Աւստրալիան Սատարում Է ԵԱՀԿ Մինսկի Խմբի Գործընթացին Եւ Արցախի Ժողովրդի Ինքնորոշման Իրացմանը

By Asbarez | Monday, 22 February 2021

0000AUSTRALIA

Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փէյնը վերահաստատել է աւստրալիական կառավարութեան աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ընդգծելով ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշման իրաւունքը, որպէս 2020թ. արիւնալի պատերազմից յետոյ Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մէկը:

Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի եւ աւսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով՝ նախարար Փէյնը ողջունել է ռազմական գործողութիւնների դադարումը՝ միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պէտք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ որոշումի դրոյթները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնն ու ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշման իրաւունքը:

Նախարար Փէյնը նաեւ կոչ է արել ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ադրբեջանին աջակցել Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար: Մինչ այժմ Հայաստանը պատրաստակամութիւն է յայտնել մասնակցելու այս գործընթացին, մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը փորձել է շրջանցել եւ ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով, թէ ինչն իրենք չեն կարողացել ձեռք բերել բանակցութիւնների միջոցով, ձեռք են բերել ռազմական ուժի միջոցով:

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը նկատում է. «Աւստրալիահայ համայնքի համար կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երեք երկրներով, գլխաւորի Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն հաստատելու բանակցութիւնները, եւ խիստ կարեւոր է, որ Արցախի Հանրապետութեան բնիկ հայերի կողմից իրացուած ինքնորոշման իրաւունքն այս գործընթացում յարգուի: Դա պէտք է սկսուի ռազմական եւ քաղաքացիական բոլոր գերիների վերադարձից, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել եւ խոշտանգել, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գրաւող ուժերը պէտք է փոխարինուեն խաղաղապահ ուժերով, նախքան Ալիեւին թոյլ կը տրուի աւարտին հասցնել գրաւեալ տարածքներում հին հայկական բնիկ մշակութային եւ կրօնական յուշարձանների դիտաւորեալ ոչնչացումը: Կոսովոյի եւ Արեւելեան Թիմորի նմանութեամբ Աւստրալիան պէտք է սատարի այս հարցում պատմականօրէն արդար կողմին եւ նախարար Փէյնը իր նամակի միջոցով նախանշել է այդ ճանապարհը:

«Վերջերս աւելի քան 3000 աւստրալացիներ ստորագրել են Աւստրալիայի խորհրդարանին ուղղուած խնդրագիր, որով կոչ են անում ճանաչել Արցախի Հանրապետութիւնը, որպէս տարածաշրջանի բնիկ հայերի անվտանգութիւնն ապահովելու միակ միջոց»:

comments

Advertisement