By Asbarez | Monday, 19 December 2011
ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ռեփորթ».- Անցնող քաղաքական տարում կայ մի բան, որը առհասարակ չի հետաքրքրում ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Յովհաննիսեանին, եւ նրա խօսքերով՝ նաեւ ժողովրդին. խօսքը կադրային (պաշտօնեաներու-Խմբ.) փոփոխութիւնների մասին է:
«Ես հասկանում եմ, որ այս փոփոխութիւնները հետաքրքրական են լրագրողների համար, սակայն ժողովրդի համար այս ամէնը հետաքրքրական չէ, որովհետեւ՝ ժողովուրդը իր ամէնօրեայ սոցիալական հարցերի մէջ է խճճուած, ինձ համար էլ հետաքրքրական չէ, քանի որ ես վաղուց արդէն նման բաների չեմ հաւատում»:
Առհասարակ գոյութիւն ունի կադրային փոփոխութիւնների երկու տարբերակ. առաջինը՝ երբ իշխանութիւնները հասկանում են, որ տուեալ պաշտօնեան իր տեղում չէ, գիտակցում են նրան՝ այդ պաշտօնին նշանակելու իրենց սխալը, ու հետեւաբար հանում են, փոխարէնը բերում նորին, եւ երկրորդ տարբերակ, երբ իրականացնում են փոփոխութիւններ՝ նախընտրական ինչ-ինչ նկրտումներից ու ցանկութիւններից ելնելով՝ գալիք ընտրութիւններին «արժանուոյնս» նախապատրաստուելու համար: Քանի որ մեզանում վերջերս իրականացուած կադրային փոփոխութիւնները հէնց երկրորդ տարբերակն են, հետեւաբար՝ Վահան Յովհաննիսեանն էլ այդ փոփոխութիւններին «վաղուց արդէն» չի հաւատում:
Ըստ ամենայնի, ՀՅԴ բիւրոյի անդամը չի հաւատում իր ներկայացրած քաղաքական ուժի եւ, ասենք՝ ՀԱԿի համագործակցութեանը, չնայած նշեց. «Որոշ քաղաքական ուժերի, այդ թւում» ձեր ասած ուժի (ՀԱԿի- Հայ ազգային կոնգրես-Խմբ.) հետ գործակցութիւնը չեմ բացառում»: Իսկ այդ գործակցութիւնը կարող է լինել, օրինակ, ազատ ու արդար ընտրութիւններ անցկացնելու մասով: Յիշեցնենք, որ ՀԱԿը այս կապակցութեամբ առաջարկում է պլատֆորմ ու սրան միանալու կոչով արդէն դիմել է բոլոր ընդդիմադիր ուժերին:
Այս կապակցութեամբ Վահան Յովհաննիսեանը յիշեցնում է. «Երբ ժամանակին մենք ու «Ժառանգութիւնը» պայքարում էինք նոր Ընտրական օրէնսգրքի ստեղծման համար, նամակներ էինք յղում Վենետիկի յանձնաժողով, եւ պէտք է նշեմ, որ մեր այս պայքարը որոշակի յաջողութիւններ ունեցաւ, այդ ժամանակ, ՀԱԿը հեգնանքով էր մօտենում մեր այս ձեռնարկներին, այս քաղաքական ուժի պաշտպան ԶԼՄներն (զանգուածային լրատուական միջոցները-Խմբ.) էլ կոչ չէին անում ՀԱԿին՝ միանալ մեզ: Մարդիկ այդ ժամանակ արտահերթ ընտրութիւններին էին գնում՝ դա դիտարկելով որպէս Հայաստանում ժողովրդավարութիւն հաստատելու միակ ճանապարհ: Սակայն, հիմա, ստացւում է, նրանք արդար ընտրութիւնների պլատֆորմ են մշակում եւ առաջարկում են մեզ՝ միանալ: Հիմա, փաստօրէն մենք ճիշտ էինք, չէ՞, երբ պնդում էինք, որ մեր երկրում ժողովրդավարական կարգերի հաստատումը հնարաւոր է միայն այս ճանապարհով: Այժմ, ստացւում է, ՀԱԿում էլ հասկանում են, որ արդար հերթական ընտրութիւնների անցկացումն է այդ ճանապարհը, քանի որ հակառակ պարագայում չէին առաջարկի այդ պլատֆորմը»:
Յովհաննիսեանն այդուհանդերձ նշեց, որ ՀՅԴն կ՛ուսումնասիրի ՀԱԿի առաջարկութիւնը. «Ու եթէ մենք տեսնենք, որ նրանք նոր բան չեն առաջարկում, այլ այն է, ինչ մենք ու «Ժառանգութիւնն» արդէն իսկ ունենք, ապա միանալու իմաստը որն է»:
Բոլոր դէպքերում դժուար է պատկերացնել կոնկրէտ ՀՅԴ-ՀԱԿ համագործակցութիւնը, ինչպէս եւ դժուար է պատկերացնել մեր երկրում արդար ընտրութիւնների անցկացումը: Նոյն Յովհաննիսեանի խօսքերով՝ «ընտրակեղծիքներն արդէն իսկ սկսուել են», եւ ճիշդ չէ այն մօտեցումը, թէ ընտրութիւնները կեղծւում են միայն ընտրութիւնների ընթացքում:
