ՀԱՐՑԱԶՐՈՅՑ- «ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼՂՀ ԱԺ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

By Asbarez | Tuesday, 07 January 2014

«Խորհրդարանում Մեր Թիւը Քիչ Է, Բայց Առաւելագոյն Ձեւով Ենք Կատարում Մեր Վրայ Դրուած Խնդիրները». Արմէն Սարգսեան

Պատրաստեց՝ Ա. ԱԶԱՏԵԱՆ

 

Ա. ԱԶԱՏԵԱՆ.- Պարոն Սարգսեան, ԼՂՀ ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութիւնը միշտ տարբերուել է ակտիւութեամբ, բնակչութեան հետ հանդիպումների թուով եւ նրանց տրուող հաշուետուութեան մշակոյթով: Քանի որ ամփոփւում է 2013 թուականը, ի՞նչը կ՛ընդգծէիք այս տարուայ մէջ, որո՞նք էին խմբակցութեան հիմնական ձեռքբերումները:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իւրաքանչիւր պատգամաւոր հիմնականում պէտք է աշխատի երկու ուղղութեամբ: Նախ՝ պէտք է Ազգային ժողովում կատարի իր աշխատանքը եւ երկրորդ՝ բնակչութեան հետ հանդիպումներ ունենայ, լսի բնակչութեան կարծիքները, ընդհանրացնի այն եւ ներկայացնի խորհրդարանին կամ կառավարութեան համապատասխան մարմիններին: 2013 թուականին մենք շարունակել ենք բնակչութեան հետ մեր հանդիպումները. բարձրացուել են մի շարք հարցեր: Մենք յարաբերութիւն ենք հաստատել կառավարութեան համապատասխան մարմինների հետ եւ ներկայացրել ենք հարցերը: Եթէ ընդհանրացնենք բնակչութեան կողմից բարձրացուող հարցերի լուծման գործընթացը, ապա կարող ենք ասել, որ բարձրացուած հարցերի մի մասը լուծուել է, իսկ մի մասը օրակարգի մէջ է: Խորհրդարանում Դաշնակցութիւն խմբակցութիւնը փորձել է ակտիւ լինել: Իւրաքանչիւր նիստի ժամանակ մեծ թուով հարցեր ենք ուղղել կառավարութեանը: Բացի դրանից՝ հանդէս ենք եկել մի շարք օրէնսդրական նախաձեռնութիւններով: Մենք փորձում ենք աշխատել ոչ թէ օրէնքների թուի, այլ որակի վրայ: Եւ հաշուի ենք առնում այդ ամէնում Ղարաբաղի առանձնայատկութիւնները:
2013 թուականին խմբակցութեան կողմից կազմակերպուել է 2 կլոր սեղան, որին ներգրաւել ենք տարբեր քաղաքական ուժեր: 2013 թուականը բեղմնաւոր տարի էր, եւ երբ համեմատում ենք տարբեր տարիների հետ, ապա փաստում ենք, որ 2013 թուականին մեր կողմից բարձրացուած աւելի շատ հարցերի ենք կարողացել լուծում տալ, քան նախորդ տարիներին:

Ա. ԱԶԱՏԵԱՆ.- Արդէն մի քանի ամիս է, ինչ ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենեակում Դաշնակցութիւն խմբակցութիւնը կազմակերպում է բնակչութեան հետ հանդիպումներ: Ի՞նչ հարցերով են քաղաքացիները դիմում Դաշնակցութիւն խմբակցութեանը: Արդեօք այդ հարցերին լուծումներ տրւո՞ւմ են:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք բնակչութեան կողմից մեզ ներկայացուած հարցերով հետաքրքրւում ենք, դրանք ներկայացնում ենք համապատասխան մարմիններին: Մի շարք հարցերի լուծում արդէն իսկ տրուել է: Մի շարք հարցերի էլ հնարաւոր չի եղել լուծում տալ: Պէտք է խոստովանեմ, որ Ստեփանակերտում այդ հանդիպումները շատ աշխոյժ չեն ընթանում: Առայժմ բնակչութեան շատ քիչ մասն է դիմում, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրութեամբ բոլոր բարձրացուած հարցերը միայն անձնական բնոյթի են եղել: Այդ հարցերի մէջ չեն եղել համապետական կամ համաքաղաքային բնոյթի հարցեր: Իսկ շրջաններում հանդիպումների ժամանակ զարմանալիօրէն, ինչը նաեւ ուրախալի է, բացի անձնական հարցերից բարձրացւում են հարցեր՝ կապուած գիւղի հետ, ինչպէս նաեւ համապետական բնոյթի հարցեր: Դա նոյնպէս բնական է: Ստեփանակերտում կազմակերպուած հանդիպումների ժամանակ մարդիկ անհատապէս են գալիս հանդիպումների, իսկ շրջաններում հանդիպումները ընդհանրական են լինում:

Ա. ԱԶԱՏԵԱՆ.- Այս տարի Արցախի խորհրդարանն աչքի ընկաւ մասնաւորապէս արտաքին կապերի, տարբեր երկրների խորհրդարանական պատուիրակութիւնների հետ փոխայցելութիւնների եւ փոխյարաբերութիւնների առումով: Ի՞նչ դեր ունեցաւ այս առումով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունեցել է կազմակերպչի դեր: Արտաքին աշխարհում ՀՅԴն շատ լուրջ աշխատանք կատարեց Արցախի ճանաչման գործընթացում: ԱՄՆի մի շարք նահանգներում, Ուրուգուայում, Աւստրալիայում եւ այլ երկրներում, որտեղ լուրջ աշխատանքներ են տարուել ու տարւում Արցախի անկախութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ, կազմակերպիչ ուժը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քաղաքական որոշումն է՝ Մինսկի խմբի համանախագահների գործընթացին զուգահեռ սկսել Արցախի ճանաչման գործընթացը: Դա կարեւոր գրաւական է, որ մենք կարողանանք տարածքային ամբողջականութեամբ ճանաչել տանք ԼՂՀն: Եւ ցանկացած քաղաքական պահ մենք պէտք է օգտագործենք մեր նպատակին հասնելու համար: Դաշնակցութիւն խմբակցութեան ներկայացուցիչը ԱԺ պատուիրակութեան կազմում մասնակցել է Հարաւային Օսեթիայի անկախութեան տօնին նուիրուած միջոցառումներին:

Ա. ԱԶԱՏԵԱՆ.- Գալիք տարուայ հետ կապուած ի՞նչ ծրագրեր ունէք, եւ ի՞նչ կը մաղթէք մեր հայրենակիցներին Նոր Տարուայ առիթով:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Գալիք տարուայ հետ կապուած ծրագրերը բազմաբնոյթ են: Մենք փորձում ենք աւելի աշխուժացնել հանդիպումները բնակչութեան հետ: Արդէն կազմում ենք հանդիպումների ժամանակացոյցը: Բացի դրանից մենք մեր ծրագրերում կը ներառենք կլոր սեղանների կազմակերպման աւանդոյթը, որը շատ կարեւոր է: Ի դէպ, 2013 թուականին առաջին անգամ կազմակերպելով կլոր սեղան, մենք ոչ միայն քաղաքական ուժերին ենք հրաւիրել, այլ հրաւիրել ենք Արցախում առկայ երիտասարդական, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին: Մենք փորձում ենք ակտիւացնել երիտասարդութեանը: Սա որպէս աւանդոյթ անպայման տեղ կը գտնի մեր ծրագրերում: Մենք փորձում ենք տարբեր օրէնքների վրայ աշխատել: Արդէն իսկ առկայ է մէկ օրէնքի նախագիծ, որի վրայ մենք աշխատում ենք, դա «Կոչումների մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին նախագիծն է: Տարուայ ընթացքում նոյնպէս տարբեր օրէնքներում աշխատելու անհրաժեշտութիւն է առաջանում:
Դաշնակցութիւն խմբակցութիւնը իր ծրագրում նախատեսել է պարբերաբար հանդիպել երկրի վարչապետի հետ, որպէսզի ընթացիկ հարցերը կարողանանք քննարկել ոչ միայն բիւջէի ընդունման ժամանակ, այլ մինչ բիւջէի ընդունումը: Սա մենք փորձում ենք աւանդոյթ դարձնել, որի առաջին քայլերն արդէն կատարել ենք եւ 2014 թուականին այն շարունակական բնոյթ կը ստանայ: 2014 թուականին բարձրացուած տարբեր հարցերով հանդէս կը գանք հրապարակային դասախօսութիւններով, հեռուստատեսութեամբ, ռադիոյով, որտեղ մենք պարբերաբար կը ներկայացնենք ու կը վերլուծենք ՀՅԴ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ:
Եթէ նկատել էք, տարիներ առաջ մեր կողմից բարձրացուած մի շարք հարցեր կառավարութեան կողմից ընդունուել են միայն որոշակի տարիներ անց. դա բնականաբար տեղի է ունեցել պարբերաբար կատարուող աշխատանքների արդիւնքում: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղութեամբ: Խմբակցութիւնը փորձում է աւելի աշխոյժ լինել տարբեր երկրների բարեկամական խմբերում: Մեր պատգամաւորներին ընդգրկել ենք Ազգային ժողովի կողմից կազմուած այդ խմբերում: Մենք փորձում ենք ակտիւ մասնակցութիւն ունենալ Հայ Դատի աշխատանքներին: Դաշնակցութիւն խմբակցութեան պատգամաւորները պարբերաբար լինում են արտերկրում եւ Արցախի վերաբերեալ տարբեր թեմաներով դասախօսութիւններով են հանդէս գալիս: Մենք բաւականին ակտիւ ենք գիտական կոնֆերանսների կազմակերպման մէջ: Չի եղել այնպիսի մի գիտական կոնֆերանս, որը կազմակերպուի ԼՂՀ ԱԺ կողմից, որտեղ դասախօսութիւններով մեր խմբակցութեան կամ կուսակցութեան անդամները հանդէս չգան: Խորհրդարանում մեր թիւը քիչ է, բայց մենք փորձում ենք առաւելագոյն ձեւով կատարել մեզ վրայ դրուած խնդիրները: Ներկայումս կազմւում է 2014 թուականի աշխատանքային ծրագիրը, որը ներկայացնելու ենք Դաշնակցութեան Կենտրոնական Կոմիտէին, որի հաստատումից յետոյ ծրագիրը կը մտնի գործողութեան մէջ:
Մեր հայրենակիցներին մաղթում եմ յաղթական խաղաղութիւն: Չի կարող լինել խաղաղութիւն ամէն գնով: Եթէ կարողանանք պահել յաղթողի կերպարը բոլոր բնագաւառներում՝ մենք կ՛ունենանք յաղթանակ: Ես ցանկանում եմ յաղթական խաղաղութիւն, կապոյտ երկինք, առողջութիւն եւ իղձերի իրականացում: Մեր ժողովուրդը շատ զրկանքներ է կրել, հասել է իր քաղաքական վսեմ նպատակին. մենք ունենք անկախութիւն եւ մեր ժողովուրդն արժանի է, որ 2014 թուականին առանձնապէս իր երազանքներն իրականանան:
Շնորհաւորում եմ բոլորի Նոր Տարին: Աւելի հասուն քաղաքական գիտակցութիւն եւ նորանոր յաջողութիւններ եմ ցանկանում մեր հայրենակիցներին:

comments