«Մայրս կարծում էր, որ իր ծննդեան օրը Ապրիլի 24ին է…». Արաքս Մանսուրեան

By Asbarez | Monday, 09 February 2015

 

 

Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած ծնողների ժառանգ, յայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրեանը <<Եռագոյնին>> պատմում է.

Մեր չորս զաւակների՝ Տիգրանի, Մհերի, Սոնայի եւ իմ ծնողները, մայրս՝ Աննա Փամբուկեանը եւ հայրս՝ Եղիա Մանսուրեանը, 1915 թուականի սարսափն ապրած որբեր են եղել…

Մայրս յաճախ էր երեխաներիս՝ Շուշանին եւ Մարիամին պատմում որբանոցում ապրած իր տարիների մասին: Յիշում էր, թէ ինչպէս էր Սիմա մօր, Մարգարիտ քրոջ եւ Յովսէփ եղբօր հետ բռնել գաղթի ճամբան: Թէ ինչպէս էր մայրը մի երկաթէ դարպաս ցոյց տալով՝ ասել, որ թուրքերն իրենց հօրը, շատ այլ հայերի հետ, այրել են այդ դռան յետեւը: Պատմում էր նաեւ, թէ ինչպէս են Սիմա մայրն ու քոյրը՝ Մարգարիտը, ճանապարհին մահանում: Միայն եղբայրն է մի կերպ փրկւում ու հասնում Բրազիլիա…

Մայրս էլ երբեք չտեսաւ իր եղբօրը…

Ինչքան յիշում եմ, այդ ժամանակ մայրս 3 տարեկան է եղել: Նա մեծացել է Սիրիայի Համա քաղաքի որբանոցում:

Հայրիկիս մասին բան չեմ կարող ասել, որովհետեւ երբ նա մահացաւ, ես 12 տարեկան էի…

Հայաստանում, ամէն Ապրիլի 24ին մայրս, փոքրիկ Շուշանիս եւ Մարիամիս ձեռքերն իր ափերի մէջ դնելով, քայլում էր դէպի Եղեռնի յուշարձան… Մենք՝ չորս զաւակներս գիտէինք, որ մօրս ծննդեան թիւը յայտնի չէ: Այդ պատճառով նա ասում էր, որ Ապրիլի 24ին է ծնուել…

 


comments