Իշխանութեան Երկուութիւնը

By Asbarez | Monday, 09 June 2014

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ


 

Հայ ժողովրդին իշխանութիւնների մատուցած հերթական անակնկալներից էր մայրաքաղաքի կենտրոնում Անաստաս Միկոյեանի արձանի տեղադրման մասին Երեւանի աւագանու կայացրած որոշումը: Միկոյեանի կերպարը կարծես թէ մութ կողմեր չունի՝ մանաւանդ խորհրդային տարիներին ապրած մարդկանց համար: Դեռ նշուած ժամանակներում Միկոյեանի կերպարը ռուսերէն բնորոշում ունէր, որ հայերէն հնչում է՝ Իլյիչից-Իլյիչ: Այս ոչ առանց հեգնանքի արուած արտայայտութեամբ նկատի էր առնւում, որ Միկոյեանը կարողացաւ կոմունիստական վերնախաւի մէջ լինել Վլադիմիր Իլյիչ Լենինի օրերից մինչեւ Լէոնիդ Իլյիչ Բրեժնեւի օրերը: Յիրաւի այդքան դիմանալու համար առանձնայատուկ տաղանդ էր անհրաժեշտ մի համակարգում, որն իրենից ներկայացնում էր ինքնախժռման արիւնոտ մեքենայ: Մեքենայ, որն ստեղծում էր կուռքեր եւ ապա ոչնչացնում էր նրանց՝ սկսած գլխաւոր առաջնորդներից (Լենին, Տրոցկի, Ստալին եւ բազմաթիւ այլ անուններ), իր գոյութեան մղձաւանջային ողջ տարիների ընթացքում: Առնուազն երկու դէպք յայտնի է, երբ Միկոյեանը դաւաճանեց զինակից առաջնորդներին եւ յայտնուեց նրանց տապալող դաւադիրների թիմում: Առաջինը «անցումն էր» Ստալինի թիմից Խրուշչովի թիմ եւ երկրորդը՝ Խրուշչովի տապալումն ու յայտնուելը Բրեժնեւի թիմում: Ընդ որում, ըստ նոյն Միկոյեանի յուշերի, տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքը սարսափի գիշերներ են անցկացրել, սպասելով թէ ահա «չեկա»ի «Սեւ ագռաւ» կոչուած մեքենան կը գայ իրենց ետեւից:

Ինչպէս բնորոշւում է Խրուչովին նուիրուած ռուսական մի ֆիլմում, Միկոյեանը կարողանում էր առանց թրջուելու անցնել անձրեւի կաթիլների արանքով: Գուցէ սա գեղարուեստական համեմատութիւն է, սակայն անվիճելի է նաեւ, որ ինքնախժռման մեքենայի բոլոր ատամնանիւների միջով անվնաս անցնելու համար որոշակի յատկութիւններով պէտք է օժտուած լինէիր:

Ռուսական փաստագրական մէկ այլ ֆիլմում, որպէս այդ երակարակեցութեան գաղտնիք, բերւում է հէնց այն փաստը, որ Ստալինը համոզուելու համար, թէ արդեօք «Անաստաս Իւանովիչը» վստահելի է՝ մանաւանդ ազգային պատկանելութեան հետ կապուած, 1937 թուականին գործուղում է նրան Հայաստան, հակախորհրդային տարրերի յայտնաբերման եւ ցուցակագրման գործը վերահսկելու նպատակով: Եւ ինչպէս նոյն ֆիլմում ներկայացուած եզրակացութիւնն է. Միկոյեանը արժանացաւ Ստալինի լիակատար վստահութեանը:

Ի դէպ, Անաստաս Միկոյեանի կերպարը բացայայտելու համար դրսում փաստեր փնտռելու կարիք չկայ, բաւարար է ընթերցել հէնց նրա ձեռքով գրուած «Պայքարի Ուղիով» (Երեւան, Հայաստան հրատարակչութիւն, 1972թ.) յուշերի գիրքը:

Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ հայ հանրութեանը համակած յուզումը սոսկ ինչ որ անձի արձանի տեղադրման նախաձեռնութեանը չի վերաբերում, այլ փաստի խորքում մարդիկ տեսնում են շատ աւելի ընդգրկուն երեւոյթ:

Եւ կարծում եմ, մարդիկ չեն սխալւում:

Այն, ինչ իշխանութիւններն այսօր ցանկանում են անել, ըստ էութեան բխում է հոգեբանական այն երկուութիւնից, որ գոյութիւն ունի իրենց մէջ:

Հոգեբանական այդ երկուութիւնը պատկերաւոր բնորոշելու համար ներկայացնեմ մի դիպուկ օրինակ: Տարիներ շարունակ իշխանական կուսակցութեան հռչակած գաղափարախօսի՝ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է ոչ անյայտ հայ բոլշեւիկ Սուրէն Սպանդարեանի արձանը: Տարիներ շարունակ հանդուրժելով այս անհեթեթութիւնը, իշխանութիւնը չի համարձակւում, հիմքեր ունեմ ասելու, որ «չի համարձակւում» ո՛չ Նժդեհի անունը զատել հրապարակից, որի վրայ իշխում է այլ անձի արձանը, եւ ոչ էլ «հեռացնել» Սպանդարեանին: Հոգեբանական այս երկուութիւնը աւելիի մասին է վկայում, քան կարող է ներկայացնել նժդեհա-հայրենասիրական ցանկացած հռետորաբանութիւն:

Ուզում եմ հարց տանք ինքներս մեզ՝ արդեօք անկախ ազատ ու ազգային պետութի՞ւն է Հայաստանի Հանրապետութիւնը: Եթէ իսկապէս այդպէս է, ապա երկրի կառավարիչներն ինչպէ՞ս են կարողացել անգոյութեան 900 տարիներից յետոյ ստեղծուած Առաջին Հանրապետութեան կառավարութեան շէնքը արտաքինից ձեւախեղել, իսկ ներսի կողմից փոխել ամբողջովին եւ վերածել «պիցցայանոց»ի:

Հաւատո՞ւմ էք արդեօք, որ նման բան կարող էր տեղի ունենալ որեւէ այլ երկրում: Եթէ էութեամբ ու բովանդակութեամբ ազգային պետութիւն է ՀՀն, ապա ինչո՞ւ են անկախութեան օրուայ իւրաքանչիւր տարեդարձի, յայտնի ազդեցութեան տակ գտնուող հեռուստաընկերութիւնները, խօսքները մէկ արած, ցուցադրում Առաջին Հանրապետութիւնն ու նրա կերտողներին՝ «այդ թւում Նժդեհին» վարկաբեկող սովետական ֆիլմերը: Երեւի շատերը կը զարմանան՝ իմանալով, որ մինչ այսօր նոյն այս լրատուամիջոցները կա՛մ չեն հեռարձակում ազգային-յեղափոխական այն երգերը, որոնցում հնչում է Առաջին Հանրապետութեան առաջամարտիկ կուսակցութեան անունը եւ կամ հեռարձակում են երգերի այն տարբերակները, որոնցից նախապէս այդ անունը հանուել է:

Ուզում եմ խօսել եւս մէկ փաստի մասին, որի վկան եմ եղել մի քանի տարի առաջ: Հերթական տարելիցին, Արամ Մանուկեանի շիրիմին այցելութիւնից յետոյ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը դիմեց որոշ մարդկանց՝ խորհուրդ հարցնելով, թէ ինչ կարելի է անել Արամի յիշատակը յաւէրժացնելու համար: Որպէսզի կարճ ժամանակում ինչ որ բան արուէր, աւելի լուրջ եւ արժանի գործը թողնելով ապագային, առաջարկուեց արդէն պատրաստի մի կիսանդրի տեղադրել Երեւանի որեւէ վայրում:

Առաջարկը հաւանութեան արժանացաւ, եւ շատ ժամանակ չանցած Արամ Մանուկեանի այս կիսանդրին տեղադրուեց Հայաստանի Հանրապետութեան
Ոստիկանութեան շէնքի մուտքի առջեւ: Այս գործընթացի ժամանակ, սակայն, ծագեց մի «մանրուք». ի՞նչ գրել կիսանդրու պատուանդանին: Օրուայ ոստիկանապետերը ցանկանում էին յիշատակել միայն Արամ Մանուկեանի Առաջին Հանրապետութեան Ներքին գործերի նախարար լինելու փաստը: Կիսանդրու պատուիրատուն պնդում էր, որ այդ արձանագրումը ոչ միայն կիսատ կը լինի, այլեւ կարող է աղճատել Արամի ընդհանրական կերպարը: Չէ որ Արամը, լինելով գլխաւոր գործող անձանցից մէկը, լաւագոյն խորհրդանիշն է անկախութեան ու պետականութեան հիմնադրման:

Գաղտնիք չէ, որ ժողովուրդը հէնց այդպէս էլ ազգային մեծ գործչին ընկալել է դեռ կենդանութեան օրօք եւ ընկալում է՝ ցայսօր: Ոստիկանութեան օրուայ ղեկավարները, գուցէ եւ իրենցից վեր ինչ որ անձինք (տեղեակ չենք եւ մեղք չգործենք) ոչ մի կերպ չէին համաձայնւում համապատասխան նշում կատարելու յուշաքարի վրայ: Ի վերջոյ, գլուխներն ազատեցին՝ հրաժարուելով որեւէ բան փորագրել անուն-ազգանունից բացի: Ահա այսպիսի մէկ կիսանդրիով մենք յարգում ենք յիշատակը մեր պետականութեան կերտման գործի գլխաւոր դերակատարի:

Հետաքրքիր է, եթէ առաջարկ արուի (նման առաջարկներ ի դէպ եղել են տարբեր տարիների) Արամին արժանի յուշարձան կանգնեցնելու մայրաքաղաքի կենտրոնական վայրերից մէկում՝ օրինակ հէնց իր անունը կրող փողոցի վրայ, իշխանութիւնը նոյնպիսի՞ յամառութիւն կը դրսեւորի, ինչպիսին դրսեւորում է կոմունիստական գործիչ Միկոյեանի արձանի տեղադրման առիթով:

Թէեւ մասնաւորապէս Արամի դէպքում խօսքը գործչի մասին է, ով պատկանում է ողջ հայութեանը, սակայն վախենամ վերջին դատողութիւններիս կուսակցական շահեր հետապնդելու որակում տրուի, այդ պատճառով բերեմ այլ օրինակներ:

Ազգային էութեամբ իշխանութիւնները, անկախացումից յետոյ, հաւանաբար անհրաժեշտ պիտի համարէին պատմական շրջադարձային ժամանակահատուածի հոգեւոր ու մշակութային արժէքները, որոնք եօթը փակի տակ էին կոմունիստների օրօք, վերադարձնելու իրենց տիրոջը՝ հայրենի ժողովրդին: Նրան վերադարձնելու այն անունները, որոնք հանրայայտ եղան Սփիւռքում, բայց երկաթէ վարագոյրներից դուրս մնացին նախ եւ առաջ՝ խոր ազգային դիմագիծ ունենալու պատճառով:
Առաջարկում եմ մտածել, արդեօք հայաստանաբնակ հայութեան մտքի ու հոգու սեփականութիւնը դարձե՞լ են այսօր Յակոբ Օշականը, Լեւոն Շանթը, Աւետիս Ահարոնեանը, Գաբրիէլ Լազեանը, Միքայէլ Վարանդեանը, Վահան Նաւասարդեանը, Շաւարշ Նարդունին, Վազգէն Շուշանեանը եւ շատ-շատ ուրիշներ:
Երեւոյթն ինչի՞ արդիւնք է՝ անփութութեա՞ն, թէ որոշակի հոգեբանութեան:

Եթէ աւելի լայն բացենք ընդհանրացումների կարկինը, ապա յիշեալ հոգեբանութիւնը կը տեսնենք Հայաստանում բազմակուսակցական համակարգի արժէզրկման եւ կուսակցական մենաշնորհի հաստատման, ամենաճշմարիտը լինելու եւ իշխանութիւնը տեսանելի հեռանկարում չզիջելու յաւակնութեան, կռապաշտութիւնը մերժող Նժդեհից ու կենդանի «առաջնորդներից» նոր կուռքեր ստեղծելու եւ նման այլ մտայնութիւնների դրսեւորման մէջ:

Մտովի անցնելով շարադրուած փաստերի տրամաբանական շղթայով, միանգամայն հասկանալի եւ օրինաչափ է դառնում, թէ ինչո՞ւ է ծագում միկոյեանների կոմունիստական գաղութատիրութիւնից ազատագրուած երկրում սպանդարեանների, միկոյեանների արձաններ ունենալու բաղձանքը:

Միւս կողմից ժողովուրդը բնազդով զգում է, թէ ինչ վտանգաւոր նոր օղակներ կարող է ունենալ մտայնութիւնների տուեալ շղթան, որոշակի շարունակականութեան մէջ:

Այո՛, չպէտք է թոյլ տալ, որ Հայաստանում վերակենդանանան չարիքի կուռքերը:

Ուզում եմ հաւատալ, որ ի վերջոյ նման եզրակացութեան կը հանգեն նաեւ իշխանաւորները եւ դրանով միաժամանակ կը յաղթահարեն իրենց ներքին երկուութիւնը:

 

«Դրօշակ»


comments

Advertisement