Մի Էջ Արցախեան Ազատամարտի Հերոսապատումից

By ՀԱՄԼԷՏ ԳԵՒՈՐԳԵԱՆ - Asbarez | Wednesday, 08 May 2013

ՀԱՄԼԷՏ ԳԵՒՈՐԳԵԱՆ

 

Արցախեան Ազատամարտի չորրորդ տարուայ սկիզբն էր՝ 1994 թ. Յունուարը:

ԼՂՀ բանակի հետախուզութեան ձեռք բերած տուեալների համաձայն՝ ադրբեջանական հրամանատարութիւնը 1993 թ. աշնանը հարաւային ճակատում կրած պարտութիւնից յետոյ մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում Արցախեան ռազմաճակատի բոլոր ուղղութիւններում, այդ թւում նաեւ Աղջաբեդի եւ Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսւում էր հզօր հարուածներով ճեղքել Արցախի պաշտպանական դիրքերը հարաւային (Հորադիզ քաղաք-կայարան), յարաւարեւելեան (Ֆիզուլիի շրջան, Հորադիզից հիւսիս-արեւելք՝ դէպի Շուքիւրբէյլի-Ալխանլի հատուածը) ու արեւելեան (Մարտունիի շրջանի յարակից ուղղութիւնը) ճակատներում եւ գրաւելով Մարտունիի ու Ֆիզուլիի շրջանները՝ դուրս գալ դէպի Հադրութ եւ Ստեփանակերտ, իսկ յաջողութեան դէպքում՝ գուցէ նաեւ Զանգեզուր ու Նախիջեւան…
Հակառակորդը հասցնում է քանակական գերակշռութիւն ապահովել ռազմաճակատի բոլոր հատուածներում: Զգալի էր նաեւ ծանր զինատեսակների՝ հրասայլերի ու զրահամեքենաների գերազանցութիւնը: Հակառակորդի մարտական ուժերը յարաւարեւելեան ճակատում դիմագրաւելու էին Հադրութի գնդի երեք գումարտակները եւ Շուշիի առանձնակի գումարտակը: Ուժերի յարաբերակցութիւնը անհամեմատելի էր:

Ռազմաճակատի պաշտպանութեան բնագծում Շուշիի առանձնակի գումարտակից ձախ՝ Ալխանլի գիւղի մօտակայքում, դիրքեր են գրաւում Արթուր Աղաբեկեանի գլխաւորած գնդի Ռիժիկի (գումարտակները կոչւում են հրամանատարների անունով–Հ.Գ.), իսկ աջ կողմում՝ Վահէի, ապա՝ Վահանի գումարտակները: Շուշիի առանձնակի գումարտակի պաշտպանական բնագծում հիմնական ուժերը՝ քանաքեռաւանցի Վիտոյի (Վիկտոր Դաւթեան, ՀՀ բանակի փոխգնդապետ) գլխաւորած վաշտն ու Շէկեան Էռնեստի կրակային դասակը, չորս հիմնական յենակէտերում տեղաբաշխուած էին հետեւեալ դասաւորութեամբ. 1ին եւ 2րդ յենակէտերում դիրքաւորւում են արարատցի Խաչիկ Զաքարեանի եւ քանաքեռաւանցի Տիգրան Յարութիւնեանի, իսկ 3րդ եւ 4րդ յենակէտերում՝ Շէկեան Էռնեստի եւ բուժականցի Մուրադի (Զաքարեան Մուրադ, զոհուել է 1994 թ. Փետրուարի 23ին, Ֆիզուլիի ճակատում) գլխաւորած դասակները:

