Ներքին Պատերազմը Սկսուած Է

By Asbarez | Friday, 13 February 2015

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

 

 

ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, որն ամբողջութեամբ վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանին, այլ կերպ, քան վերջինիս կողմից նախագահին նետուած ձեռնոցը վերցնելու եւ ԲՀԿ ղեկավարի <<դէմքին նետելու>> քայլ, դժուար է որակել: Հայաստանում այլեւս նոր, խիստ անկանխատեսելի ելքով յղի քաղաքական իրավիճակ է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԹԷ ԻՐԱՒԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Սերժ Սարգսեանը պատերազմ յայտարարեց անձամբ Գագիկ Ծառուկեանին՝ նշելով, որ նա չարիք է երկրի, քաղաքական դաշտի համար, իսկ չարիքից, ինչպէս յայտնի է, փորձում են ազատուել, որքան հնարաւոր է շուտ: Եւ ազատուելու համար Սերժ Սարգսեանն ընտրեց ամենակարճ եւ հատու ճանապարհը՝ քրէական եւ տնտեսական հետապնդում սկսելը: Նա Ծառուկեանին ազատեց ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի անդամի կարգավիճակից, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցութեանը հրահանգեց բացակայութիւնների հիման վրայ սկսել Ծառուկեանին պատգամաւորական մանդատից (լիազօրութենէ-Խմբ.) զրկելու գործընթացը, վարչապետին յանձնարարեց փաստացի տոտալ (համընդհանուր-Խմբ.) ստուգումներ սկսել Ծառուկեանին պատկանող բիզնեսներում, այսօր իր կողմից հրաւիրուող ԱԱԽի նիստի շրջանակում կը հրահանգի ուսումնասիրել Ծառուկեանի կողմից <<քրէական յանցագործութիւնները պրոֆեսիոնալ կերպով քօղարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգուած լուրերը>>: Սա նշանակում է, որ բացուելու են թղթապանակները, <<գզրոցներից>> հանուելու են կոմպրոմատային (վարկաբեկիչ՝ ի հարկին օգտագործուող-Խմբ.) նշանակութեան գործեր, եւ պայքարը Ծառուկեանի դէմ լինելու է ոչ այնքան քաղաքական, որքան իրաւական հարթութեան վրայ:

ԹԻՐԱԽՈՒՄ ՔՈՉԱՐԵԱ՞ՆՆ Է, ԾԱՌՈՒԿԵԱ՞ՆԸ, ԹԷ ԲՀԿ-Ն

Եթէ խնդիրը Քոչարեան-Սարգսեան սրուող դիմակայութիւնն է, ապա պէտք է ենթադրել, որ թիրախում ոչ թէ զուտ անձամբ Ծառուկեանն է, ինչպէս ներկայացւում է, այլ ԲՀԿն՝ ամբողջութեամբ: Որ առանցքում կարող է ԲՀԿն <<պայթեցնելու>> սցենարը լինել, վկայում է այն հանգամանքը, որ նախագահը, ընտրելով հանդերձ արագ եւ միանգամից գործելու, այսպէս կոչուած՝ <<բլից քրիգ>>ի մարտավարութիւնը, նախ յայտարարում է իր անելիքների մասին, ապա նոր, փաստօրէն, անդրադառնում դրանց իրագործմանը: Այսպիսի մօտեցումը կարող է տրամաբանական լինել միայն այն դէպքում, եթէ նպատակը <<հակառակորդ>>ի ճամբարում խուճապի եւ դասալքութեան սերմեր ցանելն է, որը կոնկրետ այս դէպքում դրսեւորւում է Ծառուկեանին շրջապատող գործարար շրջանակներին կողմնորոշուելու եւ <<ռացիոնալ>> ընտրութիւն կատարելու ժամանակ տալու միջոցով: Նախագահն իր ելոյթում պատահական չի նշում, թէ ԲՀԿում կան ուժեր եւ անհատներ, որոնց հետ կարող են աշխատել, ինչը բաց ակնարկ է առ այն, որ եթէ ԲՀԿում ծուարած բիզնեսմեններն ու կիսաօլիգարխիկ շրջանակները չեն ցանկանում խորտակուել տորպեդահարուող (արկահարուող-Խմբ.) ծառուկեանական նաւի կառամատոյցին, ապա ճիշդը խորտակուող նաւը լքելն է: Սա կարող է ԲՀԿից առնետավազքի տեղիք տալ, պառակտում առաջացնել Ծառուկեանի թիկունքում:


Թէեւ մի կողմից սա հնարաւորութիւն է ԲՀԿ ղեկավարի համար՝ թիմը անվստահելիներից ազատելու եւ կուսակցութիւնը քաղաքական օրգանիզմ դարձնելու առումով, սակայն նաեւ շատ լուրջ ռեսուրսի (օժանդակող միջոցի-Խմբ.) կորուստ կը լինի, եթէ, ի հարկէ, դրա անհրաժեշտութիւնը Ծառուկեանն առհասարակ ունենայ՝ հաշուի առնելով, որ այդ ընթացքում կարող է նաեւ ձերբակալուել: Նման սցենարը կը կանխորոշի այլընտրանքի խաղն առհասարակ կամ այն կը տեղափոխի որակապես նոր հարթութիւն՝ հաշուի առնելով, որ ԲՀԿին շրջապատող ուժերը, յատկապէս՝ ՀԱԿն ու <<Ժառանգութիւնը>> (վերջինս՝ մասամբ) կը ձգտեն այդ դէպքում Ծառուկեանից քաղաքական հալածեալի կերպար ձեւաւորել եւ դա դարձնել պայքարի լէյտմոտիվ (կրկնուող հիմնական միտք-Խմբ.): Որպէսզի իշխանութիւնը դա թոյլ չտայ, պէտք է Ծառուկեանի՝ հարկերից խուսափելու, քրէական յանցագործութիւններ կատարելու այնպիսի անհերքելի փաստեր ներկայացնել, որոնք անհնարին կը դարձնեն նրա կողքին կանգնելու՝ անգամ տեսական հնարաւորութիւնը:

Միւս կողմից՝ չի կարելի բացառել նաեւ, որ խնդիրը ոչ թէ ԲՀԿից, այլ անձամբ Ծառուկեանից ազատուելու մէջ է: Այնուամենայնիւ, թէ՛ Սերժ Սարգսեանը եւ թէ ՀՀԿն խօսում են ոչ թէ ԲՀԿի, այլ հէնց Ծառուկեանի՝ չարիք լինելու եւ քաղաքականութիւնը նրանից ազատելու մասին: Սերժ Սարգսեանի այն յայտարարութիւնները, թէ փաստացի ինքն է հանդիսացել Ծառուկեանի հովանաւորը, նրան <<աճեցնողը>>, նրա կապրիզները (քմահաճութիւնները-Խմբ.) համբերատար տանողը, խօսում է այն մասին, որ Ծառուկեանի վերջին գործողութիւնների ու յայտարարութիւնների տակ տեսնում է իշխանութեան եւ անձամբ իր վերահսկողութիւնից դուրս գալու, աւելին՝ արդէն իր դիրքերին սպառնալիք դառնալու միտում ու փորձում է, պոկելով ԲՀԿի գլուխը, վերացնելով իր համար այդ պոտենցիալ (ուժական-Խմբ.) վտանգաւոր էլեմենտը (տարրը-Խմբ.), չափաւորել ԲՀԿի յաւակնութիւնները՝ նրան դիտարկելով որպէս ուժեղ, բայց կառավարելի ընդդիմութիւն: Այս դէպքում հարուածը կը հասցուի ԲՀԿի քաղաքական կամ արմատական թեւին, ինչը նշանակում է, որ իշխանութիւնը շահագրգռուած չի լինի այնտեղից լուրջ արտահոսքով:

ԻՆՉՈ՞Ւ ԱՊՐԻԼԻ 24ԻՑ ԱՌԱՋ

Ծառուկեանին <<նուիրուած>>՝ Սերժ Սարգսեանի ելոյթը բազմաթիւ հարցեր է առաջացրել, նաեւ՝ թէ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ նման կտրուկ գործողութիւնների անցնելու համար ընտրուեց հէնց այս պահը: Դժուար է հաւատալ, որ դա պայմանաւորուած էր զուտ Փետրուարի 5ին Ծառուկեանի ելոյթն այդքան ծանր տանելու հանգամանքով: Առջեւում Ապրիլի 24ն է, եւ դա պէտք է որ լրջագոյն զսպող հանգամանք լինէր, մանաւանդ, որ Ծառուկեանը ոչ մի ակնարկ չէր արել մինչ այդ ինչ որ շրջադարձային գործընթացներ սկսելու մասին: Եթէ, այդքանով հանդերձ, Սերժ Սարգսեանը սպասել չի ցանկանում եւ դիմում է մի քայլի, որն, ըստ էութեան, նշանակում է գնալ <<վա բանկ>> եւ ներքաղաքական իրավիճակի հնարաւոր սուր ապակայունացման՝ բախումների միանգամայն հնարաւոր հեռանկարով, նշանակում է դրա համար ունի առաւել քան լուրջ պատճառներ: Որո՞նք են դրանք, թերեւս պարզ կը լինի առաջիկայում:

Ի հարկէ, կարելի է Սերժ Սարգսեանի ելոյթում տեսնել Ծառուկեանին անձնաւորելու ընդգծուած միտում: Մանաւանդ՝ այն առումով, որ նրան ուղղուած որոշ որակումներ ու գնահատականներ հանգիստ կարող էր տալ նաեւ իր թիմակիցներից շատերին: Գոնէ քաղաքականութիւնն ապաքաղաքական տարրերից մաքրելու մտադրութեան մասով թերեւս նաեւ ՀՀԿի ներսը նայելու եւ այնտեղ եւս վերանայումներ կատարելու անհրաժեշտութիւն կայ, որը չանելու դէպքում ոչ օբյեկտիւ գտնուելու հետ կապուած հարցերը կարող են մնալ ՀՀԿի կոկորդում եւ լայն հասարակութեանը թոյլ տալ մտածել, թէ այս ամէնն ընդամէնը ուղղուած է ուժեղ մրցակցից ազատուելուն:

Պէտք է, ի վերջոյ, հասկանալ՝ սկզբունքը <<Ծառուկեա՞ն չարիքից>> ազատուելն է, թէ, առհասարակ, քաղաքականութիւնից <<հարուստ տգիտութիւնը>> վերացնելը կամ բոլոր քրէական ու տնտեսական յանցագործներին բացայայտելը՝ անկախ կուսակցական պատկանելութիւնից: Հետեւաբար, պէտք է յուսալ, որ սրանով սկսւում է վերաարժեւորման շատ աւելի մասշտաբային մի պրոցես (գործընթաց-Խմբ.)՝ դուրս զուտ հակածառուկեանականութեան նեղ սահմաններից:

Յ.Գ.- Այս ամէնում խիստ հետաքրքրական է դառնում նաեւ վարչապետ Յովիկ Աբրահամեանի գործօնը: Նախագահը նրան հերթական փորձութեանն է ենթարկում՝ հէնց նրան յանձնարարելով գտնել իր խնամու կողմից հարկային պարտաւորութիւններից խուսափելու կոնկրետ փաստեր եւ ներկայացնել: Սերժ Սարգսեանը Աբրահամեանին հանում է Ծառուկեանի դէմ՝ նրան կանգնեցնելով կոնկրետ ընտրութիւն կատարելու խնդրի առջեւ՝ հրաժարական կամ Ծառուկեանից <<հրաժարում>>: Աբրահամեանը, կարծես, կատարել է ընտրութիւնը՝ Փետրուարի 9ին Ծառուկեանին ուղղուած սթափութեան եւ կուսակցութեանը սանձելու յայտնի կոչով, որով առաջին հերթին հաւաստեց հաւատարմութիւնը նախագահին: Մարդկայնօրէն կարելի է հասկանալ Աբրահամեանի վիճակը: Հարցն այն է՝ կը հասկանա՞յ նրան խնամին:

 

comments

Advertisement