<<Արցախը նոր ուժ է տալիս Հայ  Դատի քաղաքական բանակին>>

By Asbarez | Saturday, 14 May 2016

ՀԱՐՑԶԱՐՈՅՑ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆԻ ՀԵՏ

 

0000BEDO

Ապրիլի 2ին Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմական գործողութիւնների, պատերազմի դասերի ու յետագայ անելիքների, միջազգային հարթակներում մեր կեցուածքի, Արցախի ճանաչման հետ կապուած հարցերի շուրջ <<Ապառաժ>>ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանի հետ:

 

<<ԱՊԱՌԱԺ>> - ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ու յանձնախմբերի խորհրդաժողովը հանգրուանեց Արցախում եւ ի հարկէ ոչ պատահականօրէն՝ հէնց Մայիսի 9ին: Ի՞նչ խորհուրդ եւ կարեւորութիւն է այն պարունակում:

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ - Ինչպէս ժողովի բացման ժամանակ նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատրեանը, ուրիշ տեղ չէինք կարող լինել այս օրերին: Ապրիլեան քառօրեայ ճակատամարտից յետոյ – պատերազմ չեմ ասում, որովհետեւ պատերազմը չի աւարտուել – Արցախում ստեղծուած իրավիճակին տեղեակ լինելու ու Արցախին զօրակցութիւն յայտնելու նպատակով ժողովը շարունակուեց Ստեփանակերտում: Հայ Դատի ներկայացուցիչներս եկանք նորից ու նորից շեշտելու, որ մենք Արցախի կողքին ենք, Դաշնակցութիւնը իր ժողովրդի պահանջատիրութեան կողքին է, Արցախի խնդիրը մեր խնդիրների առանցքն է: Ինչպէս մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը՝ Արցախը եւ Դաշնակցութիւնը մէկ հասկացութիւն է, որովհետեւ նպատակն է նոյնը: Իրաւ, այդպէս է: Իւրաքնաչիւր Հայ Դատի աշխատակից այս խորհուրդը գիտակցում է ու առաջնորդւում դրանով:

Մեզ համար այսօր ոգեպնդող եւ յուսադրող է Արցախում լինելը, այստեղ գտնուելը ուժ ու եռանդ ստանալու միջոց է մեր քաղաքական բանակի համար: Մենք, այստեղ լինելով, տարբեր հարցեր քննարկելով, առաջարկութիւններ լսելով, Արցախի բարձրագոյն իշխանութեան հետ հանդիպելով՝ աւելի ենք ճշդում մեր յետագայ անելիքների ընթացքը:

 

<<ԱՊԱՌԱԺ>> - Ապրիլեան պատերազմական գործողութիւնները եւս մէկ անգամ հաւաստեցին, որ Ադրբեջանի համար ընդունելի է միայն զէնքի լեզուն, խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Ո՞րն է այսօրուայ մեր գլխաւոր անելիքը՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներում:

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ - Իրաւ, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը խաղաղ բանակցութիւն չեն ուզում, եւ սա գաղտնիք չէ: Առաջին իսկ վայրկեանից Էրդողանը յայտարեց, որ Ադրբեջանի կողքին են եւ կը լինեն մինչեւ վերջ, այսինքն նրանք ձեռք-ձեռքի են գործում:

Ադրբեջանը միայն պատերազմի եւ ուժի լեզուն է հասկանում եւ նա այս օրերին տեսաւ հայ զինուորի ուժը, ով կասեցրեց նրա առաջընթացը: Ինչքան էլ գրասենեակներում, մայրաքաղաքներում, քարտէզների վրայ Ադրբեջանն ու ադրբեջանամէտ ուժերը որոշեն ու մշակեն յարձակումների ծրագրեր, Արցախի զինուորը տարբերւում է նրանց զինուորներից, որովհետեւ նա գիտի, թէ ինչի համար է պայքարում եւ հէնց այդ գիտակցութեամբ էլ յաղթել ու յաղթելու է: Ելնելով հայկական բանակի կեցուածքից, առանց մոռանալու զոհուածների յիշատակը, մենք՝ Հայ Դատի յանձնախմբերս, ողջ հայութիւնը, իշխանութիւնները, աւելի մեծ պարտաւորութիւն պէտք է ստանձնենք, որպէսզի նրանց թափած արիւնը արժեւորուած լինի, որպէսզի դէպքերը չկրկնուեն, հակառակորդը սանձուի:

Եւրոպայի Հայ Դատի պարագայում ասեմ, որ առաջին իսկ օրից աշխատանքի ենք լծուած՝ Եւրոպայի քաղաքական շրջանակներում հայամէտ կեցուածք ու մթնոլորտ ձեռք բերելու համար:

 

<<ԱՊԱՌԱԺ>> - Արցախի միջազգային ճանաչումն օրախնդիր է: Ի՞նչ աշխատանքներ են այսօր այդ ուղղութեամբ իրականցւում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի կողմից:

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ - Աշխարհի տարբեր երկրների Հայ Դատի գրասենեակներն առաջնային են համարում իրենց աշխատանքներում Արցախի ճանաչման խնդիրը: Անշուշտ, ամէն տարածաշրջանում մենք տարբեր մօտեցումներ ենք դրսեւորում: Այդ պայքարն արդէն սկսուած է՝ ԱՄՆում, Եւրոպայում եւ այլուր: Յիրաւի, սա դեռ ճանաչման այն մակարդակը չէ, որովհետեւ իւրաքանչիւր երկիր իր պետական շահերն ունի, բայց քայլ առ քայլ, ապաւինելով մեր միասնական աշխատանքներին, վստահ ենք՝ աւելի բարձր մակարդակներով ճանաչումն անխուսափելի կը լինի:

Արցախի Հանրապետութեան ճանաչման հարցը, իրօք, օրախնդիր է, եւ պիտի շարունակենք աւելի մեծ թափով աշխատանք տանել այդ ուղղութեամբ: Մեր այս հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ առաւել մեծ մղում տուեց մեզ՝ նոր թափ հաղորդելու մեր ծրագրերին:

<<ԱՊԱՌԱԺ>> - Ապրիլի 2ին բռնկուած պատերազմը մի շարք դասեր տուեց մեզ՝ հայերիս: Ի՞նչ էք կարծում, որո՞նք եղան պատերազմի գլխաւոր դասերը եւ ի՞նչ անելիքներ ունենք:

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ - Ամենաառաջինը, որ տեսանք ու թշնամին էլ տեսաւ, դա այն է, որ մեր բանակը անխոցելի է: Ունեցանք շատ զոհեր՝ կեանքի գնով կանխելով թշնամու առաջխաղացումը: Արագ ու անմիջական հակագրոհի անցնելը փաստում է մարտունակութեան մասին: Կ՛ուզէի շեշտել նաեւ համահայկական համախմբման իրողութիւնը, որը երկրորդ բանակ դարձաւ, կանգնեց արցախցու կողքին: Ժողովուրդը, անկախ սոցիալական վիճակից, անկախ քաղաքական-գաղափարական հայեացքների տարբերութիւնից, անկախ ճգնաժամից, անձնուէր համախմբուեց՝ բոլոր հարցերը մի կողմ դնելով: Սա, սակայն, պարտաւորեցնող դաս է, սա մղում է պատասխանատու կառավարման, պատասխանատու քաղաքական կեցուածքի, առկայ թերութիւնների շտկման՝ թէ՛ բանակի ներսում, թէ՛ երկրի կառավարման ոլորտում: Հայ զինուորը ոչ մի խնդրի ու թերացման չպիտի հանդիպի:

Միւս կողմից էլ՝ տեսանք, որ միջազգային հանրութիւնը ճիշդ գնահատական չտուեց կատարուածին, հաւասար նժարների դրեց կողմերին: Սա էլ է դաս՝ ապացուցելով նրանց երկդիմի կեցուածքը: Սա նաեւ մեզ՝ Հայ Դատի ներկայացուցիչներիս է հրամայականներ տալիս:

Տեղեկատուական պայքարում եւս աշխատանքներ պիտի տանենք:

