Եւրոպական Յանձնաժողովը Դատապարտում Է Ղազանչեցոց Եկեղեցու Ռմբակոծումը

By Asbarez | Friday, 05 March 2021

0306Euro Tad1

Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եւրոպական յանձնաժողովին ուղղուած հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ժոզեպ Բորելը եւրայանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինուած ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը:

Եւրապատգամաւոր Ֆուրլասի կողմից ուղղուած հրատապ հարցման մէջ նշւում էր, որ ադրբեջանական զինուած ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրէնքները, 2020ի Հոկտեմբերի 8ին թիրախաւորել եւ հարուածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եւրապատգամաւորը Եւրոպական յանձնաժողովից հարցնում է, թէ արդեօք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի ,քաղաքացիական բնակչութիւնը եւ կրօնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղութեամբե:

0306Euro Tad2Ի պատասխան եւրապատգամաւորին՝ Եւրայանձնաժողովը յայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրօնական եւ պատմական յուշարձանների ոչնչացումը եւ ընդգծում է մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանման եւ վերականգնման կարեւորութիւնը:

Իր պատասխանում Եւրայանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաեւ յիշատակում է ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի 2347 (2017) բանաձեւը, որը սահմանում է կրօնական, ուսումնական եւ մշակութային կենտրոնների թիրախաւորումը որպէս ռազմական յանցագործութիւնները:

Եւրայանձնաժողովը ողջունում է նաեւ ԵՈՒՆԵՍԿՕի նախաձեռնած առաքելութիւնը դէպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողութեան տակ գտնուող Արցախի շրջաններ: Այս առաքելութիւնն ուղղուած է հայկական մշակութային ժառանգութեան նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելութիւնը նաեւ կ՛աջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. ,Ադրբեջանը պէտք է լիովին պատասխանատուութիւն կրի 2020ի պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ կատարած զարհուրելի ռազմական յանցագործութիւնների համար: Դրանց թւում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը եւ կրօնական ժառանգութիւնը, այդ թւում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախաւորելը: Միջազգային հանրութիւնը եւ պատկան կազմակերպութիւնները պէտք է հետեւողականօրէն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազաւթած հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պահպանմանը: Մենք չենք կարող թոյլ տալ, որ իրականացուի եւս մէկ մշակութային ցեղասպանութիւն, ինչպիսին 2006ին ադրբեջանական իշխանութիւնների կողմից նախաձեռնած Նախիջեւանի հազարաւոր հայկական միջնադարեան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայութեան աղաւաղման ցանկացած փորձ պէտք է կանխուի եւ խստօրէն դատապարտուիե:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

comments

Advertisement