Նշմար Ա

By Նշան Պասմաճեան - armenia.com.au | Thursday, 29 May 2014

 

2015 : Հարիւրամեակ : Շատերս <<Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակ>> չենք ըսեր այլ կը գոհանանք  <<Հարիւրամեակով>>: Դրական է այս անուանումը , որովհետեւ հասարակ անունով  մը յատուկ դէպք մը ճանչնալ ՝ կը նշանակէ ամէնօրեայ ապրումի վերածել այդ դէպքը: Ողջունելի՛:

Սակայն հարիւրամեակը ապագայ է բոլորիս համար : Պատրաստութիւններ ՝ ամենուրեք : Հարց կուտամ յաճախ թէ ի՞նչ պիտի մնայ Աւստրալահայ գաղութին  հարիւրամեակի տարուան աւարտին: Երբ  2016ին հաշուեկշիռ ներկայացնենք մենք մեզի , ի՞նչ <<շահ>>  ապահոված պէտք է ըլլանք հարիւրամեակէն...:

Ի միջի այլոց երկու գործնական հնարաւորութիւններ մտքէս կ'անցնին :

  1. Հարիւրամեակը մեզի պէտք է ժառանգ թողու հայկական հետազօտութեանց կեդրոն մը , ուր ամբարուած ըլլան օտարազգի եւ հայ հետազօտողներու համար առատ նիւթ ո՛չ միայն ցեղասպանութեան մասին այլ հայ մշակոյթի մասին ընդհանրապէս : Կեդրոնը պէտք է ըլլայ քաղաքական, մշակութային  , տնտեսական հարցերու վերաբերեալ նիւթերու արծարծման հաւաքավայր ,երկրի մտաւորականութիւնը գոհացնող միջավայր: Քաղաքական եւ քարոզչական  ընդարձակ աշխատանք կարելի է տանիլ այդ կեդրոնին միջոցաւ:Աւստրալահայ մտաւորական երիտասարդին (այժմ ցան ու ցիր) , քաղաքական ու տնտեսական մտքին  եւ կամ հայութեամբ հետաքրքրուող աւստրալացի մտաւորական երիտասարդին տո՛ւնը կարելի է դարձնել այս կեդրոնը : Հայ Դատը միասնական ճիգերով հետապնդման աշխատանքներու կեդրոն կը դառնայ այս հաստատութիւնը:
  1. Հայկական ձայնամարզութեան եւ նուագարաններու ուսուցման կեդրոն: Այսինքն ՝ Հայկական Քոնսէրվաթուար :

Երաժշտութիւնը , երգը միջին հայուն geneերուն մէջն են : Ոսկեհանքը կայ , կը մնայ պեղել զայն : Այնտեղ արհեստավարժ ձայնամարզութեան կողքին կարելի է ուսուցել հայկական  արուեստը . կիթարին , թմբուկին ու դաշնամուրին կողքին կ'ուսուցուին տուտուկը , քանոնն ու տհոլը: Հայ արուեստը հասկցող ու զայն քաջալերող աւստրալացիներու եւ աւստրալահայերու թիւը փոքր չէ : Կուրճիէֆ Անսամպլի Սիտնի եւ Քանպերա ժամանելուն առթիւ ականատես եղանք թէ ինչ գեղեցիկ կը հնչէր  Կոմիտասը աւստրալացի ջութակահարուհիին ջութակէն եւ ինչ գեղեցիկ կը հնչէին Կոմիտասի երգերը աւստրալացի երգողներու շրթունքներուն վրայ :

Բնականաբար այսպիսի նախաձեռնութիւններ պիւտճէ կը պահանջեն: Համախմբենք մեր երիտասարդ ուժերը որ կատարեն ճշգրիտ ուսումնասիրութիւն (feasibility study) այս առնչութեամբ : Երիտասարդութեան ամբարած  գիտելիքները հսկայ են , կարելիութիւններն ալ մեծ: Առարկայական մտածելաձեւ ունի նաեւ հայ միջին երիտասարդը : Դարու մարդն է ան , խելացի, քաղաքավար եւ զարգացած: Ճամբան լա՛յն բանանք երիտասարդութեան առաջ : Հարիւրամեակը նաեւ այդ պէտք է կտակէ մեզի :


comments

Advertisement