Սարգսեան Հայ-թրքական Արձանագրութիւններու Հայաստանի Ստորագրութիւնը Կրնայ Ետ Վերցնել

By Ազատութիւն | Tuesday, 01 February 2011

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ռուսական «Էխօ Մոսկուի» ձայնասփիւռի կայանին տուած հարցազրոյցին ընթացքին,  Հայաստանի նախագահը հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման հարցին անդրադառնալով՝ կրկին շեշտած է, որ այդ գործընթացին վերադառնալ «հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ թուրքերն առանց որեւէ նախապայմանների վաւերացնեն [2009 թուականի Հոկտեմբերի 10ին Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական] արձանագրութիւնները»:

«Չէ՞ որ նրանք ունեն միջազգային պարտաւորութիւններ, ստորագրուած արձանագրութիւնները պէտք է վաւերացուեն եւ կեանքի կոչուեն: Մենք պատրաստ չենք սկսել նոր բանակցութիւններ կամ ինչ-որ փոփոխութիւններ մտցնել արձանագրութիւններում: Ես երախտապարտ եմ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆին, ե՛ւ Ֆրանսիային, որոնք միանշանակօրէն յայտարարել են, որ այդ յարաբերութիւնները, իհարկէ, պէտք է կարգաւորուեն առանց նախապայմանների: Այդ պատճառով էլ նոր բանակցութիւններ սկսելու իմաստ չեմ տեսնում: Միակ շարունակութիւնը կարող է լինել Թուրքիայի խորհրդարանում այդ արձանագրութիւնների վաւերացումը», յայտնած է Սերժ Սարգսեան:

«Եթէ այսպէս շարունակուի, հնարաւոր է՝ մեզ համար միակ ելքը լինի ուղղակի այդ արձանագրութիւններից մեր ստորագրութեան յետկանչը, եւ այդժամ, նոյնիսկ Թուրքիայի կողմից վաւերացումից յետոյ, այդ արձանագրութիւնները որեւէ ուժ չեն ունենայ», յայտարարած է Հայաստանի նախագահը: Ան աւելցուցած է, որ «նոյնիսկ այժմ, երբ գնդակը գտնւում է նրանց դաշտում, միեւնոյն է, նրանք փորձում են միջամտել Ղարաբաղեան գործընթացին, ինչ-որ այլ գործընթացների, խօսում են տարածաշրջանում ինչ-որ առաջատարութեան մասին, նէոօսմանիզմի մասին»:

«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետութիւն է, որ թուրքական տնտեսութիւնը վերջին տարիներին խիստ աճել է, որ Թուրքիան Մեծ քսանեակի անդամ է՝ այդ ամէնը մենք հասկանում ենք: Սակայն դա չի նշանակում, որ նրանք պէտք է մեզ համար հանդէս գան դաստիարակների դերում: Նրանք մեր հրահանգիչները չեն»,  յայտարարած է Հայաստանի նախագահը:

Ղարաբաղի հակամարտութեան մասին խօսելով, նախագահը յայտնած է, որ «համոզուած եմ, որ հակամարտութեան կարգաւորման միակ տարբերակը խաղաղ կարգաւորումն է, եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացումը կ՛ամ 1991 թուականի հանրաքուէի արդիւնքների ճանաչումը, որն անցկացուել է ԽՍՀՄի օրէնքների եւ միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան»:

Նախագահի կարծիքով «այս իրավիճակում շատ կարեւոր են ռազմական գործողութիւնները չվերսկսելու՝ կողմերի պարտաւորութիւնները: Որովհետեւ վերջին մէկեւկէս-երկու տարիներին պատերազմի մասին, ռազմական գործողութիւնների վերսկսման մասին խօսակցութիւնները սովորական գործ են դարձել: Դա շատ վատ է: Բայց ես համոզուած եմ, որ հնարաւոր է պատերազմից խուսափել»:

«Էխօ Մոսկուի»ի լրագրողի հարցին՝ «եթէ պատերազմ սկսուի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան», Հայաստանի նախագահը պատասխանած է՝ «մենք պատրաստ ենք իրադարձութիւնների ցանկացած զարգացման»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանչնալու հարցին անդ-րադառնալով, նախագահ Սարգսեան յայտնած է, որ «Աբխազիան, Օսիան, Կոսովոն մեզ համար շատ կարեւոր նախադէպային նշանակութիւն ունեն, բայց եթէ մենք ճանաչենք դրանց անկախութիւնը, մեզ պարզապէս չեն հասկանայ, կ՛ասեն՝ իսկ ինչո՞ւ չէք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Իսկ Ղարաբաղի ճանաչումը մեզ համար վերջին քայլն է: Մենք դէ իւրէ (իրաւականօրէն-Խմբ.) չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որովհետեւ բանակցութիւններ ենք վարում: Իսկ եթէ ճանաչենք, էլ ի՞նչ իմաստ կ՛ունենան այդ բանակցութիւնները: ԼՂ ճանաչումը կը լինի այն դէպքում, եթէ Ադրբեջանը ռազմական գործողութիւններ սկսի»:

comments