2րդ յենակէտի տեղամասում դէպի 1ին յենակէտը նայող խրամատներում ( 2րդ յենակէտը կիսալուսնաձեւ տեսք է ունեցել–Հ.Գ.) դիրքաւորուել էր թալինցիների դասակը, արեգցի Աղասու գլխաւորած վեց ազատամարտիկներից (կարմրաշենցիներ՝ Գեւորգ, Հրաչ, բազմաբերդցի Յարութ, արեգցի Սամուէլ եւ թալինցի Ալբերտ) կազմուած ջոկատը: Գումարտակի երկրորդ վաշտից մի դասակ գումարտակի սպայակոյտի (շտաբ) պետ Մարգարեան Ռոմիկի (ՀՀ բանակի գնդապետ, Երեւանի Շահումեանի շրջանի զին. կոմիսար) եւ նոյն վաշտի հրամանատար հրազդանցի Աբոյի (Ալաւերդեան Ալբերտ, զոհուել է 1994 թ. Յունուարի 10ին, Ֆիզուլիի ճակատում) հրամանատարութեամբ կարեւոր առաջադրանքով Յունուարի սկզբին մեկնում են Շահումեանի հայդուկներին օգնելու: Նոյն վաշտի միւս մասը՝ Ղազարեան Մուկուչի գլխաւորած թալինցիների դասակը, գտնւում էր պահեստազօրում: Բացի վերոյիշեալ ուժերից, Պետոյի տնօրինութեան տակ էր Յովիկի (Տիրան Խաչատրեան, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) հրասանդորդների դասակը, պռօշեանցի երիտասարդ ազատամարտիկների ջոկատը, Ափոյեան Անդրանիկի գլխաւորած հրազդանցիների դասակը եւ մէկ «Տ-72» հրասայլ: Այո, սպասուելիք ճակատամարտերը ծանր էին լինելու, եւ բոլոր նրանք, ովքեր ծանօթ էին Շուշիի առանձնակի գումարտակի մարտական ներուժին, հարուստ կենսագրութեանն ու հրամանատարական կազմին, ինչպէս նաեւ զինուորների նուիրուածութեանն ու անսասան ոգուն, չէին կասկածում, որ այս անգամ եւս գումարտակը գերազանց կը կատարի առաջադրանքը:

***

ԼՂՀ սահմանակից հարաւային շրջաններում 1993 թ. աշնանը կրած ծանր պարտութիւններից յետոյ ադրբեջանցիների բանակը յայտնուել էր չափազանց ծանր, թւում էր՝ անելանելի վիճակում: Բանակը կորցրած նախագահ Հէյդար Ալիեւը, պարտութիւնների եւ բնականաբար նաեւ անխուսափելի կործանման սպառնալիքի հարկադրանքով, հանրապետութիւնն ընդգրկում է ԱՊՀ կազմում եւ Ռուսաստանի իշխանութիւնների միջնորդութեամբ ԼՂՀ ղեկավարութեան հետ ձեռք բերած զինադադարի շնորհիւ կարողանում է երկիրը փրկել վերահաս փլուզումից: Նման իրավիճակում դա միակ փրկարար քայլն էր: Ալիեւը եւ նրան սատարող ներքին, ինչպէս նաեւ արտաքին ուժերը շատ արդիւնաւէտօրէն կարողացան օգտագործել մինչեւ նոյն տարուայ Դեկտեմբերի վերջերը ձգուող զինադադարը: Տարբեր երկրներից հաւաքագրուած հազարաւոր վարձու ռազմագէտների, զինուորների եւ աֆղան մոջահեդների մասնակցութեամբ ադրբեջանական իշխանութիւնները կարողացան կարճ ժամանակամիջոցում կեանքի կոչել հզօր տեխնիկայով յագեցած բազմահազարանոց բանակ եւ կենտրոնանալով արցախեան ռազմաճակատի գրեթէ բոլոր ուղղութիւններում՝ պատրաստուել վճռական գօտեմարտի:

Բանակի կազմաւորման համար օգտագործելով հսկայական նիւթական միջոցներ ու մարդկային ուժ՝ ադրբեջանական իշխանութիւններն աւելի քան համոզուած էին, որ այս անգամ իրենց վերջնականապէս կը յաջողուի զէնքի զօրութեամբ Արցախին պարտադրել իրենց պահանջները: Եւ պատահական չէր, որ հանրապետութեան նախագահ Հ. Ալիեւը ի լուր աշխարհի յայտարարեց 1994 թ. Յունուարի 10ին Ստեփանակերտում յաղթական զօրահանդէս եւ հերթական խորհրդակցութիւն անցկացնելու մասին:
Արցախեան բանակի ուժերին սպասւում էր եւս մէկ հերթական դժուարագոյն փորձութիւն:

1994 թ. Յունուարի 5ին ադրբեջանական զօրքերը զանգուածային յարձակումներ են ձեռնարկում ռազմաճակատի գրեթէ բոլոր ուղղութիւններով, եւ գրոհի ենթարկուած Արցախեան զօրամասերն առաջին օրերին յայտնւում են ծանրագոյն իրավիճակում:

Հադրութի ինքնապաշտպանական շրջանի հրամանատար Արթուր Աղաբեկեանը, անդրադառնալով այդ օրերին ծաւալուող մարտական գործողութիւններին, նշում է. «Մի քանի օր շարունակ ադրբեջանցիները յարձակումներ էին

 

գործում, կարողացանք հետ շպրտել: Դրանից յետոյ նրանք օգտագործեցին նոր մարտավարութիւն: Սահմանի մոտով մեր թիկունքն անցաւ հակառակորդի մի վաշտ: Առաւօտեան մի քանի կռիւներից յետոյ պարզուեց, որ թիկունքից փորձում էին փակել դէպի Վահանի եւ Վահէի դիրքերը տանող ճանապարհը: Զօրքի մէջ խուճապ առաջացաւ: Զօրքերն ստիպուած նահանջեցին մինչեւ Շուքիւրբէյլի: Պարսկաստանի սահմանի հատուածը մնացել էր անպաշտպան: Այդ մի քանի կիլոմետրը չէր հսկւում, եւ թշնամին հեշտ կարողացաւ վաշտն անցկացնել մեր թիկունք»:

Հրամանատարի վկայութեան մէջ կարեւորւում է մի ուշագրաւ խոստովանութիւն: Պարզւում է, որ ռազմաճակատի համար սպառնալիք է ստեղծել «անպաշտպան տարածքից» գումարտակների թիկունքն անցած ադրբեջանական զօրամասը: Ճիշդ եւ ճիշդ այդ նոյն օրը համանման երեւոյթ է կրկնուել նաեւ հարաւում՝ Հորադիզի շրջանում: Ռազմաճակատի այդ հատուածում եւս հակառակորդին յաջողուել է դարձեալ «անպաշտպան տարածքից» Հորադիզը պաշտպանող զօրամասի թիկունք անցկացնել իրենց զօրավաշտերը, ինչի արդիւնքում հայկական զօրքերը, առանց որեւէ դիմադրութեան, թշնամուն յանձնեցին ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունեցող քաղաք-կայարանը:

Շուշիի առանձնակի գումարտակը յայտնւում է օրհասական իրավիճակում: Թշնամին, հսկայական ռազմական ուժեր կենտրոնացնելով եւ օգտուելով գումարտակների նահանջից, կարող էր արդէն հեշտութեամբ առաջանալ բաց տեղանքով եւ աջ թեւից շրջանցելով գումարտակի պաշտպանական յենակէտերը, այն վերցնել շրջափակման մէջ:

Եւ քանի որ արդէն իսկ ռազմաճակատի գրեթէ բոլոր ուժերն են բռնում նահանջի ուղին, ուստի հրամանատարութեան կենտրոնում այն կարծիքն է տիրում, թէ անխուսափելիօրէն նոյն ճակատագիրն է բաժին ընկել նաեւ Շուշիի գումարտակին: Ուստի կարելի է հասկանալ ռազմաճակատի հրամանատարի անկեղծ ուրախութիւնն ու զարմանքը, երբ Պետօն ռադիօկապով նրան յայտնում է. «Թեկուզ քրտինք էլ թափենք, թեկուզ արիւն էլ թափենք, ես, միեւնոյն է, մեր դիրքերը կը պահեմ, բայց ձեր մասին մտածէք: Եթէ ադրբեջանցիներն այդպէս շարժուեն, ապա կը գան ու կը հասնեն Հադրութ»:

Պաշտպանական երկրորդ դիրքեր գոյութիւն չունէին, ի՞նչ ճակատագրի կ՛արժանանային ռազմաճակատի ուժերը, եւ ինչպիսի՞ ընթացք կ՛ունենային մարտադաշտում ծաւալուող իրադարձութիւնները, եթէ Շուշիի գումարտակը շրջափակման սպառնալիքից խուսափելու նպատակով իր հարեւանների նման նոյնպէս փորձէր նահանջել:

Վրայ է հասնում այն ճակատագրական պահը, երբ գումարտակը առաջնորդող Պետօն իր զինակիցներով պիտի կատարէր յիրաւի պատմական նշանակութիւն ունեցող քայլ: Այժմ արդէն մեծապէս նրա գլխաւորած զօրավաշտերի հաստատակամութիւնն ու դիմադրողական կարողութիւններն էին վճռելու ռազմաճակատում ծաւալուող մարտական գործողութիւնների ճակատագիրը: Այդ օրհասական իրավիճակում Պետօն, առաւել քան երբեւէ, տրամադրւում է դիրքերը մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը աներեր պաշտպանելու ու թշնամու գրոհները ջախջախելու վճռականութեամբ: Նոյն ոգով ու հաստատակամութեամբ էին համակուած գումարտակի բոլոր մարտիկները, որոնք անվերապահօրէն հաւատում էին իրենց հրամանատարին, նրա ընդունած վճիռների ճշմարտացիութեանը:

