Արծուիկ Մինասեանը Հանդիպում Է Ունեցել ՀՀում ԱՄԷ Դեսպանի Եւ Հայաստան Ժամանած Գործարարների Հետ

By Asbarez | Saturday, 30 June 2018

ԵՐԵՒԱՆ - ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծուիկ Մինասեանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութիւնում Արաբական Միացեալ Էմիրութիւնների արտակարգ եւ լիազօր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի եւ արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրուած են Հայաստանում ներդրումներ կատարելու եւ բիզնես գործունէութիւն ծաւալելու: Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարութեան պատասխանատու անձինք:

Նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելաւման եւ ներդրումների պաշտպանութեան ուղղութեամբ իրականացուող բարեփոխումները, անդրադարձել որպէս ԵԱՏՄ անդամ երկիր եւ դէպի Եւրամիութեան շուկաներ մուտքի համար մեր երկրին ընձեռուած  հնարաւորութիւններին, նաեւ Հայաստանի ազատ տնտեսական գօտիներում գործունէութիւն ծաւալելու առաւելութիւններին:

Դեսպան Ալ Կասեմին շնորհակալութիւն է յայտնել հանդիպման համար եւ նշել, որ ԱՄԷի հետ առեւտրատնտեսական կապերը զարգանում են, ինչի վկայութիւնը առեւտրաշրջանառութեան կրկնակի աճն է: Արաբ գործարարները ներկայացրել են այն ոլորտները, որոնցով հետաքրքրուած են, մասնաւորապէս, խօսուել է գիւղատնտեսութիւնում, վերականգնուող էներգետիկայի (ուժանիւթի-Խմբ.), զբօսաշրջութեան ոլորտներում փոխգործակցութեան մասին:

Արծուիկ Մինասեանը ողջունել է գործարարների նախաձեռնողականութիւնը եւ յայտնել նախարարութեան կողմից գործարարութեան խթանման եւ աջակցութեան պատրաստակամութեան մասին:


comments

Advertisement