ԵԽԽՎ Յունուարի նստաշրջանում հակահայկական 2 բանաձեւ կար, մէկը տապալուեց: Այդ նիստը եւս դաս էր մեզ, ուրեմն քաղած դասերից պէտք շտկուել, ուղղուել, գործել, իրողութիւնը փոխել:

<<ԱՊԱՌԱԺ>> - ԵԽԽՎ նախագահն ապրիլեան նիստում ասաց, որ <<հայկական ուժերը պէտք դուրս բերուեն ադրբեջանական տարածքներից>>: Այդ յայտարարութիւնից ոչ պակաս էլ ԵԽԽՎում հայկական պատուիրակութեան նախագահ Հերմինէ Նաղդալեանը յայտարարեց, որ <<այդ տարածքները մենք չենք ուզում>>: Ին՞չ էք կարծում, հայկական կողմից այս եւ նման այլ յայտարարութիւնները որքանո՞վ կարող են ազդել յետագայում եւս ԵԽԽՎում հակահայկական բանաձեւերի ընդունմանը:

ՊԵՏՕ ՏԷՄԻՐՃԵԱՆ - Այո, ճիշդ էք, Պեդրօ Ագրամունտը ադրբեջանամէտ կեցուածք է դրսեւորել, ու այդ ուղղութեամբ մենք եւ Իսպանիայի Հայ Դատը աշխատանքներ ենք տանում: Այդ աշխատանքների մասին այս պահին շատ բան չեմ կարող ասել, փակագծեր դեռ չեմ ուզում բացել, բայց նրան զսպելու աշխատանք ենք սկսել: Յուսանք՝ գալիք նստաշրջանին ինչ որ փոփոխութիւնների կը հասնենք նրա կեցուածքում:

Նշեմ, որ Ագրամունտի՝ ադրբեջանամէտ պահուածքն այն գլխից էլ պարզ էր մեզ: Նա իր առաջին պաշտօնական այցը Բաքու կատարեց. սա դրա հաւաստիքն էր: Ընդհանրապէս, եւրոպական մի շարք հակակոռուպցիոն կազմակերպութիւններ զեկոյցներ են գրել, քննադատել նրա կոռուպցիոն կեցուածքը: Այսինքն՝ միայն Հայ Դատի գրասենեակը չէ, որ դա տեսնում ու ասում է:

Ինչ վերաբերում է Հ. Նաղդալեանին, ասեմ, որ ողջունելի էր Ստրասբուրգում նրա հանդիպումը Ագրամունտի հետ: Չգիտենք ինչ է խօսուել, բայց յուսով ենք Նաղդալեանը բացատրել է Ագրամունտին իր՝ ադրբեջանամէտ կեցուածքի ոչ ճիշդ լինելը: Անհասկանալի է, սակայն, այսօրուայ իրավիճակում Նաղդալեանի նման յայտարարութիւնը: Տեսանք Արցախից հնչած արձագանգն դրա վերաբերեալ: Կարծում եմ՝ Հ. Նաղդալեանը պէտք է աւելի զգոյշ լինի, յատկապէս երբ այսօր մեր ամէն մի քայլը կշռադատուածութիւն է պահանջում:

Սա էլ պատերազմից քաղելիք դասերից է:

Ճիշդ է, ԵԽԽՎն անմիջական դերակատարութիւն չունի բանակցութիւններում, բայց նման յայտարարութիւնները մեր քաղաքական գործիչների կողմից կարող են քաղաղաքական մթնոլորտ ստեղծել՝ հակահայկական բանաձեւերի առաջ քաշելուն կամ՝ Պեդրօ Ագրամունտի ադրբեջանամէտ կեցուածքի յետագայ դրսեւորումներին:

Հրադադարը խաղաղութիւն չէ դեռ, ճակատամարտը դադարեցուեց բերանացի: Փաստաթուղթը եղաւ 1994 ու 1995ին, ինչը Ադրբեջանն այսօր չի էլ ընդունում: Պատերազմը չի վերջացել, ուստի բոլորս մէկ պարտաւորութիւն ունենք՝ մեր հնարաւորութեան սահմաններում զինուոր լինել այս անաւարտ պատերազմում:

 



comments

Advertisement