Թաթոյեան Արձագանգեց Ատրպէյճանի Կողմէ Հայաստանի Բնակիչներու Իրաւունքներու Դիտաւորեալ Խախտումներուն

By Asbarez | Tuesday, 31 August 2021

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպանը 30 Օգոստոսին, Ատրպէյճանի կողմէ Հայաստանի քաղաքացիներուն իրաւունքներու դիտաւորեալ խախտումներուն վերաբերեալ պաշտօնական հաղորդում պիտի ուղարկէ միջազային կառոյցներուն, ինչպէս նաեւ Հայաստանի պետական մարմիններուն եւ Հայաստանի քաղաքացիական-հասարակական կազմակերպութիւններուն:

«Օգոստոսի 29ի առաւօտեան, ժամը 11ից ադրբեջանական զինծառայողները դիտաւորեալ հրդեհներ են գցել Սոթք եւ Կութ գիւղերի հարեւանութեամբ՝ իրենց վրանների մօտից: Օրուայ ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գիւղի ուղղութեամբ հրդեհները մարուել են, իսկ Կութի հարեւանութեամբ հրդեհները չեն մարել ու տարածուել են՝ եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակուող լուսանկարները ցոյց են տալիս այս պահի վիճակը: Յատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքներն են ու արտօվայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապէս ոչնչացւում են: Հաշուի առնելով նաեւ, որ ադրբեջանական զինուած ուժերը ներխուժել ու տեղակայուած են գիւղերի անմիջական հարեւանութեամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաեւ գիւղերի քաղաքացիական բնակչութեան համար: Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ այս ներթափանցման յանցաւոր արարքները կատարւում են դիտաւորութեամբ. նախ, ադրբեջանական զինծառայողները յստակ գիտակցում են, որ տեղակայուած են քաղաքացիական բնակիչներին պատկանող արօտավայրերի ու խոտհարքների, ինչպէս նաեւ վարելահողերի մէջ եւ որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարեւանութեամբ գտնուող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մօտենալու դէպքում նրանք արձակում են կրակոցներ: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագօրէն տարածուելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբիւրից: Եւ յետոյ, նրանք գիտակցում են նաեւ, որ բնակիչները նոյնպէս տեսնելու են այս հրդեհները եւ դա ակնյայտօրէն անում են քաղաքացիական բնակչութեանը վախեցնելու նպատակով: Ադրբեջանական զինուած ուժերի հեռանալը ՀՀ գիւղերից եւ համայնքների միջեւ ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխաւորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կեանքը: Սիւնիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թւում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են աւելի ու աւելի վտանգաւոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտաւորութիւն, դարձել են թիրախային, իսկ իրաւունքների խախտումները կրում են զանգուածային բնոյթ», գրած է Թաթոյեան։

comments

Advertisement