<<Բոլոր ստորաբաժանումները համալրուած են>>. Սէյրան Օհանեան

By Asbarez | Friday, 08 April 2016

 

0408seyran

ԵՐԵՒԱՆ, <<Ազատութիւն>> - Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան 7 Ապրիլին երախտագիտութեան խօսք ուղղած է կամաւորականներուն՝ հաստատելով, որ բոլոր ստորաբաժանումները համալրուած են արդէն։

<<Այս օրերին բազմաթիւ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին եւ համալրեցին Պաշտպանութեան բանակի բոլոր ստորաբաժանումները, եւ կարծում եմ, որ այսօրուայ հայկական բանակի հրամանատարների եւ զինուորների պատրաստութիւնը շաղախուեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամաւորականների փորձառութեան հետ, եւ դա էլ հիմք հանդիսացաւ այն յաջողութեան, որը մենք ունեցանք Արցախեան ամբողջ ճակատում>>, ըսած է նախարարը:

Նախորդող օրերուն հայրենի սահմանի պաշտպանութեան ի խնդիր նահատակուածներուն մասին խօսելով՝ նախարար Օհանեան յայտնած է. <<Մենք, ի հարկէ, այս օրերին, յաջողութիւնների հետ մէկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաեւ ցաւ ենք ապրել, ցաւ, որովհետեւ նրանք իրենց կեանքը տուել են մեր հայրենիքի սուրբ հատուածի՝ Արցախի պաշտպանութեան համար: Բայց այսօրուայ մեր ունեցած յաջողութիւնները, յաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցաւը շաղախուի նրանց կատարած հերոսութիւնների սխրանքի հետ, եւ կարծրանայ որպէս պատասխանատուութիւն՝ հետագայ մեր գործողութիւնների համար: Եւս մէկ անգամ իմ շնորհակալական խօսքը ձեզ բոլորիդ, եղէք համբերատար, եւ անպայման յաղթանակները կը լինեն մեզ հետ>>։

 

 

 

 


comments