«Սահմանում դիրքերի վերադասավորութիւնն այնպիսին է, ինչպիսին եղել է Ապրիլի 1-ի դրութեամբ>>

By Yerkir Media | Thursday, 07 April 2016

Ինչո՞ւ է հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ՝ առանց Ղարաբաղի: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ-ում ասաց՝ իրավիճակը դրա համար նպաստավոր չէր, դրանից բացի՝ պայմանավորված էր բանակցային գործընթացի ձեւաչափով։

<<Հասկանալի է, որ տվյալ իրավիճակում մեզ համար ձեռնտու չէր Ղարաբաղի շտաբի պետի մասնակցությունը, եւ բանակցային այս պայմաններում նպատակահարմար չգտանք>>:

Ղարաբաղը մոսկովյան հանդիպմանը չի մասնակցել, բայց ըստ պաշտպանության նախարարի՝ ձգտում ենք, որ որպես հակամարտող կողմ՝ դառնա բանակցությունների մաս: Այս հրադադարը, ասաց, նաեւ դրա համար է օգտագործվում:

Պաշտպանության բանակի հետախույզները մինչ ադրբեջանական ագրեսիայի սանձահարումն են ուսումնասիրել հակառակորդին, համապատասխան տեղեկություններ են տրամադրվել, ու նաեւ նրանց աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել դիմակայել թշնամուն:

<<Տարբեր ոտնձգություններ են թույլ տրվել այս օրերի ընթացքում, ու դրա մասին եղել են նաեւ տեղեկություններ: Ամենատարբեր կողմերում կրակի առկայության պայմաններում դժվար է հասցնել, արձագանքել, կանխել բոլորը, մանավանդ որ՝ խոսքը դասական պատերազմական ոճի մասին չէ>>:

Պատերազմական օրերի ընթացքում հակառակորդը ռազմավարական եւ մարտավարական առումով որեւէ հաջողություն չի ունեցել՝ վստահեցրեց Սեյրան Օհանյանը: Բանակը՝ զինվորից մինչեւ գեներալ, կռվել է անձնվիրաբար: Ունենք զոհեր, վիրավորներ: Նախարարն ասաց՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունները, Պաշտպանության նախարարությունը պատրաստ են օգնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներն ուշադրության կենտրոնում են. աշխատում են, որ արագ ոտքի կանգնեցնեն:

<<Եթե կարող ենք, բուժումը կկազմակերպենք այստեղ, Հայաստանում: Եթե ոչ, ապա կտեղափոխենք համապատասխան երկիր: Օրենքն էլ է դա թույլ տալիս>>։

Պետական ատյաններից բացի՝ օգնելու պատրաստակություն են հայտնել առանձին բարեգործներ. նախարարն ասաց՝ նրանց օգնությունը լինելու է հասցեական ու հաշվառվելու է Պաշտպանության նախարարության կողմից:

Իսկ լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում դիրքերի վերադասավորությունն այնպիսին է, ինչպիսին եղել է ապրիլի 1-ի դրությամբ:

<<Չկան կորցված հենակետեր, մարտավարական առումով բոլորը կրակի եւ նախաձեռնողական գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում ՊԲ-ի կողմից: Վերահսկողությունը պաշտպանության բանակի ձեռքերում է>>։

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանն ասաց. <<Իհարկե, նաեւ մեր խնդիրներից մեկն է, որ կարողանանք անհետ կորածների հարցը լուծել: Գիտեք, որ ես անհայտ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողովի նախագահն եմ, համապատասխան աշխատանք տանում ենք: Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տարվում, բայց կարծում եմ՝ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեր համար հեշտ կլինի նաեւ պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու՝ փոխանակելու առումով: Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք>>:

 


comments