Վերջին Դատաստանը թատերախաղը

By Նշան Պասմաճեան - armenia.com.au | Monday, 26 May 2014

Ալպէր Քամիւի խօսքերով ՝ մարդ կը ստեղծագործէ երբ իր պայմաններուն Ո՛Չ կ'ըսէ, երբ կը տագնապի:

Յակոբ Պարոնեան Թատրոնի յիսնամեայ յոբելեանին առթիւ , հեղինակութեամբ եւ բեմադրութեամբ Կարօ Խաչիկեանի , Glen Street Theatre ի  մէջ Շաբաթ 24 եւ Կիրակի 25 Մայիսին ներկայացուեցաւ <<Վերջին Դատաստանը>> թատերախաղը կազմակերպութեամբ Համազգային Շանթ Մասնաճիւղի վարչութեան :

Վարագոյրը բացուեցաւ եւ <<Փնտռուածներ>>ը աւելի քան քսան հայերէն  երգերու նմուշներով , նուագներով , արդիական պարի շարժումներով հանդիսատեսը դրին ուրախ տրամադրութեան մէջ եւ զայն  կանչեցին թատրոն: Երաժշտութիւնը կանգ առաւ եւ բեմ բարձրացաւ վաստակաւոր դերասանուհի եւ ռատիոյի խօսնակ եւ թատրոնի պատասխանատու ՝ Ազնիւ Ինկիլիզեան : Ան  տպաւորիչ բացման խօսքով պատրաստեց հանդիսատեսը  գալիքին ,միեւնոյն ատեն յանձնառութիւն առաւ եւ ըսաւ , թէ ան վճռակամ էր այս թատրոնը շարունակելու եւ անոր յիսնամեայ տեսլականին հաւատարիմ մնալու :

 

Խաչիկեան կատակերգութիւն ներկայացուց եւ ո՛չ զաւեշտ : Ան ըսելիք  ունէր մեզի , դաստիարակեց ու մեզ տուն ուղարկեց պատգամով մը: Յստակ  է որ հեղինակ-բեմադրիչ-դերասանը խոր տագնապ կ'ապրի որպէս մարդ , քրիստոնեայ եւ հայ : Սփիւռքեան պայմաններուն մէջ քրիստոնեայ մարդուն ընչաքաղցութիւնը , նիւթին գերի դառնալը, քաղքենիացումը լուսարձակի տակ առած է բեմադրիչը , հանդիսատեսը յարատեւ զբաղած պահելով  բայց միշտ անոր տալով  գալիքին անորոշութիւնը  : Խաչիկեանի հիւմուրն ու երգիծանքը իւրայատուկ են եւ դիպուկ . <<հայերը 9 հոգիով պարահանդէս կ'ընեն >> , <<ընկեր սատանայ>> , <<աշխարհի սատանաները աւելի վտանգաւոր են քան երկինքի սատանաները>> արտայայտութիւնները , ապա քրիստոնեայ հայուն ինքնախաբէութիւնը ՝ <<ես ամէն Կիրակի եկեղեցի կ'երթամ , հետեւաբար ես դրախտ պիտի երթամ >> : Խաչիկեան ծաղրած է հայուն պարծենկոտութիւնը եւ մակերեսայնութիւնը , արժէքներ իմաստաւորելու մէջ թերացումը : Իր թատերական յատկութիւններէն մին է ծիծաղելի երեւոյթի մը ընթացքին ամենայն լրջութեամբ բարոյական  խրատ մը տալը , որ հակասական իրավիճակ կը ստեղծէ  սակայն հանդիսատեսը առանց իր ժպիտը կորսնցնելու հաճոյքով կ'ըմբոշխնէ տրուած խրատը : Այսպէս՝ <<օրական 20 տոլար շանդ կերակուր գնելու տեղ ,Անո՛ւշ, գնա ազգիդ տուր այդ դրամը >>: <<Յակո՛բ , դրամին ետեւէն մի վազեր , դարձի եկուր>> , <<Շնորհակալութիւն չյայտնեցինք Աստուծոյ՝ աւելի՛ն ուզեցինք>>: Խաչիկեանի ծիծաղաշարժ տիպարները լուրջ են եւ խորքային , բեմի վրայ հանդիսատեսը զբաղեցնող են միեւնոյն ատեն՝ բարոյախօս: Խաչիկեանի տագնապն է որ զինք մղած է ուսումնասիրելու մարդը ընդհանրապէս ապա սփիւռքահայ մարդը իր ապրած իրականութեան ծիրէն ներս՝ մասնաւորապէս: Կուշտ ծիծաղէ ետք  Խաչիկեան յանկարծ Կարոյի բերնով կը խրատէ՝ << Քեզի ազդանշան է այս երազդ որ ինքզինքդ շտկես>> : Այս խօսքերով հեղինակը մէկ կողմէն հանդիսատեսը կը հրաւիրէ անդրադառնալու արդի մարդուն ընչաքաղցութեան , պատեհապաշտութեան , Աստուծոյ  ներողամտութեան  եւ միւս կողմէ  ժամանակի սղութեան գիտակցութեան : Ասոնց անգիտակից մարդուն  պատիժը՝ դժոխքն է : Այլաբանական իմաստ ունի վերջին դատաստանին հասնող բոլոր հայերը Աստուծոյ հրամանով դժոխք ուղարկուիլը :

