ՀՅԴն Նպատակայարմար Չի Նկատեր Արցախի Կառավարութեան Մաս Կազմելը

By Asbarez | Tuesday, 26 May 2020

 

arflogo-5

ԵՐԵՒԱՆ, «Ապառաժ».- ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն  25 Մայիսին հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ  խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր եւ օրէնսդիր նոր իշխանութիւնները:

«2020 Ապրիլի 9ի յայտարարութեամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

«Նկատի ունենալով համապետական ընտրութիւնների եւ ընտրուած նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները`  նպատակայարմար չենք գտնում մաս կազմել ձեւաւորուող  կառավարութեանը:

«2019 Յուլիսի 7ի  եւ  Օգոստոսի 30ի ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթութիւնների եւ նախընտրական ծրագրի հիման վրայ յարաբերութիւններ ենք կառուցելու ինչպէս քաղաքական ուժերի, այնպէս էլ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

«Յոյսով ենք, որ նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարեւորուած` պետականութեան ամրապնդման, անվտանգութեան ապահովման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետութեան հետ ռազմաքաղաքական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեան հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ուղղութիւններով:

«ՀՅ Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցով հաստատակամօրէն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգաւաճման գործում: ՀՅ Դաշնակցութեան ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատութեան, արդարութեան, ազգային ու համամարդկային արժէքների ամրակայումը եւ ներազգային համերաշխութեան  ապահովումը»։

comments