Պրն. Պասմաճեան «Առիթը բանանք երիտասարդութեան եւ կը տեսնենք թէ հրաշքը ինչպէս կը պատահի»

By Rostom Chater,armenia.com.au | Friday, 16 May 2014


 

ՀԱՐՑ:2014 ուսումնական  տարեշաջանը  ձեր տնօրէնութեան երկրրոդ տարին է Գօլստըն ճեմարանի մէջ : Արդեօ՞ք կարելի է տեղեկացնել  ճեմարանի ուսման մակարդակին մասին. եւ ինչպիսի արդիւնք ունեցաւ ճեմարանը 2013 տարեշրջանին ընդհանրապէս :

ՊԱՏ: Մակարդակի մասին խօսելու համար  թոյլ տուէք որ մի քանի մանրամասնութիւն տամ անգլերէնով թէ հայերէնով ուսուցուած նիւթերուն եւ Ճեմարանի ձեռք բերած արդիւնքներուն մասին:  HSCի մէջ ձեռք բերած արդիւնքները աւելի քան  30%ով  կը գերազանցեն 2012ի արդիւնքները : Ամենէն բարձր ATAR միջինը  89 է : 2012ին ՝ 81   :2013ին  Հայերէնի մէջ մեր 13 HSCի աշակերտներուն նիշերը հետեւեալներն են . 3 աշակերտ՝ 89, 3 ՝ 88 , 4  աշակերտ՝  80էն 87 :  Ստորեւ՝  Նիւ Սաութ Ուէյլզ նահանգի հետ համեմատական տախտակ մը պետական աւարտական քննութիւններուն մէջ 80-100 միջին բերող աշակերտներուն:

Նիւթ

% Նահանգ

%Գօլստըն




Հայերէն

63

77

Ընդհ. Պատմութիւն

47

57

Թուաբանութիւն

20

31

Կենսաբանութիւն

32

33

Պիզնըս

35

36

Ճիշդ է որ նահանգի արդիւնքներուն հետ բաղդատած աւելի լաւ արդիւնք ապահոված ենք կարգ մը նիւթերու մէջ սակայն մենք մեզմէ գոհ չենք : Գոհանալը յառաջընթացը կեցնել կը նշանակէ: 2014ին կը յուսանք  աւելի լաւ արդիւնք  ձեռք ձգել :

 

ՀԱՐՑ:Իմացանք թէ ճեմարանի աշակերտութեան թիւը այս տարեշրջանին աճում չէ արձանագրած:  Ճի՞շդ է այդ: Եթէ այո՝   արդեօք կարելի է իմանալ թէ ինչ են  պատճառները:

ՊԱՏ: Լաւ հարցում է : Ձեր մատը վէրքին վրայ դրիք: Այո՛ :Ոչ միայն աճում չէ արձանագրած այլ նուազում : Մի քանի հարցազրոյց տուի հայկական ռատիոկայաններուն եւ թերթերուն եւ միտքս բացատրեցի այնտեղ: Մի քանի օր առաջ Պրն Յարութ Սասունեանը Ճեմարան այցելեց եւ մեկնեցաւ մեծ տպաւորութիւններով: Նոյն երեկոյեան ելոյթ մը ունէր , ուր  ըսաւ . «Զաւակներս հայկական վարժարան աւարտեցին : Շատեր Լոս Անճելըսի մէջ  կ'ըսեն թէ օտար վարժարաններու մէջ աւելի լաւ անգլերէն կը սորվին : Ես ալ իրենց իմ օրինակս կուտամ. Ես Հալէպ ծնած եմ ,ապա հաստատուած Պէյրութ.  սորված եմ Հայերէն, Արաբերէն , Ֆրանսերէն  : Վերջին լեզուն որ սորված եմ՝ Անգլերէնն է  : Հիմա անգլիատառ թերթ կը հրապարակեմ , խմբագրականները ես կը գրեմ մաքուր անգլերէնով : Մի ղրկէք ձեր զաւակները օտար վարժարաններ, հայկական վարժարանի մէջ անոնք կը սորվին անգլերէնը դիւրութեամբ , մի մտահոգուիք »: Սասունեանը խօսեցաւ ախտի մը մասին որ վարակած է մեզ այս գաղութին մէջ ալ : Օտարախտ : Մեր քիթին տակ ապրող հարիւրաւոր ընտանիքներ օտար վարժարաններ կ'ուղարկեն իրենց զաւակները հազար ու մի պատրուակ գտնելով : Ըստ իս Հայ գաղութը տիրութիւն չըներ Ճեմարանին ոչ ալ ՀԲԸՄի Ալեքսանդր հայկական վարժարանին : Ասկէ առաջ հետեւեալը ըսի այլ թերթի մը հարցազրոյց տուած ատեն. «...Այս եւ նման վարժարանները միայն ուսում ջամբելու հաստատութիւններ չեն , անոնք ՄԻՋԱՎԱՅՐ են , անոնք ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ տանող հաստատութիւններ են, անոնք ԻՆՔՆՈՒԹԻՒՆ ԿԵՐՏՈՂ դարբնոցներ են : Մինչեւ ե՞րբ «բոլոր սապճէքթները չունի դպրոցը» անհեթեթ պատրուակը պիտի տայ հայկական դպրոց չուղարկող հայը : Բերէ՛ք ձեր զաւակները խուռներամ , մասնակցեցէք ազգային կեանքին եւ յետոյ տեսէք թէ սապճէքթներու որքան առատութիւն գոյութիւն կրնայ ունենալ : Ի՞նչ ըսել է ամէնօրեայ երկու եւ շաբաթօրեայ 5 վարժարաններու աշակերտութեան թիւը առաւելագոյնը 600: Սա խայտառակութիւն չէ հապա ի՞նչ է: Յո՞ երթանք ...: Գնահատանքի խօսք ունիմ այն հայ ընտանիքներուն , որոնք հեռաւոր Ֆէրֆիլտէն եւ Պանքսթաունէն իրենց զաւակները կ'ուղարկեն դպրոց ամէն օր , լման տարին եւ տարիներ շարունակ: Կատակ չէ այս : Խնամակալութիւնը , ի գին նիւթական զոհողութեանց այս աշակերտներուն տրամադրած է երկու պասեր , որ այդ աշակերտները փոխադրեն դպրոց » :

Թէ լուրջ ուսումնասիրութիւններ եղա՞ծ են ,այո՛, եղած են:  Խնամակալութիւնը մարքէթինկի պիւտճէ տրամադրած է : Խորթ կը թուի ինծի  մտածել թէ հայ ծնողքին  հայ վարժարանը մարքէթ պէտք է  ընել ...:  Ստիպողութիւնը ո՞ւր հասցուցեր է մեզ : Open day  ունինք Մայիս 20ին , հարիւրաւոր հրաւէրներ ուղարկուած են , չեմ գիտեր քանի հոգի ընդառաջ պիտի գայ ...

Ճեմարանը լաւ դպրոց է. Ո՛չ որովհետեւ ես տնօրէնն եմ այս հաստատութեան հետեւաբար կը գովեմ զայն : Աւստրալական հայկական լիիրաւ արժէքներով դպրոց է : Մաքուր մթնոլորտով : Հաւասարակշռուած պիւտճէյով: Թէ սխալներ  եւ տկարութիւններ չունի՞նք: Քաւ լիցի:  Հետեւաբար միջին հայ անհատէն թշնամական վերաբերում չենք ակնկալեր , ընդհակառակը, սէր ու գուրգուրանք կը սպասենք , շինիչ քննադատութիւն կը սպասենք, իրագործելի առաջարկներ կը սպասենք , մասնակցութիւն կը սպասենք , դպրոցին տարտը մեզի հետ բաժնել կը սպասենք : Դպրոցի զարգացման համար օժանդակութիւն կը սպասենք :

ՀԱՐՑ: Մտահոգիչ իրականութիւն է.  որ սփիւռքի մէջ նոր սերունդը հայերենի ընթերցոման եւ հայերեն խօսելնուն   մէջ ետ դարձ կ'արձանագրէ. Ի՞նչ է ձեր կարծիքը, եւ  ճերմարանի մէջ ինչ մակարդակի է հայերենի ուսուցումը. Արդեօ՞ք  աշակերտութիւնը  հետաքրքրուծ է Հայերէն գիր գրականութեամբ:

Պատ : «Լեզուն կը նահանջէ, լեզուն կը նահանջէ, լեզուն կը նահանջէ» կ'ահազանգէ Շահան Շահնուր իր «Նահանջը Առանց Երգի» գիրքին մէջ , առաջին անգամ տպուած Ֆրանսա 1929ին ,  ուր կը մատնանշէ թէ հայը ինչպէս կ'այլասերի եւ կ'ուծանայ օտար շրջանակի մէջ: Ուստի, ցաւը նոր չէ :Անոր առաջքը առնելը մեծ ճիգի կը կարօտի : Ճեմարանի մէջ հանգրուանային փլանաւորում կայ հայկականութեան ամրապնդման գործընթացին առնչուած: Աշակերտութեան այն հատուածը , որուն ծնողքը խստապահանջ է ՝ հետաքրքրութիւն ունի հայ գիրով բայց ո՛չ գրականութեամբ : Ուսուցիչները անկարելին կարելի դարձնելով կը ջամբեն հայերէնը: Այս տարեշրջանին յատուկ ուսուցչուհի ունինք որ հայերէնի մէջ տկար աշակերտներուն յատուկ ժամ կը տրամադրէ որ անոնք գէթ երրորդ երկամսեակին կարենան իրենց դասընկերներուն մակարդակին հասնիլ: Ուսուցչուհիին ճիգը կ'արդիւնաւորուի այն աշակերտներուն պարագային որոնց ծնողները կ'օգնեն այս գործընթացին զարգացման : Հայակերտման աշխատանքին մէջ ծրագրուած աշխատանքներ կը տանինք , բնականաբար հանգրուանային եւ երկար ժամկէտով : Օրինակ մը տուած ըլլալու համար, այս տարի կարողացանք հայկական աւանդական եւ ժամանակակից երաժշտութիւնը աւստրալական կրթական ծրագրին մէջ ներառել 7րդ եւ 8րդ դասարաններու մէջ: Բազմապիսի միջոցներու կը դիմենք եւ պիտի շարունակենք դիմել որ հայկականութիւնը չխամրի մեր աշակերտներուն մէջ եւ վաղը անոնք դառնան հայ ղեկավարութիւն: Հայ եկեղեցւոյ հետ մօտիկութիւնն ալ հայկականութեան ջրաղացին ջուր լեցնել կը նշանակէ: Այսօր, եկեղեցի եւ Ճեմարան լաւագոյն յարաբերութեանց մէջ ենք: Նմանապէս Սփիւռքի Նախարարութեան հետ: Ծրագիրներ կան եւ յուսով ենք կամաց կամաց զանոնք գործնականացած տեսնել:

ՀԱՐՑ:  Ինչ է ձեր գնահատականը եւ տպաւորութիւնները մեր գաղութի 30000  կամ թէ 35000 հայ համայնքի մասին:

ՊԱՏ : Ներուժ ունեցող գաղութ մըն է , զարգացած երիտասարդութեամբ ու մասնագէտ , կիրթ ու քաղաքավար երիտասարդներով: ճամբայ պէտք է բանալ անոնց: Իրենք պիտի ստանձնեն ղեկավարութիւնը եւ մենք իրենց զօրաւիգ պիտի կանգնինք ո՛չ միայն բանիւ այլ գործով: Համագաղութային ծրագրուած աշխատանք հնարաւոր է տանիլ մեծ մաշտապով , ինչո՞ւ չընենք, ի՞նչ կը պակսի մեզի: Nike ի լոզունգը ՝ Let’s do it!  սկզբունքային նշանակութիւն ունի ինծի համար.  Առիթը բանանք երիտասարդութեան եւ կը տեսնենք թէ հրաշքը ինչպէս կը պատահի:


Հարցազրոյցը վարեց՝

Ընկեր Ռոստոմ Չէթըր

comments

Advertisement