Ինչպէ՞ս Է Կազմակերպուած Այսպէս Կոչուած «Իսլամական Պետութիւնը»

By Asbarez | Tuesday, 07 October 2014

 

Ահաբեկչական «Իսլամական պետութիւն» կազմակերպութիւնը հիմնուել է 2003թ.ին Իրաքում: 2004-2006թթ.ին կազմակերպութիւնը ղեկավարել է Աբու Մուսաբ ալ-Ղարգաւին: Նրա կազմում մտնում էին ծայրայեղական 11 խմբաւորումներ, որոնք սերտ կապեր ունէին Ալ-Քայիդայի հետ: ԻԼԻՊի (Իրաքի եւ Լըվանի Իսլամական Պետութեան) գործունէութեան մեխանիզմներին է անդրադարձել The New York Times-ը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ
Իսլամական պետութիւնն ունի բաւականին բարդ կառուցուածք եւ բազմաթիւ գործառոյթներ կատարող մարմիններ: Նման կարծիք է ձեւաւորուել Իրաքի ուժերի կողմից յայտնաբերուած եւ ամերիկեան պաշտօնեաների կողմից ուսումնասիրուած փաստաթղթերին վկայակոչումներ կատարելուց յետոյ:

Նրա առաջնորդներից շատերը Սադամ Հուսէյնի բանակում են ծառայել, ովքեր ընդլայնել են իրենց ռազմական փորձը ամերիկեան զօրքերի դէմ կռուելու ժամանակ:
Աբու Բաքր ալ- Բաղդադին ԻԼԻՊի ինքնահռչակ խալիֆն է, ով ունի երկու օգնականներ: Նրանցից մէկը պատասխանատու է Սիրիայի, իսկ միւսը՝ Իրաքի համար:
Այնուհետեւ յաջորդ մարմինը ղեկավարների խորհուրդն է: Պարոն Բաղդադին ունի բազմաթիւ խորհրդականներ, որոնք ունեն իր մօտ ուղղակի մուտք գործելու իրաւունք:

Այս խորհրդի անդամները օգնում են հասկանալու կրօնական տարբերութիւնները, մշակում են ԻՊի դոկտրինան (ուսմունքը-Խմբ.):

Յաջորդ մարմինը կաբինետն է, որտեղ կան բազմաթիւ յանձնաժողովներ՝ ֆինանսական, անվտանգութեան, վերարտադրութեան:

Յաջորդ մակարդակում տեղական առաջնորդներն են: Այսպիսի առաջնորդներ կան Սիրիայի եւ Իրաքի ողջ տարածքում, որոնք ներկայացնում են կազմակերպութիւնը:

 

ՏԱՐԱԾՔԸ

ԻԼԻՊն արագօրէն մեծացնում է իր վերահսկողութիւնը Իրաքում եւ Սիրիայում՝ զաւթելով նորանոր քաղաքներ եւ բնակավայրեր, կարեւորագոյն ենթակառուցուածքներ եւ սահմանաբաժաններ:

Ամրան ընթացքում խումբն աւելի խորն է ներթափանցել Սիրիայի տարածք՝ գրաւելով նոր բնակավայրեր, կառավարական ռազմական բազաներ: Այն դեռեւս փորձում է իր վերահսկողութիւնը յստակեցնել Իրաքի եւ Սիրիայի սահմաններում:

ԻՊը որոշակի յենակէտեր է ձեռք բերել Իրաքում, որտեղ ամերիկացիները փորձում են օգնել Իրաքի քրդերին՝ յետ նուաճելու Մոսուլն ու թուրքմենական Ամերլի քաղաքը:

 

ՖԻՆԱՆՍԱՒՈՐՈՒՄԸ
Նաւթի վաճառքից ստացուող միլիոնաւոր դոլարների եկամուտը ԻԼԻՊին դարձրել են պատմութեան մէջ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպութիւններից մէկը:

Փորձագէտները նրանց օրական եկամուտը գնահատում են 2 միլիոն դոլար:

Խմբաւորման ենթակայութեան տակ են Սիրիայի արեւելքում գտնուող նաւթահորերը: Յուլիս ամսին ԻԼԻՊի մարտիկներն իրենց ենթակայութեան տակ վերցրին երկրի ամենամեծ նաւթահորերից մէկը՝ Օմարը, որտեղից օրական 30,000 բարել նաւթ է արդիւնահանւում:

ԻԼԻՊն ընդլայնեց իր հարուածները Իրաքի նաւթարդիւնաբերական կենտրոնների վրայ դեռեւս Յունիս ամսին, իսկ Օգոստոսին մտաւ քրդական տարածքներ, որտեղ մեծամասաբ գտնւում էին նաւթահանքերը:

Փորձագէտները գտնում են, որ Իրաքի նաւթահանքերը օրական կարող են տալ 25,000-40,000 բարել, որն ամենաքիչը կ՛արժենայ 1.2 միլիոն դոլար:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Երբ ԻԼԻՊը քաղաքներ է զաւթում, դրանք պահում է կոշտ ուժի հաշուին: Կրօնական ոստիկանութիւնը հսկում է, որ խանութները փակ լինեն իսլամական տօնակատարութիւնների ժամանակ, իսկ կանայք իրենց երեսները ծածկեն: Հասարակական վայրերում պէտք է ծածանուի իրենց սեւ դրօշը: Միեւնոյն ժամանակ ԻԼԻՊը շուկաները, հացատները եւ գազալցակայանները թողնում է, որ աշխատեն:

 

ԶՕՐՔԸ

Կենտրոնական հետախուզական վարչութիւնը կարծում է, որ ԻԼԻՊը 20,000 եւ 31,500 մարտիկներ ունի Իրաքում եւ Սիրիայում, 15,000 ջիհադիստներ էլ ունեն ուրիշ երկրներում: Արտասահմանեան կռուողների մեծ խմբերը գալիս են մուսուլմանական երկրներից՝ Թունիսից, Սաուդեան Արաբիայից: Փոքր քանակով գալիս են նաեւ Բելգիայից, Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆից:

 

ԶԷՆՔԵՐ

ԻԼԻՊը միլիոնաւոր դոլարների զինտեխնիկա է գողացել Իրաքի եւ Սիրիայի ռազմակայաններից: Նա նաեւ տիրացել է դրսի կառավարութիւնների կողմից ֆինանսաւորուող կազմակերպութիւնների տեխնիկային: Նրանք իրենց ենթակայութեան տակ ունեն M79 հրթիռներ M16 եւ M4 հրացաններ:

«Times.am»


comments