«Արցախի ժողովրդի պատմական ընտրութիւնն այլեւս անշրջելի է». Սերժ Սարգսեան

By Asbarez | Tuesday, 02 September 2014

 

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնին առթիւ:


Ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ արցախցիներ,

«Շնորհաւորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախութեան տօնի առթիւ: Արցախի ժողովրդի պատմական ընտրութիւնն այլեւս անշրջելի իրականութիւն է: Ողջ հայութեան աջակցութեամբ, եւ առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիւ, ինչպէս նաեւ մեծագոյն զոհողութիւնների գնով դուք ստեղծեցիք եւ կայացրիք պետականութիւն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն այսօր հպարտօրէն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանօրէն տարբերւում են իրենց կազմակերպուածութեամբ, հզօր բանակով եւ պետական կուռ կառոյցներով: Ժողովրդավարութեան խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպէս նաեւ տնտեսական աճի տեմպերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տպաւորում են ոչ միայն մեզ: Արցախը ե՛ւ իրեն, ե՛ւ աշխարհին արդէն ապացուցել է, որ կայացած եւ ծաղկուն պետութիւն լինելու համար ունի հզօր քաղաքակրթական պաշար:

Մեզ պարտադրուած պատերազմը եւ սահմանների երկայնքով իրականացուող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզօր ոգու համեմատութեամբ, որ առաջնորդում է արցախցուն եւ ողջ հայութեանը:

Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դէպի ազատամարտ եւ այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դէպի արարում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի կապակցութեամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ առաջընթաց»:

 


comments