By Asbarez | Saturday, 29 February 2020
«Զերծ Կը ՄՆամ Գնահատական Տալուց, Թէ Ո՛վ Է ՀՀի Նախընտրելի Թեկնածուն»
Զրուցեց՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ
Արցախում տիրող նախընտրական թէժ մթնոլորտի, հնարաւոր զարգացումների շուրջ զրուցել ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից Արցախի նախագահի թեկնածու առաջադրուած Դաւիթ Իշխանեանի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Արցախի ներքաղաքական կեանքում:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Դեռեւս հանդարտ, առանց վայրիվերումների: Բայց, ինչ խօսք, առաջիկայ ընտրութիւնները տարբերուելու են Արցախում կայացած նախորդ բոլոր ընտրութիւններից, եւ այն ունի մի քանի պատճառներ: Նախ, գործող սահմանադրութեան համաձայն, նոյն օրը տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները: Կանխատեսելի էր, որ թէ՛ կուսակցութիւնների առումով, թէ՛ նախագահի առումով թեկնածուների պակաս չէր լինելու: Կանխատեսելի էր նաեւ որոշակի լարուածութիւն, քաղաքական պայքարի գործընթաց եւ մրցակցութիւն տարբեր կուսակցութիւնների միջեւ: Համաժամանակեայ ընտրութիւններին մասնակցելու ձեւաչափը քաղաքական ուժերին տուել է հնարաւորութիւն՝ աւելի շատ թեկնածուներ առաջադրելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Բայց քարոզարշաւը դեռ չսկսած, արդէն իսկ որոշակի խմորումներ են սկսել քաղաքական ուժերի միջեւ: Այդպէս չէ՞:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ինչ վերաբերում է խժդժութիւններին, ապա դա եւս բնական է նախընտրական եւ յետընտրական շրջանին: Նման խժդժութիւնների գնում են հիմնականում նոր ձեւաւորուած կուսակցութիւնները: Այն քաղաքական ուժերը, որոնք ձեւաւորուած են եւ ունեն կայուն գործելաոճ, նման խժդժութիւնների չեն գնում, ուղղակի չեն գնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ որքան մօտենան ընտրութիւնները, այնքան այդ խժդժութիւնները նոր թափ ստանան:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես չգիտեմ, թէ ՀՀում ինչպէս են գնահատում այստեղ առկայ լարուածութիւնը, բայց ամէն ինչ այդքան տխուր չէ, ինչպէս որ ներկայացւում է: Ընտրութիւնների նախաշեմին լինում են բեւեռացումներ, տարբեր բեւեռների ձեւաւորում, դա բնական է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Որքան էլ դուք փորձում էք մեղմ ներկայացնել իրավիճակը, լարուածութիւնը ակնյայտ է: Յետոյ, արդեօք այդքան փոքր Արցախում կարիք կա՞ր 14 նախագահի թեկնածու առաջադրելու:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Գիտէք, այդ հարցի հասցէատէրը ես չեմ, մեր կուսակցութիւնը չի հաստատ: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արցախի ՀՅԴ կառոյցը նախաձեռնել է համաձայնեցուած թեկնածու ունենալու գաղափարը: Բայց ինչպէս տեսաք՝ չստացուեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Դրա համա՞ր մի փոքր Արցախը կիսեցիք մի քանի մասի:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Գիտէք, լարուածութիւն կայ, բայց պառակտումը դեռ այնքան խորը չէ, որ անհանգստանալու կարիք լինի: Ամէն ինչ կը կարգաւորուի Մարտի 31ից յետոյ, անհանգստանալու կարիք չկայ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Այո, գուցէ Դուք՝ քաղաքական ուժերդ կրկին համախմբուէք, իսկ շարքային քաղաքացիների մասին մտածե՞լ էք:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես նորից եմ ասում՝ պառակտում, որպէս այդպիսին, չկայ, կայ լարուածութիւն: Աւելին ասեմ, երբեմն լրագրողների կողմից հնչեցուած տեսակէտները դառնում են ուղղորդող:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Այսինքն՝ էլի լրագրողնե՞րն են մեղաւոր: Զարմանալի է, նախորդ անգամ էլ Արցախի մէկ այլ պատգամաւոր լրագրողներին մեղադրեց:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ոչ, իհարկէ, ուղղակի շատ զգոյշ պէտք է լինեն, որպէսզի առանց այն էլ բեւեռացուած մթնոլորտում տեսակէտներ չփորձենք ներկայացնել: Որը կարող է ինչ-որ տեղ վտանգաւոր լինել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆ.- Հայաստանեան իշխանութիւնները որքանո՞վ են խառնւում Արցախի ներքաղաքական կեանքին: Հաշուի առնելով, որ խօսակցութիւններ կան, որ ՀՀի իշխանութիւնների նախընտրելի թեկնածուն Մայիլեանն է:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Ես զերծ կը մնամ գնահատական տալուց, թէ ո՛վ է ՀՀի նախըտրելի թեկնածուն: Որովհետեւ ես ունեմ իմ համոզումը, իմ տեսակէտը: Այն է՝ Արցախում առաջադրուած իւրաքանչիւր նախագահի թեկնածու պէտք է համարուի ՀՀ իշխանութիւնների թեկնածու: Եւ ով էլ որ ընտրուի ու զբաղեցնի նախագահի պաշտօնը, բնականաբար, պէտք է բնականոն գործունէութիւն ծաւալի Հայաստանի իշխանութիւնների հետ: Ես կարծում եմ, որ սա գիտակցում են թէ՛ ՀՀի, թէ՛ Արցախի իշխանութիւնները:
comments
Մատրիտեան Փաթեթը Սահմանային Ռեժիմ Չի Հաստատեր…
ՍԱՍՈՒՆԵԱՆ. Արցախը Չճանչնալը Հայաստանի Կողմէ Էական Գործօն Էր - Փութին
Պատերազմը Հասաւ Իր Աւարտին Բայց Ոչ Մեր Պայքարը
Շտապ Օգնութիւն Մեր Սուրիահայ Հայրենակիցներուն
Վարանդ Փափազեան ՀՅ Դաշնակցութեան Ընկերվարական Գործին Եւ Ազգային Ռազմավարութեան Տեսաբանը
ԼԻԲԱՆԱՆԸ ՄԵԶԻ ՊԷՏՔ ՈՒՆԻ, ՄԵՆՔ՝ ԼԻԲԱՆԱՆԻՆ
ՍԱՍՈՒՆԵԱՆ. 105 Տարի Ետք Թուրքիոյ Նախագահը Տակաւին Կը Փորձէ Քօղարկել Ցեղասպանութիւնը