Արցախի ինքնորոշման հիմնարար սկզբունքը երբեք չի ստորադասուել տարածքային ամբողջականութեան սկզբունքին. Նիկոլ Փաշինեանի սուտը

By Horizon | Wednesday, 11 May 2022

Horizon Weekly Newspaper

Այսօր Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստում անդրադարձաւ Արցախում ստեղծուած իրավիճակին և Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու նպատակներին: Նա նշեց, որ Ադրբեջանի նման քայլերի նպատակը Հայաստանին խաղաղութեան օրակարգից շեղելն է, և այդ գործընթացը դելեգիտիմացնելը: Նիկոլ Փաշինեանը նշում է, որ այդ առաջարկներում անընդունելի ոչինչ չկայ, սակայն այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցէագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղութեան օրակարգի բոլոր հարցերը: Ուստի, հայկական կողմը նաև իր առաջարկներն է փոխանցել` համապատասխան լրացումներ անելով:

Փաշինեանը ուշադրութեան հրաւիրեց այն փաստի վրայ, որ հայկական կողմի յայտարարութիւնից դժգոհ է մնացել Հայաստանի «արմատական» ընդդիմութիւնը: Փաշինեանը իրեն յատուկ մանիպուլյատիւ ոճով սկսեց մեղադրել նախկին իշխանութիւններին Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու համար` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններում քննարկուել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հարցը: Նա շեշտեց 1999թ. ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունուած Ստամբուլեան խարտիան և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնը` այնուհետև նշելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը երկար տարիներ բանակցել է Ադրբեջանի հետ որպէս հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունք ընդունելով նաև տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Սա ոչ միայն մանիպուլյատիւ յայտարարութիւն է, այլ նաև Նիկոլ Փաշինեանը կեղծում է ողջ բանակցային գործընթացը, քանի որ նման մանիպուլյացիայի նպատակը ցոյց տալն է, որ նախորդ իշխանութիւնները խօսել են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումից: Իրականում, նախորդ բոլոր տարիների` յատկապէս Սերժ Սարգսեանի և Ռոբերտ Քոչարեանի վարած բանակցութիւններում որպէս հիմնարար, համահաւասար սկզբունքներ եղել են` տարածքային ամբողջականութիւն, ժողովուրդների ինքնորոշում և հաւասար իրաւունքներ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:  Ոչ մէկ անգամ և ոչ մէկ ամբիոնից Հայաստանի ղեկավարները, մասնաւորապէս վերջին շրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ ԼՂ բանակցութիւններում ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը որևէ բանով չի խոչընդոտւում տարածքային ամբողջականութեան սկզբունքով, դրանք համահաւասար են: Աւելին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, ինքնին, ոչ մի առնչութիւն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ: Ի յաւելումն, բառացիօրէն երեկ երեկոյեան ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը, կապուած Արցախում ստեղծուած իրավիճակի հետ, հերթական անգամ փաստում է սոյն իրողութիւնը` «ադրբեջանական տարածքային ամբողջականութիւնը որևէ առնչութիւն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել»:

Նախ` 1999 թուականի Ստամբուլեան խարտիայի մասին.

Գագաթնաժողովում ընդունուած փաստաթղթում անդրադարձ է կատարւում հետխորհրդային տարածքում գոյութիւն ունեցող հակամարտութիւնների մասին, օրինակ` Մոլդովայում, Հարաւսլաւիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, ՌԴ-ում, սակայն Ադրբեջանի վերաբերեալ որևէ խօսք չկայ: Հռչակագրում առանձին յօդուածով (յօդուած 20) նշւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին, սակայն ոչինչ չի ասւում Ադրբեջանի տարածքային ամոբղջականութեան մասին: Համեմատութեան համար նշենք, որ նշեալ փաստաթուղթը ենթադրում էր Վրաստանի տարածքային խնդիրների լուծում հէնց Վրաստանի կազմում: Այս առումով` Նիկոլ Փաշինեանը պարզապէս ստում է:

Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, անդրադարձաւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի վարած բանակցային գործընթացին: Պէտք է նշել, որ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում որպէս հիմք են ծառայել 2007 թուականին ներկայացուած «Մադրիդեան սկզբունքները»:  Այս փաստաթուղթը փաստօրէն դարձաւ Ադրբեջանի ստորագրած առաջին փաստաթուղթը, որտեղ արձանագրուած էր, որ ԼՂ հակամարտութեան լուծման համար պէտք է կիրառուի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` հաւասարապէս միւս երկու սկզբունքների հետ։ Իսկ դա ակնյայտօրէն հաստատում էր Սերժ Սարգսեանի` բազմիցս արած յայտարարութիւնները, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում։

Նոյնիսկ Նիւ Եորքում ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսեանը իր ելոյթում խօսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան, արցախահայութեան ինքնորոշման պայքարի և ադրբեջանական յանցագործութիւնների մասին: Կազանեան գագաթնաժողովի տասնամեակի կապակցութեամբ հրապարակուած իր յօդուածում ՀՀ երրորդ նախագահը նշում է, որ «համանախագահների ու Հայաստանի մօտեցումները աւելի ու աւելի համահունչ էին դառնում, … Միջազգային հանրութիւնն ու Հայաստանը գործնականում սկսել էին խօսել նոյն լեզուով. խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորումը՝ հիմնուած Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգութեան երաշխիքների վրայ, այլընտրանք չունի»:

Նիկոլ Փաշինեանը մեղադրում է ՀՀ երրորդ նախագահին` Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքով առաջնորդուելու համար, սակայն հէնց ինքն է գլխաւորապէս սպասարկել և այժմ էլ շարունակում սպասարկել այդ սկզբունքը: Բաւական է միայն հերթականութեամբ ստուգել Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնները` ապացուցելու, որ համանախագահների բառապաշարում հիմնարար սկզբունքները ընդհանրապէս սկսեցին բացակայել, որը հնարաւորութիւն էր տալիս Ադրբեջանին առաջ շարժուել և պահանջել աւելին` աւելի ուշ նաև արդարացնելու Արցախի դէմ աւերիչ ագրեսիան, իսկ Հայաստանին էլ զրկում մտածելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման մասին: Աւելին, պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը ծաւալուն յօդուած էր հրապարակել` մեղադրելով նախորդ իշխանութիւններին Արցախի կարգավիճակի մասին մոռանալու համար, սակայն հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը` ինքը, հերքեց Նիկոլ Փաշինեանին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մշտապէս ներառուած է եղել նախորդ բանակցութիւններում:

Եւ վերջապէս, աւելորդ անգամ Նիկոլ Փաշինեանին յիշեցնենք հէնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստովանութիւնը` «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»: Իսկ այսօր, հակառակ Նիկոլ Փաշինեանի խօսքերի, ոչ ոք այլևս չի խօսում Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին, անգամ` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները: Աւելին, հէնց Նիկոլ Փաշինեանը մերժեց բանակցային գործընթացի ամբողջ ժառանգութիւնը` յայտարարելով բանակցութիւնները սեփական կէտից սկսելու մասին` այսպիսով Ադրբեջանին լայն հնարաւորութիւններ տալով յաջողութեան հասնելու համար:

Նիկոլ Փաշինեանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ձախողումը, պատերազմում պարտուելու մեղքը բարդել նախորդ նախագահների վրայ, դնել նրանց պատասխանատուութեան տակ, սակայն հէնց իր խօսքերն են ապացուցում նրա սուտը և մանիպուլյացիան` հերթական անգամ ցոյց տալով, որ միակը, որը մտածում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին` ի հաշիւ Հայաստանի և Արցախի, հէնց ինքը` Նիկոլ Փաշինեանն է:

Հեղինակ` Դաւիթ Ֆիդանեան

Աղբիւր` AntiFake.am

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement