Համշէնցիների՝ Մայրենի Լեզուով Կրթութեան Պայքարը

By Asbarez | Friday, 28 August 2015

0826hamshen

Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Ուսումնասիրող Հուրիյէ Շահինն ուշադրութիւն է հրաւիրում համշէնցիների՝ մայրենի լեզուով կրթութեան խնդրի վրայ: Շահինն ասում է. <<Մենք պէտք է համշէնահայերի մայրենի լեզուով կրթութեան մէջ կիրառելի գրաւոր նիւթ ստեղծենք, որպէսզի համշէնցիների օգտագործած հայերէնը պահպանուի>>:
Հուրիյէ Շահինն իրեն որպէս <<համշէնցի հայ>> բնութագրող մի ուսումնասիրող, գրող եւ ակտիւիստ է՝ ծնուած Արդուինի Հոպայում: Շահինի հեղինակած <<Ինչպէ՞ս Է Ուծացման Քաղաքականութիւնը Վերացնում Լեզուները. Ի Մասնաւորի Հայոց Պատմութիւնը Եւ Համշէնի Հայերը>> վերնագրով գիրքը հրատարակուել է <<Եոլդա Քիթափ>> հրատարակչութեան կողմից: Հուրիյէ Շահինի հետ զրուցեցինք պատմութեան ընթացքում Համշէնի եւ համշէնահայութեան գլխին եկածների մասին:
Հուրիյէ Շահինն ամէնից առաջ խօսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անուանումը հայկական <<Համշէնն>> է, եւ որն ասիմիլացիոն (ձուլման-Խմբ.) քաղաքականութեան հետեւանքով վերածուել է <<Հեմշին>>ի: <<Ներկայիս Ռիզէն, Հեմշինը, Չամլըհեմշինը եւ Փազարն իրականում Համշէնի շրջանն են: Սակայն համշէնցիները չեն ապրել միայն այս կողմերում: Մի հայկական ցեղ եղող համշէնցիները բնակւում էին նաեւ Արդուինի Հոպա եւ Բորչկա գաւառներում: Դարեր տեւած ուծացման եւ ճնշման քաղաքականութեան պատճառով համշէնցիներ են ապրում Թուրքիայի չորս ծագերում՝ Ադափազարից մինչեւ Ստամբուլ, Անկարայից մինչեւ Իզմիր>>:

ՍՓԻՒՌՔԻ
ԿԱԶՄԱՒՈՐՈՒՄ

Հուրիյէ Շահինը հետեւեալ խօսքերով ուշադրութիւն է հրաւիրում նաեւ Թուրքիայից դուրս գտնուող համշէնցիների վրայ. <<Այսօրուայ Աբխազիայում բազմաթիւ համշէնցիներ են բնակւում՝ 1700ականներին համշէնցիների հանդէպ իրագործուած օսմանեան կոտորածներից մազապուրծ: Նրանց մի մասն էլ Հայաստան է անցել պատմութեան ընթացքում: Ներկայում Հայաստանում հրատարակւում է <<Ձայն Համշէնական>> ամսաթերթը: Վրաստանի Բաթում քաղաքում եւս առկայ են իսլամացած համշէնցիների 5 գիւղեր, որոնց բնակչութիւնը Ստալինի օրօք աքսորուել էր Ղազախստան եւ Կիրգիզիա: Յետագայում վերստին վերադարձել են Աբխազիա եւ Վրաստան: Բացի այդ, համշէնցիներ կան նաեւ ԱՄՆում եւ Եւրոպայում: Նրանք կազմակերպուելու՝ դեռեւս նախնական ջանքեր են գործադրում, սակայն առայժմ կապեր չունեն Թուրքիայում եւ Կովկասում ապրող համշէնցիների հետ: Հետեւաբար, դեռեւս անհնար է խօսել Եւրոպայում եւ Ամերիկայում համշէնցիների սփիւռքի գոյութեան մասին>>: Հուրիյէ Շահինը, իր նոր գրքից բացի, նաեւ հանդէս է հրապարակում՝ <<Համշենցու Գոր>> անուամբ, որը տարածում է Համշէնում ու Հոպայում: Սոյն ամսագրում տեղ գտած բազմաթիւ տեղեկութիւններն էլ ձեռք է բերում Ռիզէում, Համշէնում եւ Հոպայում ապրող համշէնցիներից: <<Գիւղ առ գիւղ շրջել եմ համշենցիների հետ առնչուող տարածքներում, մինչ այժմ ոչ մի բացասական արձագանգ չեմ ստացել: Գրքումս եւ հանդէսում հրապարակուած տեղեկութիւնների մեծ մասին հասու եմ դարձել համշէնցիների բնակած գիւղերում կատարած ուսումնասիրութիւններիս շնորհիւ>>: Հուրիյէ Շահինը շեշտելով, որ համշէնցիները զգայուն են իրենց պատմութեան եւ ինքնութեան նկատմամբ, հէնց իր ընտանիքից է մի օրինակ բերում. <<Իմ պապերը, չնայած ուծացման զոհը լինելուն, զգայուն էին սեփական ինքնութեան հանդէպ: Իմ պապից լսածներիս շնորհիւ է, որ ես էլ եմ զգայուն իմ համշէնական եւ հայկական ինքնութեան նկատմամբ: Մեր պապերն են մեզ պատմել, թէ 1915թ. ինչպէս է Արդուինում իրագործուել Հայոց Ցեղասպանութիւնը: Արդուինի Արդանուչ գաւառի մօտակայքում մի ժայռ կայ: Ամէն անգամ, երբ եայլա բարձրանալիս այդ մասով էինք անցնում, պապս իջնում էր աւտոմեքենայից եւ ասում. <<Հայերին այս ժայռից ներքեւ գցելով են ոչնչացրել>>:
Հուրիյէ Շահինը նշելով, որ համշէնցիները միշտ իրար մէջ քննարկել են իրենց հայ լինել-չլինելու հարցը, յայտնում է. <<Համշէնցիները վերջին տարիներին աւելի հանգիստ են արտայայտւում իրենց ինքնութեան մասին: Նրանք շատ զգայուն են յատկապէս լեզուի հարցում: Անգամ Ազգայնական շարժում կուսակցութեան անդամ եղող համշէնցիները համշէնահայերէն են խօսում եւ շատ զգայուն են իրենց լեզուի հանդէպ: Նրանք ասում են՝ թուրք ենք, բայց համշէներէն են խօսում: Հէնց լեզուի նկատմամբ այդ զգայուն լինելն է համշէնական ինքնութեան չվերանալու պատճառը>>:

