Աւստրալիացի 16 Յայտնի Քաղաքական Գործիչներ Միացել Են Արցախի Աւստրալիացի Բարեկամների Խմբին

By ANC-AU | Monday, 23 August 2021



Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրիւ Բրեգի եւ Ժանեթ Ռայսի առաջնորդութեամբ Արցախի աւստրալիացի բարեկամների մշտապէս աճող խմբին են միացել եւս 16 նշանաւոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետութեան ինքնորոշման իրաւունքին։

Արցախի աւստրալիացի բարեկամների խումբը կազմաւորուեց 2019 թ․ Օգոստոսին, երբ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը եւ Աւստրալիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչը հիւրընկալեցին Արցախի Հանրապետութեան պատուիրակութեանը՝ գլխաւորութեամբ այն ժամանակուայ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի եւ Արցախի ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի։ Ի պաշտպանութիւն Արցախի Հանրապետութեան բնիկ հայութեան ստեղծուած խումբը ձեւաւորուելիս ունէր շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիւը գերազանցում է 70ը։

Խմբի վերջին համալրողների մէջ են ֆեդերալ սենատորներ Էնդրիւ Բրեգը եւ Ժանէթ Ռայսը, օրէնսդիրներ՝ Նոր Հարաւային Ուելս եւ Հարաւային Աւստրալիա նահանգների օրէնսդիր մարմիններից։ Ի դէպ Հարաւային Աւստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը 2020 թ․ պատերազմի ժամանակ։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ աւստրալահայ համայնքն երբեք չի հրաժարուի Արցախի Հանրապետութեան հերոսական ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնից։

Գայսէրեանը մասնաւորապէս նշել է․ «Անցեալ տարի Արցախի Հանրապետութեան վրայ կատարուած յարձակումներից յետոյ Ադրբեջանը գրաւեց ոչ միայն պատմական հայկական հողերի 70 տոկոսը, այլ նաեւ խախտեց միջազգային օրէնքները` պղծելով հայկական մշակութային եւ կրօնական վայրերը, անօրինական ձերբակալելով աւելի քան 150 հայ ռազմագերիների, որոնց ենթարկում է քաղաքական սակարկութիւնների։ Այս գործողութիւնները, ինչպէս նաեւ հայ ժողովրդի նկատմամբ բռնապետ Իլհամ Ալիեւի բաց եւ թշնամական հայատեաց յայտարարութիւնները հայ-աւստրալիական համայնքի համար առաւել մեծ առաջնահերթութիւն են դարձնում Արցախի Հանրապետութեան բարեկամների խմբի աւելացումը: Այս նոր համալրումը աւստրալական ոգու եւ պատմութեան օրինակ է, երբ խօսքը վերաբերում է մարդու իրաւունքների եւ արդարութեան պահպանմանը։ Աւստրալիան, ինչպէս Կոսովոյի եւ Արեւելեան Թիմորի դէպքում, չի հանդուրժի ինքնորոշում փնտռող բնիկ ժողովուրդների վտանգուածութիւնը»:

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի ջանքերի արդիւնքում՝ Արցախի աւստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները, մինչ այդ էլ աչքի են ընկել Աւստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանութեամբ։

Արցախի աւստրալիացի բարեկամների խմբի համալրման մասին Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի ամբողջական յայտարարութեանը անգլերէնով կարող էք ծանօթանալ այս յղումով:

comments

Advertisement