Պաքու Կոպտօրէն Կը Խախտէ Մարդասիրական Գործընթացը. Թաթոյեան

By Asbarez | Wednesday, 13 January 2021

0113Tatoyan

ՄԱԿի մօտ Ատրպէյճանի ներկայացուցիչը անցեալ տարուան 28 Դեկտեմբերին, ՄԱԿի ընդհանուր քարտուղարին հասցէագրեց նամակ մը, որ տարածուեցաւՄԱԿի Ընդհանուր ժողովին եւ Ապահովութեան խորհրդին մէջ: Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան

Արման Թաթոյեան անհրաժեշտ համարած է անդրադառնալ նամակին, նշելով հետեւեալները.

«1. ՄԱԿում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հաւելածի 6րդ պարբերութիւնում նշուած է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները յայտնաբերել են Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող, որոնք զօրակոչուած են գլխաւորապէս Շիրակից, ներկայում կալանաւորուած են եւ Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարոյթներ: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշուած զինծառայողներն անուանւում են Հայաստանի զինուած ուժերի դիւերսիոն խմբի անդամներ ու նշում արւում այն մասին, որ նրանք ուղարկուել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինուած ուժերի անձնակազմերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողութիւններ իրականացնելու նպատակով: Այնուհետեւ, այլ հարցերի թւում Ադրբեջանի ներկայացուցիչը, գլխաւորապէս օգտագործելով Ադրբեջանում գերութեան մէջ գտնուող նշուած հայ զինծառայողներին վերաբերող մասը, արել է քաղաքական բնոյթի եզրահանգումներ, այդ թւում՝ ՄԱԿին առաջարկելով Հայաստանի նկատմամբ ձեռնարկել որոշակի գործողութիւններ: Նոյն սկզբունքով նամակում եզրահանգում է արուած նաեւ այն մասին, թէ Հայաստանը խախտում է Նոյեմբերի 10ի եռակողմ յայտարարութիւնը:

»2. Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերութեան մէջ գտնուող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնյայտ քաղաքականացնելը: Դա կոպտօրէն խախտում է յետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրաւունքները երաշխաւորող միջազգային պահանջները: Ինչպէս ադրբեջանական նամակում նշուած 62, այնպէս էլ միւս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնուել բացառապէս իրենց իրաւական պարտականութիւնը կատարելու՝ զինուորական ծառայութիւն տանելու նպատակով ու նրանք պէտք է առանց որեւէ նախապայման ազատ արձակուեն ու վերադարձուեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնուած է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի մշտադիտարկման ու քննութեան արդիւնքների վրայ եւ ամրապնդուած է հիմնաւոր ապացոյցներով: Ուստի, Ադրբեջանում գերութեան մէջ գտնուող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրէական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանաւորելն ու առաւել եւս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրաւունքի ու առհասարակ մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողութիւնների մասնակցելու համար նրանք չեն կարող որեւէ տեսակի քրէական հետապնդման ենթարկուել կամ կալանաւորուել` որպէս պատիժ: Սրանք պահանջներ են, որոնք յատկապէս ամրագրուած են 1949 թուականի Ժնեւի երրորդ կոնուենցիայում:

«3. Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը նաեւ հարկ է համարում յատուկ արձանագրում անել այն մասին, որ անթոյլատրելլի է յետպատերազմական գործընթացի մարդու իրաւունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը: Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որեւէ գործընթացից: Դա պէտք է ապահովուի ռազմական գործողութիւնների դադարից անմիջապէս յետոյ: Սա կիրառման ենթակայ համընդհանուր պահանջ է, որ միջազգային իրաւունքում գոյութիւն ունի ցանկացած պարագայում՝ անկախ կոնկրէտ (յստակ-Խմբ.) հակամարտութիւնների վերաբերող փաստաթղթերում ամրագրուած լինելուց կամ չլինելուց: Ուստի, եռակողմ յայտարարութեան 8րդ կէտն ունի ինքնավար նշանակութիւն ու պէտք է գործի բացառապէս ինքնավար մեկնաբանութեամբ: Այն որեւէ պարագայում չի կարելի դիտարկել յայտարարութեան միւս կէտերի հետ կապի կ՚ամ կախուածութեան մէջ:

«4. Բացարձակ անթոյլատրելի է եռակողմ յայտարարութիւնը մեկնաբանել այնպէս, իբր թէ դրա գործողութիւնը տարածւում է միայն այդ յայտարարութեան ստորագրումից առաջ առկայ իրավիճակի վրայ: Նման մօտեցումը կոպտօրէն ոտնահարում է մարդու իրաւունքներն ու յետպատերազմական մարդասիրական գործընթացը: Նշուած յայտարարութիւնը պէտք է քննարկուի ինչպէս Նոյեմբերի 10ից առաջ, այնպէս էլ դրանից յետոյ առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողութիւնների հետեւանքներով պայմանաւորուած՝ առկայ է մարդու իրաւունքների պաշտպանութեան ու մարդասիրական գործընթացիանհրաժեշտութիւն:

«Աւելին, մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրում է, որ գործնականում արդէն իսկ արձանագրուել են դէպքեր, երբ ադրբեջանական զինուած ուժերը հայերի են գերեվարել եռակողմ յայտարարութիւնից յետոյ, սակայն հետ նրանք յետոյ վերադարձուել են Հայաստան:

«5. Սկզբունքային կարեւորութեան հարց է այն, որ ադրբեջանական իշխանութիւնները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրաւական գործընթացները, նրանց արհեստականօրէն տալով կ՚ասկածեալի կամ մեղադրեալի կարգավիճակ ու կալանքի ձեւով անազատութեան մէջ պահելը օգտագործելով՝ որպէս պատիժ: Քանի որ  միջազգային մարդասիրական իրաւունքն արգելում է գերիների ազատ արձակման չարդարացուած ձգձգումներն ու դա համարում պատերզամական յանցագործութիւն, ապա Մարդու իրաւունքների պաշտպանի համար ակնյայտ է, որ ադրբեջանական իշխանութիւններն իրականացնում են իրաւական գործընթացների ակնյայտ չարաշահում` այդ կերպ իրենց նպատակին հասնելու համար: Ադրբեջանական իշխանութեան մարմինների այս պահուածքն ուղղակիօրէն հակասում է նաեւ եռակողմ յայտարարութիւնը ստորագրած կողմերի մտադրութիւններին: Բանն այն է, որ այդ յայտարարութեան 8րդ կէտի պահանջի հիման վրայ Հայաստանի Հանրապետութիւնն արդէն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում յանցանքներ, այդ թւում` խաղաղ բնակիչների սպանութիւն կատարած եւ դատապարտուած երկու անձի: Ադրբեջանը նոյն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ (պաշտօնապէս – Խմբ.) դատապարտուած հայերի: Ուստի, նշուածը նոյնպէս ակնյայտ է դարձնում, որ անգամ քրէական վարոյթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածեալ կամ մեղադրեալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնյայտ արհեստական բնոյթ, իրենից ներկայացնում է իրաւական գործընթացների բացայայտ չարաշահում եւ խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրաւունքը, այլ նաեւ հակասում է եռակողմ յայտարարութեանը, այն ստորագրած կողմերի մտադրութիւններին:

«6. Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւններն ու քննութեան արդիւնքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանութեան մարմիններն ի սկզբանէ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատութիւնից զրկուածների ազատ արձակումը, շարունակաբար չեն յայտնում գերիների իրական թիւը: Աւելին, Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի հաւաքագրած ապացոյցները հաստատում են, որ նրանց թիւն աւելի շատ է, քան ադրբեջանական իշխանութիւնները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ 44 գերիների վերադարձին:

 

«Մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիւ դէպքեր, երբ չնայած տեսանիւթերով ու այլ ապացոյցներով հաստատուող դէպքերին, ադրբեջանական իշխանութեան մարմինները մերժում են անձանց գտնուելն իրենց մօտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Ուսումնասիրութիւնները վկայում են, որ այս ամէնն արւում է գերիների ընտանիքներին ու, առհասարակ, հայ հասարակութեանը հոգեկան տառապանքներ պատճառելու, հայ հասարակութեան էմոցիաների (զգացում-Խմբ.) հետ խաղալու ու մթնոլորտը լարուած պահելու համար: Խօսքը հաւասարապէս վերաբերում է ինչպէս ռազմագերիներին, այնպէս էլ քաղաքացիական անձանց:

«7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապութիւնը պէտք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատեացութեան ու թշնամանքի քարոզի կազմակերպուած քաղաքականութեան համատեքստում: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի հրապարակած զեկոյցները, որոնք հիմնուած են օբյեկտիւ ապացոյցների վրայ, հաստատում են Ադրբեջանում հայատեաց քաղաքականութեան խորքային արմատները, թշնամանքի ու վայրագութիւնների խրախուսումը ադրբեջանական իշխանութեան մարմինների կողմից ու որ անգամ դա բացայայտ անում են մշակոյթի գործիչները: Այս հարցը սերտօրէն կապուած է ՄԱԿում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաեւ այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կեանքի, ինչպէս նաեւ առողջութեան պահպանման, սեփականութեան ու կենսական կարեւորութեան միւս իրաւունքների պաշտպանութիւնը: Այս հարցը յատկապէս կարեւոր է այն պատերազմական ու մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների, Արցախի խաղաղ բնակավայրերի զանգուածային աւերուածութիւնների ֆոնին (խորապատկերին-Խմբ.), որ կատարել են ադրբեջանական զինուած ուժերը ու նման առանձին արարքներ դեռ շարունակում են կատարել:

«8. Ուստի, հրաւիրում եմ ՄԱԿի ու մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային միւս կառոյցների ուշադրութիւնը սոյն յայտարարութեան մէջ նշուած խնդիրների վրայ:

«9. Հայաստանի իշխանութեան բարձրագոյն մարմինները բանակցութիւններ վարելիս պէտք է հաշուի առնեն նաեւ մարդու իրաւունքների պաշտպանի սոյն յայտարարութեան մէջ նշուած հանգամանքները:

«Հէնց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանութեան բարձրագոյն մարմինները պէտք է գործեն այնպէս կամ այնպիսի երաշխիքների առկայութեամբ, որ մարդասիրական ու մարդու իրաւունքների գործընթացի շրջանակում ապահովուի մեր հայրենակիցների ավերապահ վերադարձը հայրենիք»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement