By Asbarez | Monday, 13 January 2014
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը կրկին հարցազրոյց է տուել 2rd.am կայքին՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը:
ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, ինչպիսի՞ կարծիք ունէք 2013ի Դեկտեմբերին «Գազպրոմ»ի հետ ստորագրուած եւ քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Գազային համաձայնագրի հետ կապուած բոլոր հարցերը ես կը բաժանեմ երեք մասի.
- Գազի իրական գնի թաքուն պահելը եւ դրա հետեւանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
- Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
- Համաձայնագրով մինչեւ 2043 թուականը հաստատուած մենաշնորհի բացառիկ պայմանները:
1.- Եւ այսպէս, գազի իրական արժէքի թաքուն պահելու մասին: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխութիւնը թաքցնելու կառավարութեան տրամաբանութիւնը, որը յանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնյայտ էր, որ գազը հանրապետութիւն էր մտնում շատ աւելի թանկ գնով, քան սպառողների համար հաշուարկուող սակագներն էին: Դա երեւում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հէնց սկզբից հասկանալի էր, որ կառավարութիւնը չի կարող խուսափել տհաճ բացատրութիւններից, քանի որ օրէնսդրութիւնն ուղղակի թոյլ չի տալիս շրջանցելու խորհրդարանը: Գուցէ, այնուամենայնիւ, յոյս ունէին «Գազպրոմ»ի հետ համաձայնութեան գալ որեւէ այլ սխեմայով, բայց չստացուեց: Արդիւնքում ստացուեց շատ տհաճ պատմութիւն, եւ կառավարութեան հեղինակութիւնը լրջօրէն տուժեց: Քննարկումներն ԱԺում ճնշող տպաւորութիւն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրայ: Կառավարութիւնը չունէր կատարուածի վերաբերեալ ողջամիտ բացատրութիւններ եւ ծայրայեղ անհամոզիչ էր: Աւելի հեշտ կը լինէր պարզապէս ներողութիւն խնդրել: Նոյնիսկ իշխող կուսակցութեան պատգամաւորների մի մասը ակնյայտ շփոթմունքով էին քուէարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստուածք թողեց հասարակութեան կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրայ, նաեւ՝ դրա լեգիտիմութեան (օրինաւորութեան-Խմբ.) առումով: Հասարակութիւնն ընտելացել է բազմաթիւ քաղաքական գործիչների անսկզբունքայնութեանը, բայց իշխանութեան ինստիտուտներից մէկի հանրութեան աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցաւօք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչութեան վստահութեան բարձր մակարդակով (բացառութեամբ բանակի), իսկ այսպիսի իրադարձութիւնները քայքայում են այդ վստահութեան մնացորդները: Վստահ եմ, որ հէնց սկզբից պէտք էր ուղիղ ասել, թէ գազի գնի թանկացման, թէ այդ խնդրի լուծման ուղղութեամբ իշխանութեան գործադրած ջանքերի մասին:
2.- «Հայռուսգազարդ»ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռուից: «Հայռուսգազարդ»ի հիմնադիրներն ի սկզբանէ եղել են ՀՀ էներգետիկայի նախարարութիւնը, «Գազպրոմ»ը եւ «ԻՏԵՐԱ» ընկերութիւնը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրէնների խորհուրդը ձեւաւորւում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնութեան, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակւում «Գազպրոմ»ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրէնին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստօրէն ընկերութեան մենեջմենթն (տնօրէնութիւնը-Խմբ.) իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Աւելի ուշ, 5րդ էներգաբլոկում եւ Իրան-Հայաստան գազատարում «Գազպրոմ»ի կատարած խոշոր ներդրումների հետ կապուած, բաժնեմասերի համամասնութիւնը փոփոխուեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մէջ ֆինանսական մասնակցութիւն չունեցաւ (մինչ այդ էլ «Գազպրոմ»ը գնել էր «ԻՏԵՐԱ»ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերութեան կառավարման համաձայնեցուած ձեւաչափը չփոխուեց. գործադիր տնօրէնը առաջուայ պէս նշանակւում էր հայկական կողմից: Դա, իհարկէ, ընկերութեան կառավարման մէջ ասիմետրիկ (անհամաչափ-Խմբ.) մասնակցութիւն էր (ի շահ մեզ):
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարութիւնը ամբողջապէս հեռացաւ ընկերութեան կառավարումից՝ ստանալով միայն Տնօրէնների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրաւունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկէ, կորցնել ազդեցութիւնը, սակայն ամէն դէպքում դա տեղաւորւում է բիզնեսի տրամաբանութեան շրջանակում, եթէ չլինէին բացառիկ իրաւունքները, որոնք տրամադրուեցին այդ բնական մենաշնորհին մինչեւ 2043 թուականը:
3.- Մինչեւ 2043 թուականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատուածը ծայրայեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտռել համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարաւոր է վատ եմ փնտռել, գուցէ պիտի ուրիշ մայրցամաքում եւ այլ ժամանակներում որոնէի: Եւ սա կատարւում է այն ժամանակ, երբ աշխարհում նաւթագազային բնագաւառը եւ ընդհանրապէս համաշխարհային էներգետիկան դինամիկ (հարաշարժ-Խմբ.) փոփոխութիւնների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում պահանջել օրէնսդրական փոփոխութիւններ ու մօտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագաւառում:
ՀԱՐՑ.- Պատանդ չի՞ դառնայ արդեօք երկրի էներգետիկան վերոյիշեալ համաձայնագրի ձեռքում: Յիշէք «Արմէնթել»ի դէպքը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Այստեղ ամէն ինչ շատ աւելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարութիւնը դիտորդ դարձաւ ոչ միայն «Հայռուսգազարդ»ում, այլեւ ընդհանրապէս հանրապետութեան գազի բնագաւառում:
Ես «Գազպրոմ»ի հետ խիստ արդիւնաւէտ համագործակցութեան տասնամեայ փորձ ունեմ, որի արդիւնքներից են Հայաստանի լայնածաւալ գազաֆիկացումը, ստորգետնեայ պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿի 5րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, եւ վերջապէս՝ շահաւէտ գնով երկրի տասնամեայ կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նոյնիսկ խօսակցութիւնները կը թուային անտեղի: Եւ դա մեր տնտեսութեան մէջ հարիւրաւոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թէ ինչու հիմա տեղի ունեցաւ այս ամէնը՝ չեմ կարող ասել, որեւէ բացատրութիւն այս կապակցութեամբ չեմ լսել:
ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհութեան զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի՞ վերաբերմունք ունէք դուք, եւ քննարկուե՞լ է արդեօք դրա կիրառումը ձեր նախագահութեան օրօք:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Մի փոքր նախապատմութիւն: Հարցը ակտիւօրէն քննարկուել է 2004-2005 թուականներին՝ ՀՀ ԿԲի նախաձեռնութեամբ: Քննարկումներն, ըստ էութեան, դիմակայութեան ձեւով ընթացել են կառավարութեան եւ կենտրոնական բանկի միջեւ, քանի որ կառավարութեան միասնական դիրքորոշումը դէմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մօտ մի քանի խոշոր խորհրդակցութիւն տեղի ունեցան վարչապետի, կառավարութեան տն-տեսական բլոկի պատասխանատուների եւ կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցութեամբ: Քննարկւում էր համաշխարհային փորձը, գնահատուեցին Հայաստանի ընդհանուր տնտեսութեան վրայ այդ ռեֆորմների (բարեփոխումներու-Խմբ.) ռիսկերն ու ազդեցութիւնը: Կառավարութեան փաստարկները շատ աւելի համոզիչ էին, քան ԿԲինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը հանդիսանում էր հէնց կառավարութիւնը, ոչ թէ ԿԲն, եւ կառավարութեանը ռեֆորմ պարտադրել՝ ի հակառակ իր համոզմունքների, կը լինէր սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացուեց չներդնել կենսաթոշակային ապահովագրութեան պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եւրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնուած է սերունդների համերաշխութեան սկզբունքի վրայ:
Ի դէպ, խօսքը լաւ կամ վատ մոդելի ընտրութեան մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առաւելութիւններն ու թերութիւնները եւ տարբեր երկրներում կիրառման յաջողուած կամ ձախողուած օրինակներ: Խօսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրութեանը առաւել չափով համապատասխանող մոդելի ընտրութեանը, եւ դրա ներդրման հետ կապուած հնարաւոր ռիսկերի ճիշդ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամէնից շատ տարածում ունեն ԱՄՆում, որտեղ ֆինանսական եւ ֆոնդային շուկայի զարգացածութեան շնորհիւ կուտակումներն արդիւնաւէտ կառավարելու, սեփական տնտեսութեան պարագծում պահելու լայն հնարաւորութիւններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպէս քաղաքացու, այնպէս էլ երկրի տնտեսութեան օգտին:
ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն է ներկայիս իրադրութիւնը Հայաստանում:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Մի կողմից ծերացող բնակչութիւնը, նրա ակտիւ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների եւ թոշակառուների առանց այդ էլ խնդրայարոյց հանդիսացող համամասնութիւնը եւ բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Միւս կողմից աղքատութեան աճը, կուտակային յատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի եւ ռէալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:
Քննարկումները ցոյց տուին, որ կուտակային յատկացումներին կառավարութեան մասնակցութիւնը բաւարար շարժառիթ չէ երիտասարդութեան համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատեւ բնոյթն ու վստահութեան մեծ դեֆիցիտը (պակասութիւնը-Խմբ.): Դրա հետ մէկտեղ, միեւնոյն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկայ եւ ակնյայտ է, որ կուտակուած միջոցների մի մասը պարտքի տեսքով տրուելու է կառավարութեանը դրա՝ պարտքային պարտաւորութիւնների ձեռքբերման միջոցով: Կառավարութիւնը յարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառութիւնները եւ շատ հաւանական է կը խանդավառուի դրանով: Միջոցների միւս մասը դուրս է բերուելու Հայաստանի սահմաններից, որովհետեւ մենք դրանք կառավարելու բաւարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժուար է դրական հանգամանք անուանել երկրի տնտեսութեան համար (հաշուի առնելով նաեւ արդէն իսկ գոյութիւն ունեցող զգալի պարտքը):
Որեւէ հրաշագործ լուծում այստեղ պարզապէս չկայ: Ակնյայտ է միայն, որ տնտեսական աճի լաւ տեմպի եւ բնակչութեան զբաղուածութեան բարձր մակարդակի պարագայում հարցի սրութիւնը նշանակալիօրէն մեղմ կը լինէր:
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկաների աճ գրանցած տատանողականութիւնն է, ինչի հետեւանքով մեծանում են թէ՛ կուտակուած միջոցների կառավարման, թէ՛ դրանց մասնակի կորստի հետ կապուած ռիսկերը:
Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիւ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրին, եւ չկայ ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնուի: Նման կորուստները փոխհատուցելու բաւարար միջոցներ ՀՀ կառավարութիւնը չունի: Երաշխաւորումը բիւջէով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թէ որքան արդիւնաւէտ կը կառավարուեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի (խոշոր պատկերին-Խմբ.) մասին այսքանը: Չեմ ուզում մխրճուել ընդունուած օրէնքի խնդրայարոյց մանրամասների մէջ: Դրանց մասին շատ են խօսել (եւ բաւականին փաստարկուած) կառավարութեան ընդդիմախօսները ինչպէս ԱԺում, այնպէս էլ մամուլում հրապարակուած տարբեր յօդուածներում եւ ծաւալուած քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողութիւններից շատերին պէտք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցոյց տալ, թէ արդեօք ճի՞շդ վարուեց կառավարութիւնը՝ սկզբնաւորելով պարտադիր կենսաթոշակային կուտակումները: Ցաւօք, այդ ռեֆորմի իւրայատկութիւնը շատ երկարաժամկէտ լինելն է, եւ որպէս կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդէն քչերն են յիշում:
Իմ վերաբերմունքն ընդունուած օրէնքին՝ բացասական է, նկատի առնելով ձախողուելու բարձր հաւանականութիւնը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է յետադարձ հայեացքով մոդելաւորել իրավիճակը եւ հաշուարկել, թէ կուտակումների ինչ մասնաբաժին կը կորցնէին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթէ մենք 2005 թուականին ներդրած լինէինք պարտադիր կուտակումը: Ներողութիւն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնւում են եւ, որպէս օրէնք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:
ՀԱՐՑ.- Մեր կայքին Ամանորի նախօրէին տուած ձեր հարցազրոյցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակուած են գնահատելու այն որպէս մօտ ապագայում ձեր՝ մեծ քաղաքականութիւն վերադառնալու յայտ: Բացի այդ, մամուլն ամէն օր գրում է վարչապետի հետ ձեր բանավէճի շարունակութեան տարբերակների մասին, առաւել եւս, որ անցած շաբաթ վարչապետը հանդէս եկաւ ծաւալուն յօդուածով, ուր փորձեց արդարացնել իր արտայայտութիւնները այսպէս կոչուած «շինարարական փուչիկ»ի վերաբերեալ: Ի՞նչ կ՛ասէք այդ բացատրութիւնների կապակցութեամբ: Եւ, արդեօք ձեր դեկտեմբերեան հարցազրոյցը իրօ՞ք իւրայատուկ մի յայտ է՝ ակտիւ քաղաքականութիւն վերադառնալու համար:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Նախ, գոյնզգոյն աղիւսակներով վերջին յօդուածի մասին: Աւելի լաւ կը լինէր վարչապետը լռեր: Եթէ դու այդքան շատ հիփոթեք (գրաւ անշարժ կալուածքի վրայ-Խմբ.) ունես, ինչո՞ւ այդքան քիչ է շինարարութիւնդ (բառափոխում եմ յայտնի ամերիկեան ասացուածքը): Եթէ հաւատանք թուերին, ապա յօդուածը յանգեցնում է մէկ եզրակացութեան. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում եւ դրա պայմանները բարելաւուում են, միեւնոյն է՝ շինարարութեան ծաւալները շարունակում են նուազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրոյցի հիմնական փաստարկները, այլեւ ամրապնդում է դրանք: Սակայն ես հակուած չեմ հաւատալու թուերին. դրանց մէջ խորամանկութեան մեծ չափաբաժին կայ:
1.- Աղիւսակներում դրուած տուեալները հեռու են հիփոթեքի իրական ծաւալներից եւ պայմաններից: Այդ թուերի զգալի բաժինը կազմում են անշարժ գոյքի վերաձեւակերպուած ժամկետանց գրաւային պարտաւորութիւնները: Այսպիսի «թղթաբանական հիփոթեք»ը որեւէ ձեւով չի խթանում իրական շինարարութիւնը: Բանկերի համար սա ժամանակաւոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրաւադրուող անշարժ գոյքի խնդրայարոյց լիկուիդայնութիւնից (լուծարքումէն-Խմբ.): Դրան հնարաւոր է ըմբռնումով մօտենալ՝ յանուն բանկային համակարգի կայունութեան:
Այստեղ հեգնանք կայ ու ցինիզմ (լկտիութիւն-Խմբ.), որովետեւ այս երեւոյթից պէտք է զգուշանալ (դա հիւանդ տնտեսութեան յատկանիշ է), այլ ոչ թէ դրանով հպարտանալ:
2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ (շիտակ-Խմբ.) է համեմատել միայն համադրելի թուերով: Այսինքն, մեր դէպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (աւելի քան 37 տոկոս) եւ 2009թ. դրամի փոխարժէքի արժէզրկման (30 տոկոսից աւելի) հաշուարկով: «Տնտեսագիտական կատեգորիաներով (դասակարգումով-Խմբ.)» դատողութիւններ անող մարդը, հաւանաբար, պէտք է իմանայ սրա մասին: Դա վերաբերում է ինչպէս հիփոթեքային վարկերի ծաւալին, այնպէս էլ՝ կապիտալ ծախսերին:
3.- Առաջին աղիւսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզւում է, տնտեսութեան անկումը 2009թ. եղել է 18.5, այլ ոչ թէ՝ 14.1 տոկոս, ինչպէս պնդում էր մեր վիճակագրութիւնը: Եթէ դա այդպէս է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թէ երկրորդ, այլ՝ առաջին տեղը, ճիշդ է՝ վերջից: Շնորհաւորում եմ վարչապետին: Ըստ նոյն աղիւսակի, 2001-2007թթ. տնտեսութեան միջին տարեկան աճը ընդհանրապէս առանց շինարարութեան կազմել է 8.6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Ես արտայայտուել եմ եւ արտայայտուելու եմ Հայաստանի ներկայի եւ ապագայի օրախնդիր հարցերի վերաբերեալ՝ անկախ մեծ քաղաքականութիւն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերութեամբ նայել երկրում կուտակուող խնդիրներին եւ անկեղծ արտայայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցէ երբեմն չափից դուրս շիտակ է ստացւում, բայց նաեւ մատչելի ու կարեւորը՝ ազնիւ:
Բանավիճել որեւէ մէկի հետ, առաւել եւս վարչապետի, չեմ պատրաստւում: Նրա վերջին յօդուածը ցոյց է տալիս, որ նա անյոյս է: Անիմաստ է բանավիճել մէկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողութիւններով:
Ցանկացած իշխանութեան գործունէութեան գնահատման գլխաւոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կեանքը այդ իշխանութեան օրօք լաւացե՞լ է, թէ՞ վատացել:
Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղիւսակներից են տեղեկանում, եւ ոչ էլ՝ նկարուած վիճակագրութիւնից:
NEWS.am
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է