ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ. ՀՀ Զինուած Ուժերի Զինանշանը

By Asbarez | Friday, 19 September 2014

 

2001 թուականի Յունուարի 23ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Զինուած ուժերի գլխաւոր հրամանատար Ռոբերտ Քոչարեանը հաստատեց ՀՀ զինուած ուժերի զինանշանը: Զինանշանը պատկերուած է վերեւում՝ ուղղանկիւն, ներքեւում՝ կիսաշրջանաձեւ վահանի վրայ: Վերին եզրում հորիզոնական կապոյտ ֆոնի վրայ սպիտակ տառերով գրուած է՝ «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքեւում՝ կիսաշրջանին համապատասխան՝ կապոյտ գոյնով «ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:

Վահանի մնացեալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմուած է հետեւեալ պատկերային մասերից. կենտրոնում պատկերուած է թեւատարած արծիւ՝ գլխով դէպի աջ շրջուած, արծուի իւրաքանչիւր թեւը բաղկացած է եօթական փետուրից (7 թիւը խորհրդանշում է արարչական շաբաթուայ օրերի թիւը, կարող է արծուի գլխի հետ հասկացուել նաեւ պատմական Հայաստանի 15 նահանգները): Արծիւն իրականացուած է մուգ կապոյտ գոյնով եւ կենտրոնական կերպար է զինանշանի վրայ: Խոհրդանշում է ուժ, հզօրութիւն, խորաթափանցութիւն, սլացք, կամք: Ի հարկէ, այդ բոլոր յատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:


Արծուի գլուխը պատկերուած է արեւի կլոր սկաւառակի վրայ, որը նոյնպէս իմաստաւորւում է. քանի դեռ կայ արեւը, կը լինեն նաեւ Հայաստանն ու Հայոց զինուած ուժերը: Արեւի ճառագայթների վրայ, արծուի թեւերի բացուածքի մէջ պատկերուած է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագոյն դրօշը, որը հաւաստում է, որ Հայաստանի զինուած ուժերը գտնւում են պետութեան հովանու ներքոյ: Արծուի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը՝ իրականացուած ծիրանագոյնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինուած ուժերը երկրի գոյութեան պատուարն ու պահապանն են:

Վահանի ներսում պատկերուած է հաւասարաթեւ խաչ, որ մեր քրիստոնէական ժառանգորդութեան ու հաւատի առհաւատչեան է:


Զինանշանային վերջին տարրը սուրն է: Այն հորիզոնական դիրքով գտնւում է վահանի տակ: Աջ կողմում երեւում է սրի կոթը, ձախ կողմում՝ սրի ծայրահատուածը: Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի եւ յանուն հայրենեաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրութեան առումով, իր երեւացող հատուածներով, սրի մասերը նաեւ խորհրդանշում են արծուի ճանկերը՝ ամբողջացնելով արծիւ-զինուած ուժեր խորհրդանիշը: ՀՀ զինուած ուժերի զինանշանի հեղինակներն են նկարիչներ Ռուբէն Արուտչեանը եւ Գագիկ Աբրահամեանը:

 

comments