Ինչ Տուեց Սոչիի Հանդիպումը

By Asbarez | Monday, 11 August 2014

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

 

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին բանակցութիւնների սեղանին նստեցնելու Ռուսաստանի քայլը, կայացած հանդիպման պրոտոկոլային մասից ստացած տպաւորութիւնը եւ նախագահների յղած ուղերձները թոյլ են տալիս կատարելու մի քանի նկատառում.

1. Բանակցային գործընթացն այս հանդիպումից յետոյ մէկ միլիմետրով անգամ առաջ չի շարժուել: Այդ մասին են վկայում մի կողմից ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ բանակցութիւններից յետոյ արած մեկնաբանութիւնները, թէ ամենակարեւոր հարցերում դեռեւս դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունենում, միւս կողմից՝ երեք նախագահների՝ համատեղ յայտարարութեամբ հանդէս չգալու փաստը:

2. Ռուսաստանը փորձեց ապացուցել, որ ի տարբերութիւն ԵԱՀԿ Մինսկի խումբի (ՄԽ) համանախագահող միւս երկրների՝ ԱՄՆի եւ Ֆրանսիայի, իրեն յաջողուեց Ալիեւին եւ Սարգսեանին նստեցնել բանակցութիւնների սեղանին եւ որ դա միայն իր ուժերի սահմաններում է: Պատահական չէ, որ մինչեւ վերջին պահը պարզ չէր՝ Ալիեւն ու Սարգսեանը հանդիպելո՞ւ են թէ ոչ՝ դէմ առ դէմ կամ եռակողմ ձեւաչափով: Փաստացի դա պարզուեց միայն Սոչիում, Օգոստոսի 9ին Սարգսեանի եւ Ալիեւի հետ առանձին-առանձին Պուտինի կողմից հանդիպելուց յետոյ, որի անուղղակի ուղերձն այն էր, որ հէնց այդ հանդիպումների միջոցով Պուտինը կարողացաւ համոզել կողմերին նստել բանակցութիւնների: Աւելին. թէ՛ Ալիեւը եւ թէ՛ Սարգսեանը հաւաստեցին, որ բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից են՝ ՄԽ կողմից ներկայացուած՝ մադրիդեան սկզբունքների հիման վրայ: Այսինքն՝ թէ Ռուսաստանին յաջողուել է կողմերին ու յատկապէս Ադրբեջանին վերադարձնել մադրիդեան սկզբունքների շրջանակ:

3. Առաջին հայեացքից տարօրինակ էր Սոչիի հանդիպմանը միւս համանախագահողների բացակայութիւնը: Սա նշանակում է երկու բան: Նախ՝ որ սա Ռուսաստանի բացառիկ նախաձեռնութիւնն է, որի հետ իրենք կապ չունեն: Երկրորդ՝ միգուցէ նաեւ իրենք չեն խրախուսում միակողմանիօրէն նման հանդիպման կազմակերպումը՝ թերեւս մտավախութիւն ունենալով, որ սա կոնֆլիկտը (հակամարտութիւն-Խմբ.) բացառապէս իր միակողամնի կոմպետենցիայի (կարելիութեան-Խմբ.) շրջանակ ընդունելու եւ ԱՄՆին ու Ֆրանսիային դրանից դուրս մղելու յայտ է: Ի դէպ եռակողմ հանդիպման ժամանակ այս իրողութիւնը փաստացի հաստատեց Ադրբեջանի նախագահը, երբ նշեց բանցակային գործընթացում Ռուսաստանի ներգրաւման կարեւորութիւնը: Կարելի է եզրակացնել, որ թէ՛ Ադրբեջանը եւ թէ՛ Հայաստանը համաձայնել են այս կոնցեպտին (գաղափարին-Խմբ.), եւ առաջիկայում տեղի է ունենալու ղարաբաղեան կոնֆլիկտի՝ դանդաղ դուրսմղում Մինսկի խմբի ձեւաչափից եւ տեղափոխում Ռուսաստանի միակողամանի միջնորդութեան շրջանակ: Լաւ է սա, թէ վատ, լուրջ վերլուծութեան կարիք ունի, սակայն մէկ բան ակնյայտ է. որքան միջնորդների շրջանակը նեղանում է, այնքան դրանց ազդեցութիւնը կողմերի վրայ մեծանում է եւ թուլանում է փոխադարձ զսպումների մեխանիզմը: Այլ կերպ ասած՝ մեծանում է Ռուսաստանի՝ միակողամանի որոշումներ կայացնելու եւ կողմերին այն պարտադրելու հնարաւորութիւնը: Եւ որեւէ նշանակութիւն չունի այն փաստը, որ կողմերը համաձայնել են պրոցեսը (գործընթացը-Խմբ.) շարունակել ՄԽի մշակած սկզբունքների հիման վրայ:

