Դերաբաշխումներ, թե՞ պարզ լյուստրացիա

By Armenian Revolutionary Federation | Wednesday, 12 August 2020

Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի ուղերձի եւ ՀՀ նախագահի հարցազրույցի համեմատական քննություն

Երբ փորձում ենք կողք-կողքի դնել օգոստոսի 10-ին՝ Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ հրապարակված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ սիրիական հեղինակավոր «Ալ-Ազմենահ» թերթին, ապա անմիջապես նկատում ենք, որ մենք գործ ունենք հայեցակարգային առումով սկզբունքորեն միմյանցից տարբերվող երկու փաստաթղթերի հետ։

Առաջինում Հայաստանի վարչապետը ողջունելով Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում հրավիրված գիտաժողովի մասնակիցներին մաղթում է արգասաբեր քննարկումներ ու գիտական նորանոր բացահայտումներ սոսկ պատմական փաստի համակողմանի գնահատման խնդրի շուրջ։

Երկրորդում ՀՀ նախագահը հստակորեն արձանագրում է, որ թեւ Սեւրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected), բայց այն «օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է», քանի որ նրա վրա են խարսխված նաեւ միջինարևելյան մի շարք երկրների ներկա կարգավիճակները։
Հասկանալի է որ պատմական փաստ հասկացությունը բնորոշում է ոչ միայն որոշակի գործընթացի վավերականությունն եւ անշրջելիությունը՝ որպես պատմական ինվարիանտ, այլեւ նրա անցյալացումը՝ Սեւրի պայմանագիրը գնահատող կետերում անընդհատ գործածվող եւ անցյալ ժամանակը բնորոշող՝ էր օժանդակ բայն օգտագործելու միջոցով։ Նրանցում միայն մեկ անգամ՝ երկրորդ կետում է ՀՀ վարչապետն իր էր-ը վերածում է-ի, երբ խոսք է գնում Սևրի պայմանագրի՝ Հայաստանի անկախությունը ճանաչող փաստաթուղթ լինելու մասին։ Այսինքն՝ ըստ ՀՀ վարչապետի ՀՀ անկախության ճանաչումը փաստորեն այն միակ ձեռքբերումն էր, որն արձանագրել է Սեւրի պայմանագիրը։ Մնացածը պատմություն է, այսինքն՝ էր օժանդակ բայով բնորոշվող անցյալ ժամանակ, որի համակողմանի ուսումնասիրության համար ՀՀ վարչապետը նորանոր գիտական բացահայտումներ է ցանկանում տեսնել մեր պատմաբաններից։

Մինչդեռ պատասխանելով սիրիական հեղինակավոր թերթի ՝ «կա տարածված տեսակետ, թե իբր 1923 թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը» հարցին ՀՀ նախագահն՝ ընդհակառակը՝ հստակորեն արձանագրում է, որ «Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը: Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են»:

Քանի որ երկու տեսակետներն էլ ավելի քան պարզ են ու հստակ, ապա առաջանում է միանգամայն օրինաչափ ու տրամաբանական հարց՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը, երբ նրա անունից հանդես գալու իրավունք ունեն եւ ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը։ Ոմանց մոտ անմիջապես առաջ է գալիս այն միտքը, որ սա քաղաքական դերերի բաշխման դասական օրինակ է։ Վարչապետը որպես պետության ղեկավար մնում է պատմական հարթության վրա՝ Հայաստանի վրա հարձակման լրացուցիչ առիթ չտալով մեր երկրի սահմանների մոտ ներկա պահին ամենեւին էլ ոչ պատահաբար զորավարժություններ անցկացնող թուրքական բանակը Նախիջեւան ուղարկած այդ երկրի ագրեսիվ ղեկավարին։ Բայց ՀՀ նախագահը որպես Հայաստան պետությունը ներկայացնող պաշտոնական անձ, ասում է այն, ինչի մասին օգոստոսի 10-ին մտածում է ամեն մի հայ։ Թող թուրքերն իրենք որոշեն, թե, ո՞րն է Հայաստանի տեսակետը, քանզի Սեւրի պայմանագրից նրանք ավելի են վախենում, քան աշխարհի ամենահզոր երկրի միջուկային զինանոցից։

Բայց դրա հետ միասին գոյություն ունի նաեւ հարցի մյուս կողմը, քանի որ ՀՀ վարչապետի կարծիքով՝ Սեւրի պայմանագիրը Հայաստանի «պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, … բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար»: Սա փաստորեն ՀՀ վարչապետի նշանակած Սփյուռքի գործերով հանձնակատարի վերջին հայտարարության բովանդակության տեղափոխումն է ներկայից՝ անցյալ, քանի որ եթե Սեւրի պայմանագրով մեզ չհաջողվեց նման համակեցություն ապահովել Միացյալ Հայաստանում, ապա մենք այնքան ենք հավատարիմ այդ համամարդկային տեսլականին, որ այսօր դա անելու ենք անգամ սեփական Սփյուռքին տեղավորելու հնարավորություն չունեցող փոքրիկ Հայաստանում։ Ոչինչ որ թուրքերն՝ իրենք, արաբների մարտունակ մասին տեղափոխում են Ադրբեջան, որպեսզի այնտեղից գրոհեն մեզ վրա։ Մենք կընդունենք նրանց խաղաղ մասին, որոնց թուրքերը դուրս են մղում Աֆրինից ու Հյուսիսային Սիրիայի այլ գրավյալ վայրերից։ Արդյունքում՝ առաջինները իրենց ցեղակիցներին ազատագրելու պատրվակով Հայաստանը հերոսաբար կազատագրեն հայերից, որպեսզի Աֆրինի նման այն հանձնեն թուրքերին եւ անցնեն Ռ Էրդողանի մատնանշած հաջորդ թիրախի խոցմանը։