ԿՐԹՈՒԹԻՒՆ՝
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՈՎ

Սակայն համշէներէնը, որի հանդէպ շատ զգայուն են համշէնցիները, այսօր կանգնած է լուրջ մարտահրաւէրների առջեւ: Շահինը հետեւեալ կերպ է բացատրում այդ խնդիրը. <<Առկայ է համշէնցիների մայրենի լեզուով կրթութեան խնդիրը: Դեռեւս չենք դիմել մայրենի լեզուով կրթութիւն ստանալու հարցով, որովհետեւ դրա համար մեր ձեռքին առայժմ գրաւոր նիւթ չկայ>>: Շահինն ընդգծում է, որ թէ՛ <<Համշէնցու Գոր>> ամսագիրը եւ թէ իր հեղինակած գիրքը նախնական աշխատանքներ են տանում՝ մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր ստեղծելու ուղղութեամբ:
Շահինը շեշտելով, որ համշէնցիների հետ նոյն շրջաններում ապրող լազերը լուրջ նիւթեր են ձեռք բերել՝ իրենց մայրենի լեզուով կրթութեան հարցում, նշում է. <<Մենք առօրեայ կեանքում հաղորդակցւում ենք մեր լեզուով, սակայն մեր խօսած լեզուն դասական հայերէնն է, եւ այն բաւականին տարբերւում է ներկայում Հայաստանում կամ Ռուսաստանում խօսուող հայերէնից: Հետեւաբար, մենք ինքներս պէտք է ստեղծենք մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր: Հէնց այդ նպատակով ենք հրապարակում <<Համշէնցու Գոր>> հանդէսը: Սակայն որոշ համշէնցի ընկերներ անհանգստութիւն են ապրում, երբ համշէնական ինքնութիւնը կապւում է հայկականի հետ: Եւ որպէս փաստարկ էլ մատնանշում են համշէնցիների մուսուլման լինելը: Այնինչ, իրականութիւնը շատ տարբեր է դրանից>>:

ՈՉ ԹԷ ԿՐՕՆ,
ԱՅԼ՝ ԼԵԶՈՒ

Համշէնցիների առնչութեամբ՝ նաեւ <<իսլամացուած հայեր>>ի թեմային անդրադարձած Շահինը նշում է. <<Աշխարհում այլ հանրութիւններ էլ են կան, որոնք միաւորուած են ոչ թէ կրօնով, այլ՝ լեզուով: Օրինակ՝ արաբները: Կրօնը չպէտք է խառնել էթնիկ ծագման հետ: Ինչպէս որ առկայ են տարբեր քրիստոնեայ ուղղութիւնների հետեւորդ հայեր, այնպէս էլ կան քրիստոնեայ չեղող հայեր: <<Մուսուլման հայ չի կարող լինել>> պնդումը ճիշդ եւ գիտական մօտեցում չէ: Մենք պարտաւոր ենք այս ոչ շահաւէտ դրութիւնը յաղթահարել: Պէտք է, որպէս հայեր եւ համշէնցիներ, առաջնային պլան մղենք ոչ թէ մեր կրօնը, այլ՝ լեզուն>>:
Հուրիյէ Շահինը կոնկրետ առաջարկ ունի՝ ուղղուած բոլոր հայերին եւ համշէնցիներին. <<Առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լաւ պատրաստուած եւ համապարփակ համշէնցիների կոնֆերանս անենք եւ բացայայտ կերպով քննարկենք մեր բոլոր խնդիրները>>:

Akunq.net

 

comments