Յունուարի 5ի առաւօտեան, երբ լոյսը դեռ չէր բացուել, ադրբեջանցիների հետեւակը հրասայլերի աջակցութեամբ գրոհում է Պետոյի գումարտակի դիրքերը՝ 3րդ եւ 4րդ յենակէտերի ուղղութեամբ: Քանի որ աջ թեւն արդէն լրիւ բաց էր, ուստի թշնամին ձգտում է մեծաքանակ ուժերի հարուածն ուղղելու պաշտպանական այդ հատուածում դիրքաւորուած բուժականցի Մուրադի գլխաւորած մարտիկների ու Էռնեստի կրակային դասակի դիմադրութիւնը կոտրելուն, ապա եւ շարժուելով ռազմաճակատի խորքը՝ Արցախեան ուժերի նկատմամբ ձեռք բերելու դիրքային վճռական գերակշռութիւն: Յապաղելու ժամանակ այլեւս չկար: Անհրաժեշտ էր եղած ուժերով փակել աջ կողմում առաջացած ճեղքուածքը եւ արագ տեղաշարժերով ու անսպասելի հարուածներով խափանել հակառակորդի՝ գումարտակը շրջափակելու փորձերը: Պետոյի հրամանով պահեստազօրում գտնուող Մուկուչի, Անդոյի դասակները եւ Յովիկի գլխաւորած ջոկատն արագօրէն շարժւում են գումարտակի աջ կողմը՝ դիմագրաւելու առաջացող թշնամուն:

Գումարտակի հրամանատար Վահան Բադաթեանի պատմածից պարզւում է, որ հակառակորդի պաշտպանական յենակէտերի վրայ ճակատից եւ յատկապէս թիկունքից ձեռնարկուած միաժամանակեայ հարուածներն իրենց համար կատարեալ անակնկալ էին: Յայտնուելով պաշարման մէջ՝ գումարտակն ստիպուած նահանջել է մօտաւորապէս ութ կիլոմետր եւ, անընդմէջ կռիւներ մղելով, ճեղքել թիկունք անցած ադրբեջանական զօրաջոկատների շղթան, ապա դժուարութեամբ դուրս գալով շրջափակումից՝ դիրքեր է գրաւել Ֆիզուլիի շրջանի Շուքիւրբէյլի գիւղի մօտակայքում:

Շարունակութիւն

Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցութեամբ Պետօն գալիս է գումարտակի աջ թեւը եւ տեղում մէկ անգամ եւս քննարկելով ստեղծուած կացութիւնը՝ վճռում է կազմակերպել շրջանաձեւ պաշտպանութիւն եւ դիմադրել մինչեւ օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3րդ եւ 4րդ յենակէտերը բաւական առաջ էին ընկած, եւ գործնականում գրեթէ անհնարին էր իրականացնել դրանց պաշտպանութիւնը, ուստի Պետօն հրամայում է այդ յենակէտերում դիրքաւորուած ջոկատներին մի փոքր հետ քաշուել եւ քառասունհինգ աստիճանով շրջուելով դէպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի եւ Յովիկի դասակների համագործակցութեամբ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարեւոր էր, որ յենակէտերի հետքաշումը կազմակերպուէր այնպիսի վարպետութեամբ, որպէսզի տեղի չտրուէր աւելորդ շտապողականութեան ու խուճապի: Մեծ հմտութեամբ կազմակերպուած նահանջը տեւում է ընդամէնը երկու ժամ:

Այդ գործողութեան ընթացքում Պետօն մէկ անգամ եւս ուշադրութեամբ ուսումնասիրում է տեղանքը եւ կողմնորոշուելով բարդ իրադրութիւնում՝ իւրաքանչիւր դասակի հրամանատարի ու յենակէտերի պատասխանատուների տալիս է համապատասխան յանձնարարութիւններ:

Նոյն օրը ադրբեջանցիները ձեռնարկում են ուժգնութեամբ նախադէպը չունեցող լայնածաւալ զանգուածային յարձակումներ գումարտակի պաշտպանութեան ողջ երկայնքով:

