Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին

By news.am | Saturday, 10 October 2009

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ցյուրիխից:Ստորագրման արարողությունը տեղի է ունենում Շվեյցարիայի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում։

Ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Արարողությունն ավարտվեց Երեւանի ժամանակով ժամը 23.21-ին:

Հիշեցնենք, որ արարողությունը հետաձգվել էր ամփոփիչ հայտարարության կապակցությամբ կողմերի տարաձայնությունների պատճառով: Կատարվածի վերաբերյալ հակասական տեղեկություններ էին ստացվում: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Իան Քելլին հայտարարել էր, թե ամերիկյան կողմը աջակցել է կողմերին համաձայնության գալ հայտարարության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ CNN Turk-ը հաղորդել էր, որ թուրքական կողմը փորձել է փոփոխություններ մտցնել նախաստորագրված արձանագրությունների մեջ, ինչին ընդդիմացել են հայ դիվանագետները:

Թուրքական Zaman թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա, նշել էր, որ թուքական կողմի ամփոիչ հայտարարության տեքստում ձեւակերպում կար, որտեղ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին: Հայկական կողմն ընդվզել է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայկական կողմի հետ բանակցություններից հետո ստացել է թուրքական կողմի հայտարարության փոփոխված տարբերակը:

comments