«Ձեռքս մեկնեցի Հայերին, եւ նրանք բռնեցին այն»

By Asbarez | Thursday, 04 December 2014

 

ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐ ՖԱԹԻՀ ԱՔԻՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «The Cut» ֆիլմի ցուցադրութիւնը Թուրքիայում մեկնարկելու է:

Մինչ այդ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հարցազրոյց է տուել թուրքական «Միլլիյէթ» թերթի կայքին:

Նա նշել է, որ հայերը դրական են արձագանգել իր ֆիլմին եւ սեղմել են նրանց ուղղուած իր ձեռքը: «Սա թուրք ռեժիսոր է նկարել, ուրեմն բոլոր թուրքերը չէ, որ վատն են», Ֆաթիհ Աքինի համոզմամբ՝ հայերն այսպէս են մտածում:

Աքինը նշել է, որ այս ֆիլմը Ցեղասպանութիւնը պատմելու համար չի նկարել:

Ռեժիսորի հետ զրուցած լրագրողը նրան բնութագրում է որպէս հանգիստ, հաւասարակշռուած, առանց բարդոյթների մարդ, ով կարողանում է հանգիստ ընդունել իրեն ուղղուած քննադատութիւնը:

Աքինը նշել է, որ մինչեւ 20 տարեկանը «ցեղասպանութիւն» բառն անգամ լսած չի եղել: Եւ երբ առաջին անգամ լսել է այդ մասին, առաջին արձագանգը եղել է. «Մե՞նք, թուրքե՞րը, հնարաւոր չէ, մենք նման բան անել չէինք կարող, մենք լաւ մարդիկ ենք: Մեր ընտանիքում էլ մօտեցումն այդ կերպ էր»:

Աւելին՝ Ֆաթիհ Աքինի հայրը թուրք ազգայնական է՝ «Ազգայնական շարժում» կամ, այլ կերպ ասած, «Գորշ գայլեր»ի կուսակցութեան անդամ:

«Թեմայի առնչութեամբ շատ զգայուն էին, ագրեսիւ, խուճապահար վարք տեսայ: Դա հետաքրքրեց անշուշտ: Մտածեցի՝ այստեղ արգելուած բան կայ, խորհրդաւորութիւն կայ, մի բան կայ, որը չգիտեմ: Ես էլ հետաքրքրասէր մարդ եմ, յատկապէս՝ այդ տարիքում: Դրանից յետոյ կարդացի գտածս բոլոր գրքերը՝ նաեւ Ցեղասպանութիւնը ժխտողներինը: Բոլորը կարդացի», ասել է նա:

Աւելի ուշ, թէ՛ մայրը, թէ՛ հայրը հաւանել են այդ ֆիլմը:

Աքինը նշել է, որ իրեն շատերն են խորհուրդ տուել չանդրադառնալ այդ թեմային:

«Ասում էին՝ մի՛ արա, գլխիդ գործ կը բացես: Սակայն սա իմ կեանքն է, իմ որոշումներն են: Ի հարկէ, նաեւ կարեւոր է այն, թէ ինչպէս կ՛ընդունեն դիմացիններս: Ֆիլմի թիրախում հետեւեալ խնդիրն է՝ «նրանք են մեզ սպանել» ասող թուրք հանդիսատեսի կարծիքը փոխելը: Ֆիլմն այդպէս էր կառուցուած: Որոշակի պահից յետոյ մոռանում ես, որ նրանք քրիստոնեայ են, հայ են: Մի հայր է, որը զաւակներին է փնտռում», ասել է նա:

Աքինը նաեւ նշել է, որ իր ֆիլմին դէմ արտայայտուողներ շատ կան, բայց նրանք ֆիլմը չդիտողներն են:

«Դա ռեֆլեքս է, իսկ ֆիլմի իրական նպատակը քննարկում սկսելն է: Ֆիլմի հիմքում խօսքի ազատութիւնն է: Լաւ, դու այն ցեղասպանութիւն մի կոչիր, այսպէս կոչուած ցեղասպանութիւն ասա կամ տեղահանութիւն: Ես մտածում եմ, որ դա Ցեղասպանութիւն էր: Իմ իրաւունքը մի՛ ոտնահարիր», ասել է նա:

Հարցին, թէ նման ֆիլմը որպէս Թուրքիայի դէմ իրականացուած թշնամանք ընկալողները շա՞տ են արդեօք, Աքինը պատասխանել է. «Իրականում ճիշդ հակառակը տեղի ունեցաւ: Այս ֆիլմի վրայ աշխատելու ընթացքում որոշակի խտրականութեան հանդիպեցի: Տարբեր հայերի հետ հանդիպեցի: Հայերի որոշ խմբեր շոկ էին ապրում՝ իմանալով, որ թուրք եմ: Հարցնում էին՝ քրիստոնեա՞յ եմ, պատասխանում էի՝ ոչ: Սառն էին վերաբերւում: Հետաքրքիր էր, որ շատերն ինձ անտեսում էին, քանի որ մայրս ու հայրս թուրք են: Սակայն ֆիլմս ողջ աշխարհի հայերը շատ հաւանեցին ու դրական են արձագանգում: Նրանց ձեռք եմ մեկնել, եւ հայերը բռնել են իրենց ուղղուած իմ ձեռքը»:

Հեղինակը, սակայն նշել է, որ իր ֆիլմն Արեւմուտքում չեն հաւանել:

 

«Թերթ»


comments