Օրինակ՝ երբ պետբիւջէից ֆինանսաւորուող միջոցառումների ժամանակ բաժանւում են կուսակցական տոմսեր, հասկանալի է՝ Հանրապետական կուսակցութեան տոմսեր, Վահան Յովհաննիսեանի մօտ առաջանում են «բոլշեւիկեան ժամանակների յիշողութիւններ», կամ երբ բարձր պաշտօններ զբաղեցնողները՝ նախագահը այդ թւում, կրում են կուսակցական տարբերանշան, ՀՅԴ ներկայացուցչի տրամաբանութեամբ դա նշանակում է, որ նա տուեալ քաղաքական ուժի նախագահն է միայն, այլ ոչ՝ հանրապետութեան, ասել է թէ՝ բոլորի: «Այս առումով կարծում եմ, որ Հայաստանում ընտրութիւններ որպէս այդպիսին չեն լինում, քանի որ ընտրութիւնները լինում են ներքեւից, մինչդեռ մեզանում հակառակն է: Տարբեր քաղաքական ուժեր այժմ էլ միացրել են իրենց փոշեկուլները ու սկսել քուէահունձքը՝ ով որքան քուէ կը կարողանայ՝ արդէն իսկ տանում է:
Արդէն բուն ընտրութիւնների ժամանակ էլ ընտրակեղծիքները եղած փաստ են այլեւս, հէնց այս պատճառով էլ հանգիստ հրաւիրւում են եւրոպացի դիտորդների՝ գնահատելու մեր «արդար» ընտրութիւնները, մինչդեռ հունձքն արդէն աւարտուած է լինում», նկատեց Վահան Յովհաննիսեանը:
Ի դէպ, վերջինս, օրինակ, օրէնք կ՛ընդունէր, որով կ՛արգելուէր «ինչ-որ պաշտօնից բարձր պաշտօնեաների կուսակցական տարբերանշաններ կրել, քանի որ դա ըստ էութեան տուեալ կուսակցութեան գովազդն է»:
Արդար ընտրութիւնների անցկացման գլխաւոր խոչընդոտներից մէկն էլ ընտրակաշառքներն են: Ճիշդ է, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկեանը չի կարծում, որ «Հայաստանում դեռ կան 5000 դրամով քուէ տրամադրողներ», սակայն սա չի նշանակում, որ առհասարակ՝ «քուէ տրամադրողներ» չկան:
Այս կապակցութեամբ ՀՅԴ ներկայացուցչի մեկնաբանութիւնը հետեւեալն է. «Սկզբում ես կարծում էի, որ ճիշդ է այդ կաշառքը վերցնել, բայց յետոյ քուէարկել՝ խղճի թելադրանքով, քանի որ այդ կաշառքն ըստ էութեան կաշառք էլ չէ, այլ շատ հնարաւոր է՝ քաղաքացուց գողացուած գումարն է: Սակայն հիմա ես կարծում եմ, որ Հայաստանում կայ մարդկանց մի կատեգորիա (տեսակ-Խմբ.), որի հետ ձեռքսեղմելը, ցանկացած տիպի գործարքի մէջ մտնելը միայն աղտոտում է նրանց, ովքեր մտնում են այդ գործարքի մէջ: Նման մարդկանց պէտք է ասել ուղղակի՝ տօ քո փողն էլ, դու էլ»:
Վերջում ՀՅԴ ներկայացուցիչը յոյս յայտնեց. «Ես յուսով եմ, որ ընդդիմադիր ուժերիս կը յաջողուի ակտիւ նախընտրական գործողութիւններով վերականգնել մեր ժողովրդի իմունային (ախտերէն ձերբազատուելու-Խմբ.) համակարգը, արթնացնել նրան: Վերջին տարիներին մենք զրկուել ենք պաշտպանական համակարգից», հէնց այս յոյսի իրագործման մէջ էլ Յովհաննիսեանը տեսնում է արդար ընտրութիւնների անցկացումը եւ հետեւաբար՝ այդ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած, ժողովրդի քուէն ստացած իշխանութիւնների կազմաւորումը:
Ընդհանուր տարին ամփոփելով՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց. «Ինչ ձեռքբերումների մասին կարող ենք խօսել, երբ ամէն հինգերորդ մարդուց մէկը աղքատ է»: Արտաքին յարաբերութիւնների ոլորտում Վահան Յովհաննիսեանը այդուհանդերձ յաջողութիւններ տեսաւ, օրինակ բարձրաստիճան այցելութիւններ՝ մի շարք կարեւոր երկրներ, եւ նշանակալից այցեր՝ մեր երկիր:
Այս վերջին շարքում ՀՅԴ ներկայացուցիչը դասեց Ֆրանսիայի եւ Լիբանանի նախագահների այցերը Երեւան «եւ այստեղ նրանց կողմից հնչեցրած՝ մեզ համար ուշագրաւ յայտարարութիւնները»: Այնուամենայնիւ՝ Յովհաննիսեանի մեկնաբանմամբ՝ արտաքին քաղաքականութեան ոլորտին հիմնական գնահատական տալու համար անփոփոխ եւ հիմնական մնաց այն հանգամանքը, որ Երեւանն այդպէս էլ իր ստորագրութիւնները ետ չկանչեց հայ-թուրքական զոյգ արձանագրութիւններից:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