Մեր վտանգված երկրում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության ապահովման խնդիրը դրվել է դեռեւս Հայաստանի Հանրապետության անկախացման պահին՝ 1918 թվականին։ Անգամ՝ մեր երկրի ոչ թե Հայկական, այլ Հայաստանի Հանրապետություն կոչվելու իրողությունը դրանից էր բխում։ Բայց դրվել է այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջելու էր Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթների միացումն իրեն։ Ուստի, եթե այսօր Հայաստանի վարչապետը պատմական հարթություն է տեղափոխում Սեւրի պայմանագիրը, ապա ինքն ու իր Սփյուռքի հանձնակատարը իրավունք չունեն խոսելու ներկա փոքրիկ Հայաստանի էթնիկ դիմագծի որեւէ խաթարման մասին։ Տե՜ր կանգնեք Սեւրի պայմանագրին եւ հետո միայն ձեր պահանջն ամրագրեք մուսուլմանների հետ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ։

Հակառակ պարագայում կստացվի, որ մենք գործ ունենք ոչ թե Հայաստանի առաջին Հանրապետության անկախացման պահին առաջադրված խնդրի, այլ նրա վերանկախացման շրջանում՝ 1991 թվականին, Լեւոն Տեր Պետրոսյանի առաջ քաշած՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է տրոցկիստական բանաձեւի նոր հրատարակության հետ։ Իսկ Լեւ Դավիդովիչ Տրոցկուց մինչեւ Լեւոն Տեր Պետրոսյան հասած այս էստաֆետի բոլոր «ջահակիրներին» հավաստիացնում ենք, որ ապագա Միացյալ եւ Անկախ Հայաստանում, որի ձեւավորման պատմական անխուսափելիության վերաբերյալ որեւէ կասկած չունենք, մենք երաշխավորելու ենք բոլոր էթնիկ խմբերի եւ նույնիսկ՝ իրենց անվտանգությունը, ուստի ասորիների ու արաբների կողքին այսօրվանից ազատորեն կարող են արտաբերել նաեւ իրենց խիստ հարազատ՝ մյուս սեմական ժողովրդի անվանումը։ Այդ առումով լյուստրացիայի կարիք չկա։

Խնդիրը միայն նրանում է, որպեսզի Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ հրապարակված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցի համեմատության միջոցով լյուստրացիայի ենթարկենք մեզանում կրկին վերածնված այն քաղաքական հոսանքը, որը Միացյալ եւ Անկախ Հայաստանի համար պայքարելու փոխարեն՝ այսօր էլ շարունակում է փայփայել Թուրքիային քաղաքակիրթ կերպով անձնատուր լինելու տեսլականը՝ կեղծ երկխոսության գույնզգույն հարթակներ որոնելու միջոցով։ Ուստի, որքան էլ ժամանակ առ ժամանակ խրոխտ կեցվածքներ ընդունի ՀՀ վարչապետը, նա չի կարող թաքցնել այն ավելի քան ակնհայտ իրողությունը, որի հերթական դրսեւորման ականատեսն ենք մենք այսօր. հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ներկա պահին գլխավորում այդ տրոցկիստատերպետրոսյանական հոսանքը եւ նրանից սահմանազատվելու համար ո՛չ ուժ ունի եւ ո՛չ էլ՝ ցանկություն։

Իսկ Թուրքիան լավ գիտի, թե ի՛նչ վտանգ է ներկայացնում իր համար Սեւրի պայմանագիրը, ուստի մեր նախագահի կամ վարչապետի խոսքերով չէ, որ դատելու է նրա մասին։ Մեր խնդիրը դերաբաշխումների ապահովման կամ՝ լյուստրացիաների իրականացման մեջ չէ, որոնք առանց այդ էլ հստակ են ամենքի համար։ Հայաստանի առջեւ մեր տարածաշրջանում բացվող փայլուն հեռանկարների առկայության պայմաններում բուն խնդիրը հենց մեր սեփական երկրի ներսում առկա պարտվողականությունն իբրեւ քաղաքական մտքի ուղղություն ու քաղաքական հոսանք արմատախիլ անելու մեջ է՝ ինչ դիմակի տակ էլ այն փորձի թաքնվել։
Գեւորգ Խուդինյան

comments

Advertisement