Անխուսափելի Թուացող Համագործակցութիւն

By Asbarez | Thursday, 19 June 2014

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

ԱՄՆի պետքարտուղար Ջան Քերին չի բացառել Իրաքի ճգնաժամի կարգաւորման նպատակով Իրանի հետ համագործակցութեան հնարաւորութիւնը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարաւոր միջոցները՝ սանձելու համար «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութեան» զինեալների ակտիւութիւնը:
«Եթէ Թեհրանը հնարաւորութիւն ունենայ վերջ տալու բռնութիւններին Իրաքում եւ վերականգնի այդ երկրի կառավարութեան ինքնավստահութիւնը, ապա մենք պատրաստ ենք համագործակցելու Թեհրանի հետ», յայտարարել է Քերին:


Անդրադառնալով հաւանական համագործակցութեան բնոյթին, ԱՄՆի պետքարտուղարը չի բացառել երկկողմ ռազմական համագործակցութիւնը. «Մենք չենք բացառում հաւանական արդիւնաւէտ որեւէ տարբերակ», ասել է նա՝ շեշտելով սակայն, որ իրաքեան ճգնաժամի թեմայով Իրանի հետ հաւանական շփումները տեղի են ունենալու քայլ առ քայլ:

Հետաքրքրականը այն է, որ միեւնոյն ժամանակ, Պենտագոնը բացառել է Իրաքում Իրանի հետ ռազմական համագործակցութեան հնարաւորութիւնը. «Միգուցէ միջուկային բանակցութիւնների լուսանցքում երկու երկրների դիւանագէտները բանակցեն նաեւ Իրաքի ճգնաժամի թեմայով, սակայն մենք մտադիր չենք համադրելու Իրաքում մեր հաւանական ռազմական գործողութիւնները Թեհրանի հետ», ասել է ԱՄՆի պաշտպանական գերատեսչութեան խօսնակը:

Ոչ պակաս հետաքրքիր է նաեւ իրանական կողմի առաջին արձագանգը: Իրանի Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին եւս իր հերթին բացառել է համագործակցել ԱՄՆի հետ՝ Իրաքում ստեղծուած ճգնաժամային իրադրութիւնը կարգաւորելու հարցում:

«Մենք կը քննարկենք միջազգային իրաւունքի շրջագծում Իրաքին օգնելու տարբերակը միայն այն դէպքում, երբ Բաղդադը պաշտօնապէս դիմի մեզ: Այդ գործընթացը կրելու է բացառապէս երկկողմ բնոյթ, ու դրան չի կարող առնչուել որեւէ այլ երրորդ երկիր», ասել է Շամխանին:

Իրանցի քաղաքական աւագ գործիչը յատուկ ընդգծել է, որ հենց ԱՄՆն է գլխաւոր մեղաւորը՝ «ԴԱԵՇ» ահաբեկչական խմբաւորման ստեղծման հարցում:
Այնուամենայնիւ, ակնյայտ է, որ Իրաքում իրադրութեան լարուածութեան ֆոնին կողմերի միջեւ հաւանական համագործակցութեան հեռանկարը ոգեւորում է նաեւ այլ երկրներին, որոնց կարծիքով՝ դա մեծապէս կարող է նպաստել իրավիճակի կարգաւորմանը:

«Deutsche Welle»ն յղում կատարելով գերմանական «Die Welt»ին՝ տեղեկացրել է, որ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռոտգենը եւս Իրանին ու Միացեալ Նահանգներին համագործակցութեան կոչ է արել. «Մանաւանդ, եթէ հաշուի առնենք այն փաստը, որ Իրաքի հարցով Թեհրանը պատրաստ է կատարելու իր պարտքը», ասել է գերմանացի պատգամաւորը:

Ռոտգենը նաեւ Սաուդական Արաբիայից է պահանջել ներդնելու իր ջանքերը՝ կայունութիւնն Իրաքին վերադարձնելու նպատակով. «Տարածաշրջանային ուժերի եւ ԱՄՆի համադրուած գործողութիւնների դէպքում՝ միանգամայն հնարաւոր է կասեցնել ահաբեկիչների գործողութիւնները Իրաքում», նշել է Ռոտգենը: Իսկ նախօրէին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւս իր հերթին Իրաքի բոլոր հարեւաններին կոչ էր արել սերտօրէն համագործակցելու՝ այդ երկրում կայունութեան վերականգնման նպատակով:

Կողմերի զգուշաւոր, առաջին հայեացքից ինչ որ տեղ նաեւ մերժողական յայտարարութիւններով հանդերձ՝ Միջին Արեւելքի անվտանգութեան հարցերով փորձագէտները միանգամայն իրատեսական են համարում Իրաքի ճգնաժամային իրադրութեան կարգաւորման նպատակով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հնարաւոր համագործակցութիւնը:

Չմոռանանք, որ չնայած երկու երկրների միջեւ դեռեւս առկայ առճակատմանը, այնուամենայնիւ, կողմերը շահագրգիռ են Իրաքում ահաբեկիչների գործողութիւնների կանխման հարցում: Մանաւանդ, որ «ԴԱԵՇ»ը շարունակում է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը Իրաքում, այլ նաեւ արդէն յայտարարում է հարեւան Յորդանան ներթափանցելու մասին:

Կողմերի հաւանական համագործակցութեան համար որպէս գլխաւոր խոչընդոտ՝ պէտք է նշել ամերիկեան կողմի նախապայմանների լեզուով հռետորաբանութիւնը:
«Իրաքի հարցով մեր պատգամն իրանական կողմին, ինչպէս նաեւ Իրաքի քաղաքական ղեկավարութեանը՝ յստակ է. Իրաքը կարիք ունի համապարփակ՝ նոր քաղաքական օրակարգի, որը հաշուի կ՛առնի բոլոր խմբաւորումների շահերը եւ վերջ կը տայ միջհամայնքային ու միջդաւանանքային քաշքշուկներին», յայտարարել է Սպիտակ տան խօսնակը:

Պարզ լեզուով ասած, Վաշինգտոնի պահանջը յստակ է՝ ճգնաժամի հաւանական կարգաւորմանը պէտք է հետեւի Իրաքի քաղաքական եւ ուժային յարաբերութիւնների վերաձեւումը, ինչը հաւանաբար կը յանգեցնի Նուրի Ալմալեքիի հրաժարականին վարչապետի պաշտօնից, եւ ընդդիմադիր սուննի խմբաւորումների առաւել ընդգծռւած ներկայութեանը՝ Իրաքի ուժային հիէրարխիայում (իշխանութեան մէջ-Խմբ.): Սա բացարձակապէս անընդունելի է Թեհրանի եւ նրա դաշնակիցների համար:

Այն, որ որեւէ երկրի ուժային յարաբերութիւնների քարտէսում պէտք է նշմարելի լինեն քաղաքական արենայի գործող բոլոր սուբյեկտները, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն, Իրաքի պարագայում կայ մի նրբութիւն, ինչպէս է կարելի երկրի կառավարման համակարգում ներառել այն ուժերին, որոնք չեն էլ թաքցնում իրենց հաւատարմութիւնը Իրաքի նախկին բռնապետին եւ այսօր էլ ամէն ինչ անում են՝ ուղղակի կամ անուղղակի նպաստելու «ԴԱԵՇ»ի զինեալների յաջողութեանը՝ Իրաքի կենտրոնական իշխանութիւնների դէմ պայքարում:

Կարծում ենք, թէ սա հէնց այն գլուխկոտրուկն է, որ խզում է առաջացրել Իրաքում երկու հիմնական խաղացողների՝ Իրանի եւ ԱՄՆի միջեւ, եւ որի լուծումն առաջինը պէտք է առաջարկեն ամերիկացիները:

Անկասկած, Իրաքի թեմայով այսօր հիմնական խնդիրը՝ ահաբեկիչների ոչնչացումն ու կայունութեան վերականգնումն է: Մնացեալ բոլոր խնդիրները, իրենց կարեւորութեամբ հանդերձ, այս պահին պէտք է համարուեն ածանցեալ՝ երկրորդական: Այլապէս՝ վրայ կը հասնի կրիտիկական այն պահը, որ եթէ ոչ Իրաքի ողջ տարածքում, ապա դրա զգալի մի մասում կը ծնուի թալիբանական Աֆղանստանի օրինակով մի պետութիւն, որի չէզոքացման համար կը պահանջուեն քաղաքական, ռազմական ու ֆինանսական անհամեմատ աւելի մեծ ներդրումներ, քան այն, ինչ որ անհրաժեշտ է այսօր:

«ԱԼԻՔ»


comments