Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի քաղաքական ուժերի յայտարարութիւնը Երեւան քաղաքում իրավիճակի կապակցութեամբ

By Aztag Daily | Sunday, 31 July 2016



Արդէն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստութեամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում ծաւալուող իրադարձութիւններին: Մեզ համար խորապէս մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունութիւնն ու քաղաքացիական համերաշխութիւնը:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահօրէն դատապարտում են պետականութեան հիմքերը խարխլող բռնութեան ցանկացած դրսեւորում եւ կոչ են անում զսպուածութիւն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրայեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակութեանն ու անվտանգութեանը:

Հայութեան համար բախտորոշ այս փուլում մենք իրաւունք չունենք ստեղծելու ներքին լարուածութեան օջախներ: Առկայ խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրաւէրների պարագայում շեղում մեր հաւաքական զգօնութիւնը` թուլացնելով այն ներքին անկայունութեան փորձութիւններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախօրէն հսկող մեր ժողովրդի զաւակների տրամադրութեան վրայ:

Համոզուած ենք, որ բանակցութիւնների ճանապարհով հնարաւոր կը լինի խուսափել արիւնահեղութիւնից: Զինուած խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զէնքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրէնսդրութեան շրջանակներ:

Մենք դիմում եւ ապաւինում ենք մեր ժողովրդի խոհեմութեանն ու ինքնապահպանման բարձր զգացողութեանը` կանխելու զարգացումների յետագայ սրացումը, որի հետեւանքները կարող են շատ թանկ արժենալ ներկայ եւ ապագայ սերունդների համար:

<<Ազատ Հայրենիք>> կուսակցութիւն
<<Հայ Յեղափոխական դաշնակցութիւն>>
Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն
<<Շարժում-88>> կուսակցութիւն

 



comments