ՄՀԽ-ի հետաքննիչները կրկին դիմում են

By NSW Police | Wednesday, 19 August 2020

Նոր Հարավային Ուելսի Միավորված Հակաահաբեկչական Խումբը (ՄՀԽ) կրկին դիմում է համայնքին՝ օգնության ակնկալիքով, այն բանից հետո, երբ նոր մանրամասներ ի հայտ եկան 1980թ.ին Սիդնեյի արևելքում թուրք դիվանագետի եւ նրա թիկնապահի սպանության հետաքննության ընթացքում:

1980թ.-ի դեկտեմբերի 17-ին, չորեքշաբթի առավոտյան ժամը 9.45-ին, Դովեր Հեյթսի Պորտլանտ փողոցի իրենց կեցավայրի մոտ սպանվեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոս 50 ամյա Սարիք Արիակը և իր թիկնապահ՝ 28 ամյա Էնգին Սեվերը:

Պրն. Արիակը և պրն. Սեվերը հեռանում էին նստավայրից առանձին մեքենաներով, երբ նրանց մոտեցան երկու անհայտ անձինք, ովքեր մոտ հեռավորությունից բազմակի կրակոցներ էին արձակել և մոտոցիկլետով փախչել տարածքից:

Պրն. Արիակը տեղում էր մահացել իսկ պրն. Սեվերը՝ կարճ ժամանակ անց Սենտ Վինսենտի հիվանդանոցում:

Չնայած ժամանակին և տարիների ընթացքում ոստիկանության կողմից իրականացվող լայնածավալ հետաքննություններին, մինչ այժմ ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել:

Անցյալ տարի գործի պաշտոնական վերանայումից հետո Նոր Հարավային Ուելսի ՄՀԽ-ը, որն իր մեջ ներառում է Նոր Հարավային Ուելսի Ոստիկանության Հակաահաբեկչության և Հատուկ Մարտավարության Հրամանատարությունը, Ավստրալիայի Դաշնային Ոստիկանությունը, Ավստրալիայի Անվտանգության Հետախուզության Կազմակերպությունը և Նոր Հարավային Ուելսի Քրեական Հանձնաժողովը, հաստատել են Էսլեմոնտ Քննչական Գործողությունը սպանությունները վերաքննելու նպատակով՝ օգտագործելով տեխնիկայի և դատաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում նոր մոտեցումները:

Նրանց նախնական հարցումներին օժանդակելու համար, սպանությունների 39-ամյակին (2019թ. դեկտեմբերի 17-ին) Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից պարգևավճարը բարձացվել է մինչև 1 միլիոն դոլար: Այն օժանդակել է մի շարք նոր քննչական հարցումների ապահովմանը:

Ի պատասխան այս նոր հարցումներին Ծովային Շրջանի Հրամանատարության ոստիկանական սուզորդները վերջերս որոնման աշխատանքներ են իրականացրել Սիդնեյի Գրինվիչի նավահանգստում՝ սույն հետաքննությանն առնչվող առարկաներ գտնելու համար:

Քանի որ և՛ ներքին, և՛ միջազգային հետաքննությունները շարունակվում են, ՄՀԽ-ի սպաները նորից դիմում են համայնքին` տեղեկատվության համար, որը կարող է օժանդակել ընթացիկ հետաքննությանը:

Քննիչները ցանկանում են խոսել յուրաքանչյուրի հետ, ով կարող է մանրամասներ հաղորդել այն անձանց մասին, ովքեր պատասխանատու են, աջակցել, պլանավորել կամ իրականցրել են սույն սպանությունները, ինչպես նաև հանցագործությունից առաջ, հետո և ընթացքում օգտագործված մոտոցիկլետի, զենքի և այլ իրեր թաքցնելու մասին:

Նոր Հարավային Ուելսի Ոստիկանության Հակաահաբեկչության և Հատուկ Մարտավարության հրամանատար, Ոստիկանապետի օգնական՝ Մարկ Ուոլթոնն ասում է, որ չնայած քննիչները արձագանքել են գործի հետ կապված մի շարք հուսադրող տեղեկություններին, այնուամենայնիվ ՄՀԽ-ին դեռևս անհրաժեշտ է լրացուցիչ համայնքային օգնություն:

«Էսլեմոնտ Քննչական Գործողության քննիչները մանրակրկիտ աշխատել են գործի նախնական նյութերով, ստեղծել են նոր և նշանակալից հետաքննության ուղիներ», - ասել է Ոստիկանապետի օգնական Մարկ Ուոլթոնը:

«Անցյալ տարվա վերջում մեր բողոքարկումից սկսած՝ համայնքն անհավատալի հետաքրքրություն է ցուցաբերել, բայց հաշվի առնելով սպանության քաղաքական դրդապատճառները, կարծում ենք, որ դեռևս դժկամություն կա օգնության հարցում:

Բայց փորձը հուշում է, որ ժամանակը, մասնավորապես հանցագործության մասին տեղեկություններ ունեցող մարդկանց միջև փոխհարաբերություններում փոփոխությունները՝ գումարած շռայլ պարգևավճարը, կարող են որոշիչ լինել լռության պատը կոտրելու համար:

«Սույնով հորդորում եմ յուրաքանչյուրին, ով ունի տեղեկություն, որը կօգնի ՄՀԽ-ին արդարադատության հասնել պրն. Արիակի և պրն. Սեվերի սպանության գործում, ներկայանալ և իրենց տեղեկություններով կիսվել քննիչների հետ»:

ՄՀԽ-ի քննիչները համայնքին հիշեցնում են, որ 1 միլիոն դոլար պարգևավճարը ուժի մեջ է մնում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի պրն. Արիակի և պրն. Սեվերի սպանությունների պատսխանատու անձի կամ անձանց ձերբակալությանը եւ դատապարտմանը:

Յուրաքանչյուրը, ով ունի տեղեկություն, որը կարող է օգնել Էսլեմոնտ Քննչական Գործողության քննիչներին, խնդրում ենք զանգահարել Հանցագործության Կանխարգելման Ծառայության հեռախոսահամարով՝ 1800 333 000 կամ https://nsw.crimestoppers.com.au.

Տեղեկատվության գաղտնիությունը ապահովվում է: Հանրության հիշեցնում ենք հանցագործությունների մասին տեղեկություններ չհրապարակել Նոր Հարավային Ուելսի Ոստիկանության սոցիալական լրատվամիջոցների կայքերում:

comments

Advertisement