 

Խաչիկեան յաջողած է իր ինքնատպութեամբ յեգնել արդի յոռի բարքերը , սակայն չէ յաջողած իր գործածած բառամթերքով ինքնատիպ մնալ: <<Ակա» բառի յաճախական գործածութիւնը , <<կ'երթամ է , կուգամ է >> եւ այլ սխալ հայերէն բառամթերք ի ճոխութիւնը  Խաչիկեանի թատրոնին վրայ ոչինչ կ'աւելցնեն : Մաքուր հայերէնով ալ կարելի է ծիծաղ շարժել : Միշտ պէտք է ի մտի ունենալ թէ Թատրոնը դաստիարակող հաստատութիւն է , դաստիարակող արուեստ, հետեւաբար անոր տալիք պատգամին չափ կարեւոր է այնտեղ գործածուած լեզուին մաքրութիւնը ...

 

 

Ուրախալի երեւոյթ է տեսնել Խաչիկեանի թատրոնի դերակատարներուն մէջ մի քանի սերունդներու ներկայացուցիչներ , նախակրթարանի 5րդ դասարանի աշակերտներէն մինչեւ մայրեր, հայրեր ու մեծ ծնողներ : Տաղանդաւոր երեխաներ են Սերժ Թահանեանը , Արման Մարտիրոսեանը , Մէրի Ղարիպեանը փոքր սատանաներու եւ հրեշտակի դերերով  : Ապագայ թատրոնի դերասաններ են այս երեխաները , որոնց թափը պէտք չէ կոտրել: Արհեստավարժ դերասանուհիի խաղարկութիւն ցուցաբերեց Զուարթ Սմսարեանը իր ապագան մտածող այրի կնոջ դերով : Անոր իւրաքանչիւր բառին վրայ դրուած շեշտը կշռուած էր բայց հարազատ : Այդ մանրամասնութեանց մէջ պէտք է փնտռել դերասանուհիի մը հմտութիւնը :  Տաղանդաւոր դերասանուհի է Թալին Էքմէքճեանը , շեշտաւորումներն ու շարժուձեւերը իրարու հետ համաչափուած: Երիտասարդ դերասաններ՝ Սարօ Թահանեան եւ Մասիս Ղազարեան , իրենց համարձակ արտայայտութիւններով բացայայտեցին իրենց տաղանդը : Վարդիթեր Ներսէսեանը  ինքնավստահ դերասանուհի է , իր տաղանդը բացայայտ դարձնող դեր տրուած էր իրեն, որ անգամ մը եւս կը փաստէ որ Խաչիկեան պատահականութեան չէր թողած դերասաններու ընտրութիւնը :  Իրենց ճիշդ դերերուն մէջն էին Լենա Թահանեանը, Ճինի Տալտալեանն ու Հռիփսիմէ Ճամպազեանը ինչպէս նաեւ Սագօ Ղարիպեանը , Աւագ Էկիւլեանը, Սարօ Գարատանեանը,Ալպէր Էքմէքճեանը: Իր դերասանական տաղանդը  կարողացաւ բացայայտել Կարօ Խաչիկեանը որ բեմադրութեան առընթեր ստանձնած էր նաեւ Փեսաներէն մէկուն դերը : Բնական եւ հմուտ  խաղարկութիւն ցուցաբերեցին Սեւակ եւ Վարանդ Ճամպազեանները :  Վարանդ ճամպազեանը իսկական դերասան է , իր խաղարկութեամբ ան տիրապետեց բեմին : Վարանդը այլ բեմի վրայ ալ տեսած եմ իր տիկնոջ Հռիփսիմէի հետ սակայն այս թատրոնին մէջ իր կատարած ներդրումը հսկայ էր :

Յիրաւի՛, թատրո՛ն վայելեցինք այս գիշեր :




comments

Advertisement