Դաշնակցութեան արխիւներում՝ Երուանդ Փամպուքեանի հետ

By Asbarez | Tuesday, 04 November 2014

 

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փոքրամարմին, կեանքով լի այս մարդը աշխատում է առաւօտից կէսգիշերն անց: Նա աշխատում է Պէյրութի հայկական նշանաւոր Ճեմարանի գրադարանում, երեկոյեան ժամերին, դէպի Միջերկրական նայող Մզհերի իր տան պատշգամում, ժամանակ առ ժամանակ՝ ամերիկեան Պոսթըն քաղաքի ՀՅԴ արխիւներում: 81ամեայ պատմաբան եւ մեր ժամանակների լաւագոյն հայագէտներից Երուանդ Փամպուքեանը ոչ միայն լաւ պատմաբան է, այլ նախ եւ առաջ՝ լաւ մարդ, ընկեր ու բարեկամ: Հայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է կազմել ու խմբագրել: Այսօր նա վեր է հանում Դաշնակցութեան արխիւները, որոնք հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչութիւնը՝ «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան Համար» խորագրով:
Եթէ Պէյրութում եմ, ապա իմ ժամանակի ազատ մասը անց եմ կացնում Փամպուքեանի հետ՝ «Ազդակ»ի խմբագրատանը կամ Մզհերի՝ Միջերկրականին նայող նրա բնակարանի պատշգամում: Հայագիտութեան եւ հայոց պատմութեան մասին աւելի լաւ դասախօսութիւն այլ տեղ չեմ կարող ունկնդրել՝ ուիսկիի եւ սիկարի պարտադիր համեմունքով:


Դաշնակցութեան արխիւների մասին տեսակէտներն ու խօսակցութիւնները խիստ հակասական են: Թուրքերը պնդում են, որ ՀՅԴ արխիւները փակ են: Փամպուքեանը, սակայն, ասում է, որ ՀՅԴ արխիւներում «թաքցնելու բան չկայ»:

Իրականում ՀՅԴ արխիւի նիւթերը սկսել են հրատարակուել «Հայրենիք» ամսագրում՝ Սիմոն Վրացեանի դասաւորումով: Ապա 1934 եւ 1938 թուականներին ՀՅԴ արխիւային նիւթերը հրատարակուել են երկու հատորով՝ «Դիւան ՀՅ Դաշնակցութեան» խորագրով: Արխիւի որոշ նիւթեր 1930ականներին տպագրուել են «Դրօշակ» եւ «Վէմ» հանդէսի էջերում: 1962ին Վրացեանը ՀՅԴ արխիւի նիւթերն է օգտագործել «Հին Թղթեր Նոր Պատմութեան Համար» հատորում:

ՀՅԴ Բիւրոյի որոշումով կուսակցութեան արխիւները համակարգուած ձեւով՝ հատորներով սկսեց պատրաստել եւ խմբագրել Հրաչ Տասնապետեանը՝ «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան Համար» խորագրով: Տասը տարիների ընթացքում՝ 1972-1982թթ., լոյս տեսաւ չորս հատոր: Տասնապետեանի հիւանդութիւնն ու մահը յետագայ հատորների լոյս ընծայումը դադարելու պատճառ դարձան: Աւելի քան երկու տասնամեակ ընդմիջումից յետոյ այդ գործը շարունակեց Երուանդ Փամպուքեանը:

«ՀՅԴ արխիւը միայն կուսակցութեան արխիւը չէ, այլ՝ հայ ժողովրդի պատմութեան համար կարեւոր աղբիւր», կում անելով «Black Label»ը եւ քաշելով ծխամորճը, պատմում է Փամպուքեանը: Մինչեւ 2015ի Ապրիլ նա հրատարակութեան կը պատրաստի մատենաշարի 11րդ հատորը, որը կը ներառի 1913-1915թթ. արխիւի նիւթերը: «Ես կարող եմ եւս չորս-հինգ հատոր պատրաստել», շարունակում է նա:

Հատորներում սկզբնաղբիւրի արժէք ունեցող հսկայածաւալ նիւթեր կան եւ առատ փաստաթղթեր: Կուսակցական, քաղաքական, գաղափարական ու մարտական բնոյթի փաստաթղթերի կողքին, այս հատորներում ամբարուած են Արեւելեան (ռուսական) եւ Արեւմտեան (թուրքական) Հայաստանին վերաբերող տեղագրական, ազգագրական, վիճակագրական, մշակութային եւ այլ բազմահազար վաւերագրեր:

Այս հատորներում ընթերցողը հանդիպում է՝ Աւետիք Իսահակեանին, Սեւաքարցի Սաքոյին, Անդրանիկին, Արմէն Գարոյին, Նիկոլ Աղբալեանին, Ռոստոմին եւ նշանաւոր այլ հայ գործիչների: Հատորներում ներկայացուել են նաեւ մի շարք նշանաւոր դէմքերի ձեռագրերի տպագրական լուսապատճէնը՝ Գեղամ Տէր Կարապետեան, Գէորգ Չաւուշ, Ռուբէն Տէր Մինասեան, Արամ Մանուկեան: «Այս արխիւներում աշխատելով եւ փաստաթղթերը կարդալով՝ զգում ես, որ այս մարդիկ՝ Անդրանիկը, Նժդեհը, Ռոստոմը, մեր նման, սովորական մարդիկ են, որ կարող են խռովել ընկերներից, մարդկանցից, կեանքից», ասում է Փամպուքեանը:

Հիմնադրման օրուանից՝ 1890ից, ՀՅԴն նախանձախնդիր է եղել իր արխիւները պահելու հարցում: Սկզբնական շրջանում, մինչեւ Ա. աշխարհամարտի աւարտը, այդ արխիւը Ժընեւում էր, որտեղ էր «Դրօշակ»ի խմբագրութիւնն ու Արեւմտեան Բիւրօն: Ապա արխիւը տեղափոխուեց Փարիզ՝ Բիւրոյի հետ միասին: Յետագայում դրանք տեղափոխուեցին Պոսթոն՝ «Հայրենիք» ամսագրի խմբագրատուն: 1915ից մինչեւ 1921թթ. արխիւը գրեթէ ամբողջութեամբ բացակայում է: Դրանք մասամբ կարելի է գտնել Հայաստանի պետական արխիւում: 1914-1915թթ. փաստաթղթերից շատ քիչ բան է մնացել, որի պատճառներից մէկը եղել է արխիւի փոխադրութեան դժուարութիւնը:

Փամպուքեանը ոչ միայն վերծանում է յաճախ դժուարընթեռնելի, հարիւր տարի առաջ գրուած ձեռագիր փաստաթղթերը եւ դասաւորում, այլ՝ իւրաքանչիւր հատորի համար գրում ամփոփ առաջաբան եւ ամէնից կարեւորը՝ կատարում ծանօթագրութիւններ: Ամէնից քրտնաջան աշխատանք պահանջող գործը հէնց ծանօթագրութիւններն են, քանի որ առանց դրանց՝ շատ դժուար կը լինի հասկանալ եւ վերծանել փաստաթղթերը, դրանցում օգտագործուած ծածկանունները:

Հատորները հրատարակւում են անհատ հայերի բարերարութեամբ: Դրանց շարքում առաջին հերթին պէտք է նշել Գաբրիէլ եւ Անժէլ Չեմբերջեաններին ու «Փիւնիկ» հիմնադրամին (այսինքն՝ նոյն Գաբրիէլ Չեմբերջեանին):

Եթէ Հայաստանի որեւէ կառոյց՝ ակադեմական կամ համալսարանական, կուսակցական կամ պետական, բարեգործական կամ հասարակական, պատրաստ չէ եւ կամ ժամանակ չունի, ապա Երուանդ Փամպուքեանի հատորները ես պէտք է ներկայացնեմ Հայաստանի հանրութեանը: Դա պէտք է անեմ միայնակ՝ գնահատելով եւ արժեւորելով Երուանդ Փամպուքեանի քրտնաջան, դժուար, կեանքի օրեր եւ տեսողութիւն խլող կոթողային գործը:

 


comments

Advertisement