Սերժ Սարգսեան. «Հայաստանը Սպասում Է, Որ Թուրքիան Փոխի Իր Դիրքորոշումը»

By Asbarez | Thursday, 25 October 2012

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Հայոց Ցեղասպանութեան առնչուող լռութիւնը այլեւս դարձած է խլացուցիչ լռութիւն մը համայն մարդկութեան համար, հաստատած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան՝ իտալական «Քոթիտիանօ Նասիոնալէ» պարբերաթերթին տուած հարցազրոյցին ընթացքին։

«Հայոց Ցեղասպանութիւնը շարունակում է մնալ մի մոռացուած արհաւիրք: Եթէ այլեւս հրէական ցեղասպանութեան մասին արդարօրէն գիտենք ամէն ինչ, մի հաստ վարագոյր է քաշուած հայոց բնաջնջման վրայ: Դա այն է, ինչ ես անուանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձեւեր՝ որակաւորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթէ հարիւր տարի առաջ կոտորուել են 1.5 միլիոն հայեր», նշած է Սարգսեան։ Ան աւելցուցած է. «Եւրոպայում եւ առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականութիւնը: Արդէն 1939ին, երբ Հիտլերը պատասխանում էր իր գեներալների հարցին, թէ ինչպիսին կը լինի նացիստական Գերմանիայի վարկանիշն աշխարհում հրէական Հոլոկոստն իրագործելուց յետոյ,  նա պատասխանում է՝ «Ո՞վ է այսօր յիշում հայոց բնաջնջման մասին»:

«Յատկապէս, քանի որ Եւրոպան յաղթել է խաղաղութեան Նոբելեան մրցանակը, այժմ պիտի իր ձայնը լսելի դարձնի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գտանք խիզախութիւն Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնների կարգաւորման կարեւորագոյն գործնթացը սկսելու համար, սակայն Անկարան գործընթացը պայմանաւորեց անընդունելի պայմաններով: Այսօր Եւրոպական Միութեան, Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին մենք սպասում ենք, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը», յայտնած է Սերժ Սարգսեան:

comments