիւնը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախութեան բոլոր դժուարին օրերին:

Շարլ Ազնաւուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան նկատմամբ եւ ինձ ուղղուած վերջին նամակում, մասնաւորապէս, գրել էր. «Հէնց որ առողջութիւնս թոյլ տայ, ջերմօրէն փափաքում եմ այցելել այս նոր Հայաստանը եւ ծանօթանալ այն առողջ ուժերին, որոնք ձեւաւորելու են մեր ազգի գալիքը»:

Մեծ Վարպետը պատրաստւում էր Հայաստան այցելել յաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան տասնեօթերորդ գագաթաժողովի առիթով, եւ նրան խոստացել էի ծանօթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կը զգայ Նոր Հայաստանի յաղթանակած քաղաքացու լաւատեսութիւնն ու ոգին:

Ցաւօք, այս խոստումը չկարողացայ կատարել, սփոփանքս այն է, որ Ազնաւուրն, այնուամենայնիւ, հասցրեց իր վերջին ուղերձը յղել նոր Հայաստանին՝ ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափաքում եմ, որ Հայաստանի երիտասարդութիւնը կարողանայ երբեւէ դրսեւորել իր ողջ ներուժը եւ իր երազանքներն իրականութիւն դարձնել Հայաստանում:

1006aznavour-pashinian

Ձեր նամակում դուք ճշգրտօրէն ձեւակերպել էք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդութիւնը: Եւ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսաւոր կերպով ձեզ խոստանալ, որ իրականութիւն կը դարձնենք ձեր պատգամը, կեանքի կը կոչենք Ձեր ցանկութիւնը: Ուզում եմ հաւաստիացնել, որ անմնացորդ նուիրուած եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապէս արժանի գնահատանքը կը լինի հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ ձեր ունեցած անուրանալի վաստակի»:

Ստորեւ ներկայացնենք Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի ելոյթէն մէջբերումներ՝ ըստ «Արմէնփրէս»ի պատրաստած տեղեկատուութեան.

«Տարիների ընթացքում Շարլ Ազնաւուրի ձայնի հնչերանգը մեզ միաւորել է՝ անկախ մեր տարիքից եւ սոցիալական աստիճանից: Ազնաւուրը միաւորեց մեզ եւ դարձաւ Ֆրանսիայի դէմքերից մէկը: Ազնաւուրի երգերն առաջին հերթին բանաստեղծութիւններ են, որոնց բառերը գնում են դէպի մեր սիրտը, այդ բանաստեղծութիւնների վերնագրերը, եւ երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգութիւն:

… Բոլոր առաքելութիւններից նա նախընտրում էր հաւատարմութիւնը. հաւատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանօթներին եւ անծանօթներին, նա հաւատարիմ էր նաեւ Հայաստանին: Ազնաւուրը Հայաստանի զաւակն էր, բարեկամը, դեսպանը, նաեւ այն առատաձեռն զաւակը, որ օգնութեան ձեռք մեկնեց 1988 թուականի երկրաշարժից տուժածներին: Նրա այդ յանձնառութիւնն այսօր շարունակում է «Ազնաւուր» հինադրամը՝ ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանսա-հայկական բարեկամութեան: Չնայած այն ցաւին, որ թողեց Ցեղասպանութիւնը՝ Ազնաւուրը շարունակեց իր գործողութիւնները եւ ձեւաւորեց իր պայքարը: Ազնաւուրը մշտապէս երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատուութիւնը, որոնց փորձել են լռեցնել: Հաւատարիմ մնալով իր արմատներին՝ նա մեզ ցոյց տուեց իր ֆրանսիական հոգու մէջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիւ Հայաստանը շատ բան է տուել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է յիշելու, թէ մենք՝ որպէս ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպուած լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մօտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք էք…»։

comments

Advertisement