By Asbarez | Thursday, 25 September 2014
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովի փակման արարողութեան ժամանակ նախագահ Սերժ Սարգսեանը մի առաջարկութիւն արեց, որը, կարծես, համարժէք արձագանգ չգտաւ, անտեսուեց կամ մնաց եկեղեցապատկան կալուածքները Թուրքիայից պահանջելու դատական գործ բացելու՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի յայտարարութեան ստուերում: «Առաջարկում եմ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը 2015թ. վերանուանել «Համահայկական խորհուրդ», որը կը դառնայ համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մէկը», ասաց Սերժ Սարգսեանը:
Նախագահի առաջարկութեան էութիւնն այն է, որ Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նշումից յետոյ այդ յանձնաժողովի գործունէութիւնը չդադարեցուի, այլ շարունակի գործել նոր՝ համահայկական ընդհանուր օրակարգ մշակելու, ինչ որ իմաստով նաեւ գործադրելու առաքելութեամբ: Շեշտը դրւում է այդ յանձնաժողովի վրայ, քանի որ, կարծես, դրա ձեւաւորման համար գտնուել է բոլոր կողմերի՝ թէ՛ Հայաստանի, թէ՛, յատկապէս, Սփիւռքի բազմաթիւ հասարակական-քաղաքական, մշակութային, հոգեւոր-եկեղեցական շրջանակների համար համընդունելի ինչ որ աշխատող, արդիւնաւէտութիւնն ապացուցած ձեւաչափ:
Մի կողմից՝ սա իւրօրինակ ինքնախոստովանութիւն է առ այն, որ Սփիւռքի հետ յարաբերութիւնների կառավարման համար ստեղծուած պետական մարմինը՝ սփիւռքի նախարարութիւնը, այնքան էլ չի լուծում իր առջեւ դրուած խնդիրները: Եթէ այն գործէր լիարժէք եւ բաւարարեր նաեւ Սփուռքի բոլոր շրջանակների պահանջները, աւելորդ մարմիններ ստեղծելու անհրաժեշտութիւն չէր առաջանայ: Բայց, միւս կողմից, ակնյայտ է, որ համահայկական նման մարմին ստեղծելու անհրաժեշտութիւնն օրախնդիր է, պահանջարկուած թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում, որի ձեւաչափի, գործառոյթների, ձեւաւորման եւ գործունէութեան մեխանիզմների մշակման խնդիրը երբեւէ չի դադարել առաջնահերթութիւն լինելուց՝ սկսած 1920ականներից: Այսօր այն առաւել քան ակտուալ է՝ հաշուի առնելով պետականութեան վերականգնումից յետոյ ի յայտ եկած նոր մարտահրաւէրները՝ Սփիւռքի ինքնապահպանութեան կռուանների վերաիմաստաւորման, հայոց պահանջատիրութեան հարցում ընդհանրական մօտեցումներ որդեգրելու, ԼՂ հիմնահարցի շրջանակում ընդհանուր տեղեկատուաքարոզչական ճակատ ձեւաւորելու, Սփիւռքին Հայաստանի եւ Հայաստանին Սփիւռքի հայկական համայնքների ներքին կեանքին մասնակից դարձնելու, մերձաւորարեւելեան երկրներում հայկական խոշոր համայնքների գոյութեանը սպառնացող վտանգներին դիմակայելու, լեզուական հարցերի ճշգրտման եւ այլ հիմնախնդիրների հետ կապուած: Եւ չնայած ժամանակի ընթացքում ցուցաբերուած բազմաթիւ նմանատիպ նախաձեռնութիւններին, ինչպէս, օրինակ, Հայ Օգնութեան ֆոնդը, Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, Հայերի համաշխարհային կոնգրեսը, Համահայկական հիմնադրամը եւ այլն, այդպէս էլ հնարաւոր չեղաւ ստեղծել բոլոր կողմերի հետաքրքրութիւնների, պատկերացումների սինթեզի վրայ կառուցուած նման մարմին: Այդ կազմակերպութիւնները կա՛մ ոլորտային որոշակի թեքում ունէին՝ առանց յաւակնելու համահայկական քաղաքական ընդգրկում ունենալու, կա՛մ մասնաւոր նախաձեռնութիւններ էին, որոնց ետեւից ակնյայտօրէն երեւում էին մասնաւոր անձանց շահերը, ամբիցիաները:
Այս իմաստով Սերժ Սարգսեանի առաջարկը այժմէական է, ինչ որ առումով՝ ուշացած: Բայց նկատելի է դրա ընդհանրականութիւնն ու անորոշութիւնը, որովհետեւ, այդ գաղափարն առաջադրելով հանդերձ, նա այդպէս էլ չյստակեցրեց, թէ ինչ խնդիր լուծելու համար է անհրաժեշտ յանձնաժողովի «վերապրոֆիլաւորումը», որոնք են այն հիմնական, համահայկական բնոյթ կրող խնդիրները, որոնց շրջանակում Հայաստանի եւ Սփիւռքի բախուող կամ հակադրուող տեսակէտները մերձեցնելու, որոշակի ընդհանուր բանաձեւեր կամ գոնէ շրջաբերականներ մշակելու անհրաժեշտութիւն կայ: Մինչդեռ, լինելով հիմնական եւ անվիճարկելի արժէքի՝ պետականութեան կրողն ու ներկայացուցիչը, այդ օրակարգը պէտք է առանց երկմտանքի առաջ քաշի հէնց Հայաստանը՝ ի մասնաւորի պետական իշխանութիւնը: Այս տեսակէտից Սերժ Սարգսեանի առաջարկութիւնն իրականում կարելի է ընդամէնը կէսքայլ համարել:
Բայց ամենահետաքրքրականն այստեղ այն է, որ, անելով այդ առաջարկութիւնը, Սերժ Սարգսեանը կարծես փորձում է օրակարգից հանել նոյն խնդրի լուծմանը միտուած՝ դեռ 2011թ. իր իսկ կողմից շրջանառութեան մէջ դրուած մէկ այլ նախագիծ, որը ենթադրում էր Հայաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխութիւնների միջոցով դարձնել երկպալատ, որի վերին պալատը՝ սենատը, պէտք է ձեւաւորուէր նաեւ Սփիւռքի ներկայացուցիչներից: Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այդ տարի՝ կոնկրետ Յունուարի 30ին, կայացած հանդիպման ժամանակ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն էր յայտարարել, թէ նախագահը մտածում է այդ նպատակով սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելու մասին: Դրանից առաջ այդ գաղափարը զարգացրել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Մասնաւորապէս՝ 2010թ. Դեկտեմբերին ՀՅԴի 120ամեակին նուիրուած խորհրդաժողովի ժամանակ իր ելոյթում ՀՅԴ Բիւրոյի ներկայայցուցիչ Հրանդ Մարգարեանը յայտարարել էր. «Ընդլայնենք Ազգային ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական, որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից: Ճիշդ կը լինի, որ այն ընտրուի համամասնական ցուցակով՝ շրջանային կամ համասփիւռքեան մակարդակով, թող նրանք մասնակից լինեն Ազգային ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրաւունք»:
Սերժ Սարգսեանը սկսել է սահմանադրական փոփոխութիւնները, սակայն երկպալատ խորհրդարանի գաղափարն այնտեղ անտեսուել է: Յամենայն դէպս, հրապարակուած հայեցակարգում այն ուղղակի չկայ, իսկ սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի անդամներից որեւէ մէկն այդ մասին բառ անգամ չի արտաբերել, թէեւ սահմանադրական փոփոխութիւնների առանցքը պառլամենտական կառավարման համակարգին անցնելն է: Հէնց այս տեսանկիւնից նախագահի ներկայիս առաջարկութիւնը, որը տրամագծօրէն հակադրւում է 2011թ. նրա մօտեցումներին, նոր քննարկումների դաշտ է ստեղծում: Այլ հարց է, որ թէ՛ իշխանական եւ թէ ոչ իշխանական քաղաքական ուժերից շատերը համահայկական օրակարգերի առաջադրման եւ լուծման մեխանիզմներ գտնելու, «մանր-մունր» խնդիրների վրայ կենտրոնանալու ժամանակ չունեն: Իշխանութիւնը վերցնելու կամ վերանուաճելու մոլուցքն ամէն ինչ դարձրել է երրորդական-չորրորդական:
comments
Կոչ Հայութեան ու Հայրենիքի Իշխանութեան
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է