Թշնամու հրամանատարութիւնը, որի շարքերը համալրուած էին օտարերկրեայ վարձկան զինուորականներով՝ հաշուի չառնելով իրենց կորուստների մեծաքանակութիւնը, զէնքի սպառնալիքով նորանոր զինավաշտեր է քշում մարտադաշտ: Յունուարեան կռիւների ժամանակ նրանք անցնում են մինչ այդ դեռեւս չկիրառուած նոր մարտավարութեան: Որպէս կանոն, յարձակուելիս գործելով 3-4 զօրաշղթաներով, հակառակորդը վերջին շղթան համալրում էր պատժիչների խմբերով, որոնց հիմնական խնդիրը նահանջելու կամ խուճապի պահին փախչելու փորձ անողներին գնդակահարելն էր: Նման դաժան միջոցների կենսագործմամբ Ադրբեջանի իշխանութիւնները ձգտում էին վերջնականապէս ծնկի բերել ԼՂՀ պաշտպաններին: Պատահական չէին Հ. Ալիեւի խոստումները:

Իրօք, ապշեցուցիչ է այն իրողութիւնը, թէ ինչպիսի հրաշքով էին մեր տղաները կարողանում ձմռան խստաշունչ պայմաններում, առանց փոխարինող ուժերի, գիշեր ու ցերեկ կռուել եւ մինչեւ անգամ յաղթել իրենցից բազմաթիւ անգամ գերակշիռ ուժեր ունեցող հակառակորդին: Տղաների միասնական կարծիքով՝ կռիւների հէնց առաջին օրը ադրբեջանցիները միայն իրենց գումարտակի դիրքերում թողել են աւելի քան 300 դիակ: Մարտական գործողութիւնները չթուլացող ուժգնութեամբ շարունակւում են նաեւ յաջորդ օրերին:

Նկատի ունենալով, որ յետագայ մարտերում հակառակորդն իրենց դիրքերի ուղղութեամբ անխուսափելիօրէն օգտագործելու է հրասայլեր ու զրահամեքենաներ եւ կանխատեսելով հակառակորդի ձեռնարկելիք յարձակման հնարաւոր ուղղութիւնները՝ Պետօն վաղօրօք խնամքով կազմակերպել էր ականապատման աշխատանքները:
«Մենք, վկայում է Մուկուչը, երկու օրուայ ընթացքում 400 հակահրասայլային ականներ շարեցինք մեր դիրքերի դիմաց ու կանգնեցինք»:

Մեծ կարեւորութիւն տալով ռազմաճակատի Շուշիի գումարտակի դիրքերը անպայմանօրէն խորտակելու անհրաժեշտութեանը՝ թշնամին վճռում է չխնայելով ուժերը՝ յարձակումը շարունակել նաեւ գիշերը: Գիշերային մարտերի ժամանակ ադրբեջանական հրոսակները կիրառում են Արցախեան պատերազմում մինչ այդ աննախադէպ մարտավարութիւն: Նրանք երկու դասակի կազմով մօտենում են յենակէտին ու մօտաւորապէս 60 նռնականետներից միաժամանակ կրակ են տեղում Պետոյի գումարտակի պաշտպանական դիրքերին:

Կռուի մասնակից մարտիկների գնահատմամբ՝ նռնականետորդները զէնքերը (ռուսական վերջին՝ «ՌՊ-16» տեսակի նռնականետ, որի հարուածի հեռահարութիւնը հաւասար է 1500 մետրի, Հ.Գ.) օգտագործում էին այնպիսի վարպետութեամբ, որ թւում էր՝ կրակում էին ինքնաձիգներից:

Գիշերային մթութեան մէջ սուրացող եւ երբեմն միմեանց բախուող կրակէ շապիկով պարուրուած տասնեակ նռնակները մի անպատմելի «գեղեցիկ» տեսարան էին ստեղծում:

Նման մարտավարութեան կիրառմամբ հակառակորդը առաւելապէս ձգտում է տասնեակ նռնականետների մեծադղորդ աղմուկով ու կրակէ յեղեղով խուճապ առաջացնել հայ զինուորների շարքերում: Սակայն հակառակորդի ձեռնարկած ոչ մի ուժ ու մարտավարութիւն ի զօրու չէին ահաբեկելու Պետոյին ու նրա զինակիցներին:

