Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Կիրո Մանոյանի տեսակետը

By Yerkir | Tuesday, 11 August 2020

Սևրի պայմանագրի 100-ամյակին ընդառաջ` ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրա վերանայման և կյանքի կոչման հեռանկարներին։

Կիրո Մանոյանը չի կիսում այն տեսակետը, թե Սևրի պայմանագիրը կենթարկվի վերանայման և համոզված է, որ որևէ մեկը փորձ էլ չի անում, որպեսզի վերանայվի, իսկ կյանքի կոչելը բոլորովին այլ հարց է, որովհետև Սևրի պայմանագրով նախատեսված շատ կետեր, օրինակ` Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի ու Սաուդյան Արաբիայի մանդատներն ու վերջնական անկախությունը, արդեն իսկ կյանքի են կոչվել։

«Այն, ինչ կյանքի չի կոչվել Սևրի պայմանագրով, առնչվում է Հայաստանին ու Քուրդիստանին։ Փոփոխությունների է ենթարկվել նաև Լոզանի պայմանագիրը, սակայն դրանում խոսք չկա Հայաստանի մասին։ Սևրի պայմանագրի կյանքի կոչումն այս պահին բավականին անհավանական է, թեև ժամանակին դաշնակիցների կողմից հղվել էր դիմում ԱՄՆ–ի նախագահին` Հայաստանի և Թուրքիայի սահմանի իրավարարը լինելու համար։ Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածով Թուրքիան ևս նույն հարցով դիմում է ԱՄՆ–ի նախագահին, և այդ որոշման հիման վրա Թուրքիան հանձն է առնում հրաժարվել այն տարածքներից, որոնք իրավարար վճռով կտրվեն Հայաստանին»,– նշում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։

Մանոյանի դիտարկմամբ` Թուրքիան ինքնաբերաբար չի հրաժարվի այսօրվա իր իշխանությունից, որ ունի այդ տարածքների վրա։ Ըստ նրա` ի վերջո, երբ Թուրքիան կազմաքանդվի, ինչին Մանոյանը չի կասկածում, հենց այդ օրը Սևրի պայմանագիրն ուղղակի կյանքի կոչվելու հնարավորություն կունենա, եթե մյուս կողմից էլ Հայաստանը բավարար ուժ ունենա, որպեսզի կարողանա պայմանագրի հիման վրա ԱՄՆ–ի նախագահի իրավարար վճռով ստանալ այն, ինչն իրենն է։

Կիրո Մանոյանի փոխանցմամբ`իրավունքն ամրագրված է իրավարար վճռով, մնում է այդ իրավունքն իրացվի։

«Անկախ այն հանգամանքից, թե ով է Հայաստանի օրվա իշխանությունը, դա նախևառաջ Հայաստան պետության անելիքն է։ Հայաստանը երբեք չպետք է իրավական տեսանկյունից հրաժարվի իր իրավունքից։ Հայաստան–Թուրքիա արձանագրությունները կարող էին այդպես մեկնաբանվել, բայց լավ եղավ, որ մեր երկիրն ի վերջո այդ արձանագրությունները հայտարարեց առ ոչինչ։ Հայաստանը պետք է հետևողականորեն աշխարհին հիշեցնի, որ Հայաստան–Թուրքիա իրավական սահմանը հենց իրավարար վճիռն է, ու շատ լավ կլինի, որ դա անի գործող իշխանությունը, հատկապես, որ Թուրքիան փորձում է ճիշտ հակառակը ստանալ Հայաստանից»,– նշում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։

Մանոյանը հիշեցնում է, որ 1991թ.–ի մեր վերանկախացումից ի վեր Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար առաջ է քաշել երեք նախապայման, որոնցից մեկն էլ հենց դա է, որ Հայաստանը հրաժարվի իրավարար վճռով իրեն վերապահված իրավունքից։

Եթե Հայաստանը հետևողականորեն հետամուտ չլինի իր իրավունքի իրացմանը, ապա միջազգային ասպարեզում կընկալվի այնպես, որ հրաժարվել է այդ իրավունքից։

comments

Advertisement