ՊԱՊԵԱՆ` Վիլսոնի Իրաւարար Վճռի Շուրջ

By ԱՐԱ ՊԱՊԵԱՆ | Tuesday, 29 September 2009

Օրերս զարմանքով կարդացի հետեւեալ լրատուութիւնը. <<խօսելով Վուդրօ Վիլսոնի որոշման մասին՝ Անդրանիկ Միհրանեանը նկատել է, որ այդ որոշումն իրաւական ուժ չունի, եւ ԱՄՆ Կոնգրէսը չի ճանաչել Վիլսոնի կողմից նշագրուած Հայաստանի սահմանները>> (1):

Եթէ լրատուական գործակալութիւնները ճիշտ են փոխանցել յարգարժան պրոֆէսորի խօսքերը, ուրեմն նա մոլորութեան մէջ է: Պարոն Միհրանեանը ակնյայտօրէն շփոթել է ժամանակագրական առումով իրար շատ մօտ, սակայն երկու տարբեր՝ Հայաստանի մանդատի եւ Հայաստանի սահմանների հարցերը, հետեւաբար, յանգել է սխալ եզրակացութեան:

Հաշուի առնելով հարցի այժմէականութիւնը նպատակայարմար եմ գտնում համառօտակի անդրադառնալ վերոյիշեալ հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Փարիզի խաղաղութեան վեհաժողովն ի վերջոյ անդրադարձաւ Օսմանեան կայսրութեան հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 Ապրիլի 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղաւ Հայաստանի յետագայ ճակատագրի յստակեցմանը: Ըստ այդմ, Դաշնակից ուժերի Գերագոյն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. Ապրիլի 26ին պաշտօնապէս դիմում յղեց ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ ա. Միացեալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը (the United States to assume a mandate for Armenia). բ. Միացեալ Նահանգների նախագահը իրաւարարութեամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia) (2). Նշեալ հարցերն էապէս տարբեր հարցեր էին, հետեւաբար ունէին տարբեր հասցէատէրեր եւ գտնւում էին տարբեր իրաւասութիւնների շրջանակներում:

Առաջին՝ մանդատի հարցով, Փարիզի վեհաժողովը դիմում էր Միացեալ Նահանգներին՝ որպէս պետութեան: Նման խնդրանքի իրաւական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրութեան (Covenant) 22րդ յօդուածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետութիւնները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալութիւն (tutelage). Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստնաձնելիք պարտաւորութեանը, ուստի Միացեալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրութեան, պիտի ստանար ԱՄՆ սենատի <<խորհուրդն ու համաձայնութիւնը>>: Այսու, ԱՄՆ Սենատը, եւ ոչ թէ Կոնգրէսը, 1920թ. Մայիսի 24- Յունիսի 1ը քննութեան առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քուէարկութեամբ մերժեց այն: Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ չէր հանդիսանում Ազգերի լիգայի անդամ, հետեւաբար բացակայում էր այդ կազմակերպութեան անունից որեւէ գործողութիւն կատարելու համար իրաւական հիմքը:

Երկրորդ՝ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրաւարարութեամբ որոշելու հարցը, չէր գտնւում Սենատի լիազօրութիւնների շրջանակում, ուստի ԱՄՆ օրէնսդիր մարմինը չէր կարող եւ երբեւէ չի անդրադարձել այդ հարցին: Միջպետական իրաւարարութիւնը (international arbitration) միջազգային իրաւունքի հարց է եւ կառավարւում է բացառապէս միջազգային հանրային իրաւունքով: Հետեւաբար, հայցադիմումի երկրորդ կէտին, դեռեւս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց մէկ շաբաթ առաջ՝ 1920թ. Մայիսի 17ին, նախագահ Վիլսոնը տուել է դրական պատասխան եւ ստանձնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող իրաւարարի պարտականութիւններն ու լիազօրութիւնը:

Հարցի յետագայ ընթացքն համեմատաբար աւելի յայտնի է: Սան Ռեմոյի (26 Ապրիլի 1920թ.), ինչպէս նաեւ Սեւրի (10 Օգոստոսի 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրայ, ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը 1920թ. Նոյեմբերի 22ին կայացնում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների վերաբերեալ իր իրաւարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանաւորուածութեան ուժի մէջ է մտնում անմիջապէս եւ առանց նախապայմանների: Երկու օր յետոյ՝ Նոյեմբերի 24ին, վճիռը պաշտօնական հեռագրով փոխանցւում է Փարիզ՝ Խաղաղութեան վեհաժողովի եւ Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունւում է ի գիտութիւն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետութիւնը, 1920թ. Դեկտեմբերի 2ին դադարում է գոյութիւն ունենալուց:

ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃՌԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրաւարար վճիռ, եթէ իրականացուել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականօրէն <<իրաւական ուժ>> ունի, այլեւ անվեհապահօրէն պարտադիր է կատարման համար (binding document). Աւելին, իրաւարար վճիռները <<վերջնական են եւ անբեկանելի>> (final and without appeal) (3). <<իրաւարար վճիռն իրաւարարի վերջնական եւ կատարման համար պարտադիր որոշում է>> (The arbitral award is the final and binding decision by an arbitrator) (4):

Իրաւարար վճիռների վերջնական եւ անբեկանելի լինելը ամրագրուած է (codified) միջազգային իրաւունքի մէջ: Ի մասնաւորի՝ Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման # 54 եւ 1907թ. խմբագրման # 81 յօդուածներում:

Վերոշարադրեալից ակնյայտ է, որ Իրաւարար վճիռը. ա. ինքնին պարտադիր եւ անբեկանելի վճիռ է, բ. կարիք չունի ներպետական որեւէ վաւերացման կամ հաւանութեան:

Ըստ այդմ, Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնը իր Իրաւարար վճռով մէկընդմիշտ որոշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, այն ուժի մէջ է առ այսօր եւ ենթակայ չէ բեկանման:

Անդրադառնանք մի կարեւոր հարցի եւս. Իսկ ԱՄՆ իշխանական եւ հանրային կառոյցները երբեւէ՞ որեւէ՞ դիրքորոշում արտայայտել են նախագահ Վիլսոնի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող իրաւարար վճռի նկատմամբ:

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ԱՄՆի բարձրագոյն գործադիր իշխանութիւնը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրաւարար վճիռը, այլեւ վաւերացրել է այն եւ, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրէնսդրութեան մաս (the law of the land). Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնը եւ պետքարտուղար Բէյնբրիջ Քոլբին (Bainbridge Colby) իրենց ստորագրութիւններով եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ պետութեան Մեծ կնիքով (The Great Seal of the United States) վաւերացրել են իրաւարար (Arbitrator) Վուդրօ Վիլսոնի վճիռը: Ըստ միջազգային իրաւունքի, իրաւարարի անձնական ստորագրութիւնը եւ կնիքը, եթէ կայ այդպիսին, միանգամայն բաւարար է Իրաւարար վճիռի վաւերականութեան համար: Վուդրօ Վիլսոնը կարող էր բաւարարուել միայն իր ստորագրութեամբ կամ նաեւ իր՝ նախագահական, կնիքով: Այդ դէպքում վճիռը կը լինէր անհատական, թէկուզ եւ նախագահական, պարտաւորութիւն: Սակայն Իրաւարար վճիռը վաւերացուած է պետութեան մեծ կնիքով եւ ամրագրուած է այդ կնիքի պահապան (keeper) պետքարտուղարի կողմից: Ըստ այդմ, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Միացեալ Նահանգներ պետութեան անվերապահ պարտաւորութիւնն է:

ՕՐԷՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Ինչպէս նշել էի վերը, Իրաւարար վճիռները ենթակայ չեն որեւէ օրէնսդրական հաւանութեան կամ վաւերացման: Հետեւաբար, ԱՄՆ Սենատը, որին ըստ ԱՄՆ սահմանադրութեան վերապահուած է արտաքին քաղաքականութեան հարցերին անդրադառնալու իրաւունքը, երբեւէ ուղղակիօրէն քննութեան չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրաւարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակօրէն, առնուազն մէկ անգամ, արտայայտել է իր վերաբերմունքը նշեալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. Յունուարի 18ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. Օգոստոսի 6ի թուրք-ամերիկեան պայմանագրին հաւանութիւն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մէկն այն էր, որ <<թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդէպ>> (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia) (5). Այդ առիթով սենատոր Քինգը պաշտօնական յայտարարութեան մէջ շատ աւելի յստակ է արտայայտուել. <<ակնյայտօրէն Միացեալ Նահանգների կողմից ոչ ճիշտ եւ անհիմն կը լինէր հաւատ եւ յարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հաւաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողութեան ու ինքնիշխանութեան տակ պահել Վիլսոնեան Հայաստանը” (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia) (6). 1927թ. Սենատի քուէարկութիւնը միանշանակօրէն վկայում է, որ Վիլսոնի իրաւարար վճիռը 1927թ.ին վաւերական եւ իրաւական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից յետոյ իրաւական տեսանկիւնից ոչինչ չի փոխուել, հետեւաբար, այն շարունակում է ուժի մէջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոյիշեալ քննարկումն ու քուէարկութիւնը տխրահռչակ զոյգ արձանագրութիւնների մէջ վկայակոչուած <<սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից>> տարիներ յետոյ էին:

Ի դէպ ասեմ, որ առ այսօր թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք եւ այդտեղ առկայ են բազմաթիւ բաց մնացած եւ խնդրայարոյց իրաւական հարցեր:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Միացեալ Նահանգներում ամենակարեւոր հանրային կառոյցները կուսակցութիւններն են: Կուսակցութիւնների ծրագրային հիմնադրոյթները ամփոփւում են Կուսակցութիւնների հիմնածրագրի (Party Platform) մէջ, որոնք հաստատւում են կուսակցութիւնների համագումարների կողմից:

Միացեալ Նահանգների Դեմոկրատական կուսակցութիւնը (ներկա նախագահ Օբամայի կուսակցութիւնը) երկու անգամ՝ 1924թ. եւ 1928թ., պաշտօնական դիրքորոշում է արտայայտել Վիլսոնի իրաւարար վճռի նկատմամբ:

Դեմոկրատական կուսակցութիւնը 1924թ. իր ծրագրի մէջ առանձին տողով , որպէս հիմնադրոյթ-նպատակ, ամրագրել է <<Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրաւարար վճռի իրականացումը>> (Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia) (7).

Դեմոկրատական կուսակցութեան 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ եւ խօսում է ԱՄՆ որպէս պետութեան եւ Դաշնակից պետութիւնների <<խոստումների եւ պարտաւորութիւնների>> մասին. <<մենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղուած են Առաջին համաշխարհային պատերազմի եւ նրան յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների եւ դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն>>: (We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people) (8). Հայաստանի Հանրապետութեանը տուած Միացեալ Նահանգների միակ անկատար <<խոստումն ու պարտաւորութիւնը>> եղել եւ մնում է նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ:

Անդրանիկ Միհրանեան երեւոյթը դնենք մի կողմ: Նա պարզապէս առիթ էր այս ամէնն ասելու համար: Հիմա անդրադառնանք ամենակարեւոր հարցին, որն ինձ համար անպատասխան է. արդեօ՞ք աշխարհի վրայ կայ մի այլ ժողովուրդ, հայերից բացի, որ վերոյիշեալ եւ տասնապատիկ աւելի իրաւական հիմքեր ունենալուց յետոյ, յօժարակամ, մինչեւիսկ խանդավառութեամբ ու ծնծղաներով, գնայ ուրանալու սեփական Հայրենիքը եւ դրսից էլ շախ տուողներ բերի:


Արա Պապեան <<Մոդուս վիւենդի>> կեդրոնի ղեկավար

comments

Advertisement