4. Ադրբեջանը փաստացի կարողացաւ անարգել դիմարշով (քալ-ուածքով-Խմբ.) հեղինակազրկել Մինսկի խումբը եւ այն դարձնել անգործունակ: Գուցէ նոր ֆորմատի (ձեւաչափ-Խմբ.) ի յայտ գալը, որը ի դէպ, նոր չէ եւ գրեթէ 2008թ. սկսուած մայենդորֆեան գործընթացի կրկնութիւնն է՝ բացառութեամբ սահմանագօտում առկայ իրավիճակից, բխում է առաջին հերթին Բաքուի շահերից: Դրա համար Ալիեւն ունի երկու պատճառ: Նախ՝ մեծանում է Մոսկուայի հետ գործարքի գնալու եւ մանեւրելու (մարտավարական խաղերու-Խմբ.)) հնարաւորութիւնը: Երկրորդ՝ անցած 10 օրերին սահմանագօտում տեղի ունեցած բախումները, դիւերսիոն պատերազմի խայտառակ ելքը Ադրբեջանի համար այս երկրի նախագահին կարող է մղել վերանայելու ռազմական գործողութիւնների մասշտաբները մեծացնելու, պատերազմական արկածախնդրութեան գնալուց առժամանակ խուսափելուն՝ շատ աւելի լաւ նախապատրաստուելու եւ բանակի մարտական ոգին, պատրաստուածութեան մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս տեսակէտից նոր բանակցային պրոցեսը, բանակցութիւնների սեղանին նստելու համաձանութիւն տալը Ալիեւի համար կարող է ծառայել որպէս լրացուցիչ ժամանակ շահելու հնարաւորութիւն: Հաշուի առնելով այս հանգամանքը՝ հայկական բանակը ոչ միայն պէտք է չքնի վերջին օրերի յաջողութիւնների «դափնիների» վրայ, այլեւ սպառազինութեան մակարդակը բարձացնելու ուղիներ գտնի:

Միով բանիւ՝ Սոչիի ողջ հմայքը, ըստ էութեան Ռուսաստանի՝ նախաձեռնողականութիւնն իր ձեռքը վերցնելու «թատրոնի» մէջ է կայանում: Այսինքն սա ոչ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, այլ Պուտինի «բենեֆիսի» (օգտին-Խմբ.) համար արուեց:

Բայցեւայնպէս Սոչիի հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ խօսուն էր: Շփման գօտում լաւ կազմակերպուած ինքնապաշտպանութեամբ եւ պատժիչ գործողութիւններով Հայաստանը յստակ ուղերձ յղեց նաեւ Ռուսաստանին, որ ԼՂ հարցում առանց իր կամքը հաշուի առնելու ոչինչ չի լինելու, այսինքն չի լինելու միանշանակ այնպէս, ինչպէս կը ցանկանայ Ռուսաստանը: Խօսքը վերաբերում է առաջին հերթին խաղաղապահների տեղակայման եւ ԼՂՀի ներկայիս տարածքների մի մասը Ադրբեջանին զիջելու նպատակներին: Հայաստանը, կարելի է ասել, ինչ որ իմաստով Մոսկուային կանգնեցրեց պարզ եւ բարդ դիլեմայի առաջ. կամ ադրբեջանա-ռուսական գործարքը չի կայանալու Հայաստանի շահերի վաճառքի գնով, կամ Հայաստանը գնում է վա բանկ (պատրաստ ամէն ինչ կորսնցնելու-Խմբ.) եւ չի խուսափելու պատերազմից՝ դրանից առաջին հերթին Ռուսաստանի համար չափազանց տհաճ եւ անցանկալի հետեւանքներով: Եւ եթէ Ռուսաստանը պատրաստ է կրել այդ հետեւանքները, ապա թող լինի այնպէս, ինչպէս լինելու է: Հետեւանքը եղաւ այն, որ Ռուսաստանը ստիպուած եղաւ գործնական միջոցներ ձեռնարկել վերահաս պատերազմը կանխելու համար, քանի որ հասկանում է, որ դա յղի է լոկալ (տեղական, սահմանափակ-Խմբ.) պատերազմը տարածաշրջանայինի վերածելու իրական վտանգով, որտեղ ինքը, ուզի թէ չուզի, ներգրաւուելու է մի իրավիճակում երբ բացարձակապէս պատրաստ չէ միաժամանակ երկու ճակատով գործելուն:

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ կ՛աշխատակցի «Երկիր»ին


comments

Advertisement