Ադրբեջանը Կը Շարունակի՞, Արդեօք, Սայլը Ձիուց Առաջ Դնել

By Asbarez | Wednesday, 08 October 2014

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Վերջին ժամանակներս նշմարուել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացով զբաղուած միջնորդների ջանքերի որոշակի ինտենսիւացում: Երբեմն նոյնիսկ այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն իրար միջեւ միջնորդական նախաձեռնութիւնը մէկը միւսից խլելու իւրատեսակ մրցավազք են սկսել՝ փորձելով կողմերին նստեցնել բանակցութիւնների սեղանի շուրջ:


Պէտք է ասել՝ այդ մրցավազքին մեկնարկ է տուել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Օգոստոսին կազմակերպեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, որը վերլուծաբանների մեծ մասի կարծիքով չափազանց օգտակար դարձաւ եւ թոյլ տուեց վերացնել Բաքուի ռեժիմի կողմից ստեղծուած վտանգաւոր լարուածութիւնը հակամարտութեան գօտում՝ վերջինիս թոյլ չտալով անցնել «տաք փուլի»: Այնուհետեւ Սեպտեմբերի առաջին օրերին Ուելսում կայացած ՆԱՏՕի գագաթնաժողովի կուլուարներում հետեւեց ԱՄՆ պետքարտուղար æոն Քերիի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Անցած Երեքշաբթի Նիւ Եորքում ՄԱԿի Գլխաւոր ասամբլեայի 69րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդատուութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկուեց նաեւ Փարիզում երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքը, որի նախաձեռնութիւնը պատկանում է Ֆրանսիայի նախագահին:
Հարկ է նշել, որ Ֆրանսուա Հոլանդը նման առաջարկութեամբ հանդէս էր եկել դեռեւս մինչեւ Սոչիի հանդիպումը, սակայն Վլադիմիր Պուտինն առաւել հաստատակամ գտնուեց եւ կարողացաւ Սարգսեանին եւ Ալիեւին նստեցնել բանակցութիւնների սեղանի մօտ, ինչը, սակայն, Հինգերորդ հանրապետութեան նախագահին չստիպեց հրաժարուել իր գաղափարից:

Եւ այսպէս, փարիզեան հանդիպման մասին արդէն խօսում են որպէս վերջնականօրէն որոշուած ինչ որ բանի մասին: Աւելի շուտ, այդպէս էլ կայ, քանի որ ֆրանսիական կողմը յայտարարել է, թէ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց համաձայնութիւնն են տուել Փարիզում բանակցութիւնների անցկացմանը: Արդէն յայտնուած է նաեւ գագաթնաժողովի մօտաւոր ամսաթիւը եւս՝ Հոկտեմբերի երկրորդ կէսը: Տուեալ հանգամանքի հաշուառումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդել են Հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց մտադրութեան մասին:

Ինչպէս տեսնում ենք, միջնորդներին չես մեղադրի նախաձեռնողականութեան ու բանակցային գործընթացն ակտիւացնելու եւ նրա արդիւնաւէտութիւնը բարձրացնելու ցանկութեան բացակայութեան մէջ: Նրանց կարծիքով, Փարիզի առաջիկայ հանդիպումը պէտք է Սոչիում սկսուած եւ Ուելսում շարունակուած աշխատանքի կարեւոր լրացում դառնայ: Մասնաւորապէս, Մինսկի խմբի ռուսաստանեան համանախագահ Իգոր Պոպովը ԶԼՄներին տուած հարցազրոյցում նշել է, որ Փարիզի հանդիպումը կարող է անցնել «եռեակի» կողմից բարձր մակարդակով համաձայնեցուած սկզբունքները գործնական հարթութիւն փոխադրելու եւ կայուն կարգաւորման հասնելու ուղղութեամբ համանախագահ երկրների համատեղ ջանքերի համատեքստում: Սակայն ողջամտօրէն աւելացրեց, որ կանխատեսումներ չի անի: Եւ իրաւացի կը լինի:
Պատշաճը հատուցելով միջնորդների ջանքերին, այնուամենայնիւ, նկատենք, որ բանակցային գործընթացի յաջողութիւնը շատ բանով, եթէ ոչ ամբողջովին, կախուած է հէնց իսկ կողմերից, նրանց դիրքորոշումից եւ հակամարտութեան կարգաւորման գործընթացին մօտեցումից: Ոչ վերջին հերթին՝ նաեւ հէնց միջորդների ու նրանց կողմից ներկայացուելիք բանակցութիւնների ձեւաչափի նկատմամբ վերաբերմունքից: Խօսքն այժմ այն մասին չէ, որ Մինսկի խմբի ներկայիս ձեւաչափն Ադրբեջանի մեղքով աղճատուած է, քանի որ նրանից դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղը, իսկ դա արդէն ապրիորի (ի սկզբանէ-Խմբ.) խնդրահարոյց է դարձնում ենթադրեալ խաղաղ համաձայնագրի իրականացումը, որի մասին այսօր համանախագահները խօսում են: Այլ խօսքն այն մասին է, որ պաշտօնական Բաքուն արդէն վաղուց է փորձեր ձեռնարկում կարգաւորման գործընթացը տեղափոխել այլ ձեւաչափեր, ինչը միանշանակօրէն խօսում է Մինսկի խմբին նրա չվստահելու մասին: Այսինքն՝ հակառակ այն բանի, որ միջազգային միջնորդները տարբեր մակարդակներով ու բազմիցս յայտարարել են. Մինսկի խմբին այլընտրանք չկայ: Նոյն Իգոր Պոպովն արդէն յիշատակուած հարցազրոյցում ընդ-գծել է, որ «այդ ձեւաչափը կերպարանափոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու ցանկացած փորձեր կարող են յանգեցնել բանակցային գործընթացի ողողահարման եւ կողմերի դիրքորոշումների յետսահոյթի»:

Միւս կողմից, Ադրբեջանի՝ ձեւաչափից ձեւաչափ այսպիսի վազվզուքը վկայում է այն մասին, որ բանակցութիւնների ենթադրուող ելքը, որն իր արտացոլումը կը գտնի, այսպէս կոչուած՝ Մեծ խաղաղ համաձայնագրում, ոչ մի կերպ նրան չի բաւարարում: Անուղղակիօրէն այդ մասին է խօսում նաեւ այն փաստը, որ ադրբեջանական կողմը մշտապէս առաջ է քաշում անընդունելի պայմաններ, ինչը չափազանց բացասական ազդեցութիւն է ունենում կարգաւորման գործընթացի վրայ:

Այսպէս, արտաքին գործերի նախարար Մամեդեարովը Սեպտեմբերի 23ին Նիւ Եորքում ԱՄՆից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ æէյմս Ուորլիքի հետ հանդիպման ժամանակ կրկին յայտարարել է, թէ «հակամարտութեան կարգաւորման համար, առաջին հերթին, Հայաստանը պէտք է զինուած ուժերը դուրս բերի Ադրբեջանի տարածքից»: Պէտք է նկատել, որ պաշտօնական Բաքուի այդ դիրքորոշումն ինչ որ դոգմայի է վերածուել, որը չի ենթարկւում ո՛չ ժամանակին, ո՛չ առողջ դատողութեանը: «Առաջին հերթին» հրամայողական արտայայտութիւնն ինքը ցոյց է տալիս ադրբեջանական դիւանագիտութեան անտրամաբանութիւնը, որն առաջնայինների կարգն է բարձրացնում կարգաւորման այն երկրորդական հարցերը, որոնք հակամարտութեան հետեւանք են հանդիսանում, այլ ոչ թէ նրա պատճառը: Այնինչ, ԱՌԱæԻՆ ՀԵՐԹԻՆ անհրաժեշտ է հէնց հակամարտութեան պատճառը վերացնել, որն էլ հանդիսանում է Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութիւնն իրաւական նորմերին համապատասխան ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կարգաւորման գլխաւոր հարցը եղել եւ մնում է ԼՂՀի ապագայ քաղաքական կարգավիճակը, որը միջնորդների առաջարկած սկզբունքներին համապատասխան պէտք է որոշուի պարտադիր իրաւական ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամարտայայտութեան հիման վրայ: Դատելով ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանութիւնները դեռեւս չեն հասունացել այդ ճշմարտութիւնը հասկանալու համար:

Ինչպէս ասում են, սայլը ձիուց առաջ դնելով՝ ադրբեջանական կողմը ապացուցում է նախ իր առաջարկութիւնների անհեթեթութիւնն ու անիրագործելիութիւնը, երկրորդ՝ հիմնախնդիրը միջազգային իրաւունքի եւ իրողութեան սթափ գնահատման հիման վրայ լուծել չցանկանալը: Եթէ Մամեդեարովն ու նրա նախագահը նպատակադրուել են Փարիզ մեկնել նման բանակցային ուղեբեռով, ապա հանդիպումն անխուսափելիօրէն ձախողման է դատապարտուած, եւ Ֆրանսուա Հոլանդին, նրա խաղաղարարական նախաձեռնութեան նկատմամբ ամբողջ յարգանքով հանդերձ, միայն կարեկցել կարելի է:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է


comments