Ինչ Է Կատարւում Արցախա-Ադրբեջանական Սահմանին

By Asbarez | Tuesday, 05 May 2020

ARTSAKH

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

 

Ադրբեջանի նախագահի օգնական Մահարրեմ Ալիեւը եւ պաշտպանութեան նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նորից այցելել են առաջնագիծ, այս անգամ Թալիշի շրջանում:

Յիշեցնենք, որ Մայիսի 2ին Հասանովը յայտարարել է, որ «վերջին շրջանում հակառակորդի սադրիչ գործողութիւնների ակտիւացման (աշխուժացման-Խմբ.) պատճառով կտրուկ աւելացել է մարտական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը»: Նա բոլոր մակարդակի հրամանատարներից պահանջել է պատրաստ լինել տարատեսակ սադրանքների կանխմանը:

Երէկ յայտարարութիւն է տարածել Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը: «Արցախեան բանակի տուած պատասխանները պաշտօնական Բաքուի ռազմաքաղաքական ղեկավարութեան համար կարծես թէ բաւականին ցաւոտ էին»,  նշուած է յայտարարութիւնում:

«Ամենայն հաւանականութեամբ հէնց դա է պատճառը, որ արդէն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարութիւնը եւ, մասնաւորապէս, պաշտպանութեան նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատուածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգեւորել բարոյալքուած եւ մարտունակութիւնը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը նման այցով Մայիսի 4ին եղել է շփման գծի հիւսիս-արեւելեան եւ արեւելեան հատուածներում, ինչն ամբողջութեամբ դիտարկուել է ՊԲ համախատասխան ծառայութիւնների կողմից», նշուած է յայտարարութիւնում:

Արցախի ԶՈՒն գործողութիւններ չի ձեռնարկել՝ չնայած Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը եղել է տեսանելիութեան գօտում: Բայց յայտարարութիւնն այն մասին, որ «առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թւում՝ ամենաբարձր մակարդակով իրականացուած, գտնւում է ՊԲ համապատասխան ծառայութիւնների մշտադիտարկման ներքոյ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դէպքում ձեռնարկել իրադրութիւնից բխող անհրաժեշտ քայլեր», նշանակում է, որ հայկական զօրքը պատրաստ է ցանկացած գործողութեան:

Ի՞նչ է կատարւում արցախա-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ակտիւացումը կապուա՞ծ է այդ երկրում ներքաղաքական գործընթացների հետ: Նաւթի գնի նուազումը, կառուպցիոն  սկանդալները (զեղծարար գայթակղութիւնները-Խմբ.), կադրային (բարձր մակարդակի պաշտճնեաներու-Խմբ.) ջարդը, արտաքին գործերի նախարարից դժգոհութիւնն Ադրբեջանում տեղաւորւում են աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութեան տրամաբանութեան մէջ:

Բաքւում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լաւրովի յայտարարութիւնն ընկալել են որպէս գործողութեան ազդանշա՞ն: Թէ՞ հակառակը, Լաւրովի յայտարարութեանը Հայաստանի արձագանգը Բաքւում ընկալուել է որպէս Ռուսաստանի անընդունակութիւն՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու հարցում:

 

«ԼՐԱԳԻՐ»

comments

Advertisement