By Asbarez | Wednesday, 21 November 2012
Ն. Ա.
«Ժամանակն է, որ հայը վերագտնի իր ինքնութիւնը նաեւ որպէս պայքարող, այլ ոչ թէ հանդէս գայ իբրեւ պատմութեան դժբախտ ու յաւիտենական զոհ: Այդ առումով անհրաժեշտ է մեր ազգի պատմութեան փառահեղ էջերը ներկայացնել նոր սերնդին՝ ոգեշնչելու եւ ուղղորդելու նրանց: Դա պէտք է անենք նաեւ ժամանակակից, երիտասարդներին առաւել մատչելի միջոցներով», նշեց Ռոջեր Գուբելեանն իր «Ռազմի Աստուածներ» գրաֆիկական վիպակի ներկայացման ժամանակ: Հեղինակը հանդիսատեսին ներկայացրեց գրքի նախապատմութիւնը, որ ստեղծուել է իր մէկ այլ նախագծի «Բիւզանդիայից Արեւելք» ֆիլմի սցենարի (բեմագրութեան-Խմբ.) հիման վրայ: Դէպքերը ծաւալւում են Հայաստանի հեթանոսական ժամանակաշրջանում եւ նկարագրում են քրիստոնէութեան ընդունման պատմութիւնը: Սա պատմութեան առաջին մասն է, որին շուտով կը հետեւի երկրորդ հատուածը:
Գլենդելի հանրային գրադարանում կայացած գրքի շնորհանդէսին այցելուների թւում էին տարբեր տարիքի ու հետաքրքրութիւնների տէր ամերիկահայեր, որոնց համախմբել էր Գուբելեանի հայոց պատմութեան մի դրուագի իւրատեսակ մատուցումը: Ռոջեր Գուբելեանը նշեց, որ հայերն ունեցել են պատմութիւնը նկարներով ներկայացնելու վաղեմի աւանդոյթ, եւ «Ռազմի աստուածներ»ը ստեղծուել է որպէս պատմութեան մանրամասն ուսումնասիրութեան արդիւնք, որն իրականացրել է նաեւ Ռոջերի հայրը գրող, հրապարակախօս Պօղոս Գուբելեանը:
Կերպարների հետազօտութեամբ զբաղուել է նաեւ Ռոջեր Գուբելեանի կինը Ալինա Խանջեանը եւ ստեղծել է ժամանակաշրջանին բնորոշ զինուորական հագուստների ու զրահների նմուշներ:
«Հայ զինուորականների հագուկապի մասին կոնկրետ նկարագրութիւններ մեզ գրեթէ չեն հասել, եւ ես սկսեցի փնտռել այդ ժամանակաշրջանի Հայաստանի հարեւան երկրների՝ մասնաւորապէս պարսիկների հագուստների մասին տեղեկութիւններ, օգտուեցի Գրիգոր Խանջեանի «Վարդանանք» գոբելեն նկարից եւ արդիւնքում ստեղծեցի հաւաքածուն», պատմում է Ալինան:
Շնորհանդէսին ներկայ էր նաեւ «Ռազմի Աստուածներ» գրաֆիկական վիպակը իսպաներէն թարգմանած, «Անիմայո» փառատօնի տնօրէն Տամիան Փէրիա Լիզգանոն:
«Ես որոշեցի թարգմանել գիրքը, որովհետեւ այս պատմութիւնը նաեւ համամարդկային է: Դա պատահել է նաեւ այլ ազգերի հետ, ինչպէս օրինակ իմ ծննդավայրի՝ Կանարեան կղզիների հետ, որը գրաւելու համար իսպանացիները յարձակուել են մեզ վրայ: Միաժամանակ ես ծանօթացայ հայոց պատմութեանը եւ կարծում եմ, որ գիրքը պէտք է թարգմանուի նաեւ այլ լեզուներով՝ ձեր պատմութիւնը նաեւ այսկերպ աշխարհին ներկայացնելու համար», նշեց Լիզգանոն:
Ձեռնարկը վարում էր Գլենդելի քաղաքապետարանի խօսնակ Արտի Քասախեանը, որ դահլիճում կարողացաւ աշխոյժ երկխօսութիւն ծաւալել ներկաների հետ: Ռոջեր Գուբելեանը սիրով պատասխանեց խանդավառուած հանդիսատեսների հարցերին, այնուհետեւ, ստորագրեց գրքերն ու անձամբ ծանօթացաւ նրանց հետ: Նա տեղեկացրեց, որ գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գրախանութներում, այդ թւում Ապրիլ գրատանը, Ամազոն կայքից, ինչպէս նաեւ՝ գրաֆիկական վիպակի «էլ» կայքէջից:
Նշենք, որ «Ռազմի Աստուածներ»ի սցենարի ու նկարազարդման հեղինակը Ռոջեր Գուբելեանն է, խմբագիրը՝ Մարք Իրուինը, սցենարի վրայ աշխատել են նաեւ Ռազմիկ Չագլասեանն ու Մարտին Երնազեանը: Պատկերազարդ գրքերի Միացեալ Նահանգներում ճանաչուած հեղինակ Դէն Փանոսեանը եւս իր մասնակցութիւնն է ունեցել գեղարուեստական ձեւաւորման գործում: Գրքի կերպարներին մարմնաւորել են «Բիւզանդիայից Արեւելք» ֆիլմի դերասանները Վահէ Պէրպերեանը, Ալեքս Կալոգնոմոսը, Մարկօ Խանը, Դրօ Արզույեանը, Ելենա Էվանգելոն եւ այլոք:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Australia Live by Armenia Media: Dr Hrayr & Arda Jebedjian
Australia Live by Armenia Media: Victor Karapetyan
Australia Live by Armenia Media: Professor Navoyan
Australia Live By Armenia Media: Reverend Sarkissian
Australia Live By Armenia Media: Zarouhi Manoukian
Australia Live By Armenia Media: Hayk Arsenyan
Australia Live By Armenia Media: Hasmik Movsisyan & Zhanna Nazaryan