Նռնականետորդների դասակների աջակցութեամբ ձեռնարկուող թշնամու զանգուածային գրոհները փշրւում են՝ հանդիպելով մեր զինուորների երկաթեայ պաշտպանութեանը: Ամբողջովին խորտակւում է ադրբեջանական հրամանատարութեան վարձու արհեստավարժ զինուորների միջոցով իրականացուող մարտավարական այս նորամուծութիւնը: Գիշերային մարտում թշնամին կրում է իր հերթական պարտութիւնը: Նոյնն էր պատկերը մինչեւ Յունուարի 8ի առաւօտեան:

Այդ օրը ռազմաճակատի հրամանատարութիւնից Պետոյին յայտնի է դառնում, որ ադրբեջանցիները մեծ ուժեր կենտրոնացնելով՝ կարողացել են թափանցել իր եւ ձախ հարեւանի՝ Ռիժիկի գումարտակի արանքը: Մահացու սպառնալիք է կախւում գումարտակի վրայ: Քանի որ աջ կողմը հէնց առաջին օրն էր բաց մնացել, այժմ էլ ձախ թեւից ադրբեջանցիների առաջխաղացման դէպքում ողջ գումարտակը անխուսափելիօրէն կը յայտնուէր շրջապատման մէջ:

«…Երբ արդէն թուրքը Շուքիւրբէյլի, Սէյդահմեդլի, Կարախանբէյլի գիւղերի ճանապարհով պէտք է մտնէր մեր միւս երեք գումարտակների թիկունքը, եւ վտանգի տակ դրուէր Ֆիզուլի քաղաքը, որտեղ մենք էինք նստած, հրամանատարութեան հետ համաձայնեցրի իմ առաջարկութիւնը, եւ կազմակերպեցինք Պետոյենց ու մեր միւս երեք գումարտակների նահանջը», նշում է Աղաբեկեան Արթուրը:

Ստանալով Արթուրի համաձայնութիւնը՝ Պետօն կազմակերպում է գումարտակի նահանջը:

Պատերազմական իրավիճակում զօրքի նահանջի ճիշդ կազմակերպումն ու նրանց անվտանգութիւնն ապահովելու վարպետութիւնը զօրամասի հրամանատարութեան անվիճելի առաւելութիւններից ու կազմակերպչական տաղանդի լաւագոյն ապացոյցներից է: Ականատեսների վկայութեամբ՝ նոյնիսկ նահանջելու ընթացքում Շուշիի առանձնակի գումարտակն իր մարտական պահուածքով, կարգապահութեամբ ու սառնասրտութեամբ հաստատում էր նման բարձր կարգն ու վարպետութիւնը:

Եւ եթէ ընդհանրացնելու եւ գնահատելու լինենք Պետոյի գլխաւորած Շուշիի առանձնակի գումարտակի կռիւների առաջին երեք օրերի դրսեւորած գործունէութիւնը, ապա անվարան կարելի է ասել. հակառակորդի համար կատարեալ անակնկալ էր ռազմաճակատի այդ հատուածում հայ զինուորների դրսեւորած այնօրինակ պաշտպանունակութիւնը: Թւում է՝ անհաւատալի ու հասարակ մահկանացուների ուժերից վեր էր այն, ինչ կատարեց Շուշիի առանձնակի գումարտակը: Երեք օր ու գիշեր կիսաշրջափակուած վիճակում՝ անպատմելի խիզախումներով ու երկաթեայ պաշտպանութեամբ պարտութեան մատնելով ադրբեջանական գերակշիռ ուժերին՝ գումարտակը աներեր է պահում ռազմաճակատի գիծը: Այդ օրերի մարտական գործողութիւնների անաչառ ուսումնասիրութիւնն ու վերլուծութիւնը միանշանակ ապացուցում է, որ Շուշիի առանձնակի գումարտակն իր յիրաւի հերոսական գործունէութեամբ արմատական բեկում մտցրեց ռազմաճակատի մարտական գործողութիւններում:

Եւ իրօք, եթէ Շուշիի առանձնակի գումարտակը չկարողանար կանգնեցնել ադրբեջանցիների յարձակումները, ապա միանգամայն հնարաւոր էր, որ պաշտպանութեան երկրորդ բնագծերի բացակայութեան պայմաններում զրահամեքենաների աջակցութեամբ նրանք ճեղքէին ռազմաճակատի գիծը եւ գրաւելով Ֆիզուլին՝ ԼՂՀ խորքը ներխուժելու սպառնալիք ստեղծէին:

ՀԱՄԼԷՏ ԳԵՒՈՐԳԵԱՆ, Պատմ. գիտ., դոկտոր, պրոֆեսոր

comments